Մատչելիության հղումներ

Հադրութի կորուստը․ պատերազմի երրորդ շաբաթը


Արցախ - Այրված տանկ Հադրութի մատույցներում, 25-ը նոյեմբերի, 2020թ.

«Ազատությունն» ամփոփել է 44-օրյա պատերազմն ըստ 6 շաբաթների։ Առաջին մասում ներկայացվել է պատերազմի մեկնարկը, Մատաղիսի անկման շուրջ հակասական մեկնաբանություններն ու թուրքական գործոնի ընդգծումը։ Երկրորդ մասում «Ազատությունը» պատմում է Ջաբրայիլի անկման, Հադրութում գործողությունների մասին: Երրորդ մասը նվիրված է Հադրութի կորստին և հաջորդած իրադարձություններին:

Մարտական գործողություններ ճակատային գծի ողջ երկայնքով

44-օրյա պատերազմի երրորդ շաբաթը մեկնարկեց ինչպես և նախորդ երկուսը՝ մարտական գործողություններ ճակատային գծի ողջ երկայնքով և փոխադարձ հրթիռակոծություններ։

Ադրբեջան - Հրթիռակոծված Գյանջան, 11-ը հոկտեմբերի, 2020թ.
Ադրբեջան - Հրթիռակոծված Գյանջան, 11-ը հոկտեմբերի, 2020թ.

Պատերազմի 15-րդ օրը՝ մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ, հայկական հեռահար հրետանու թիրախում հայտնվեց Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Գյանջան։ Պաշտոնական Բաքուն պնդում էր, որ հայերը հրթիռակոծել են քաղաքի կենտրոնական թաղամասերը, ինչի հետևանքով տասից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել։

Հոկտեմբերի 11-ի կեսօրին օտարերկրյա լրագրողների ուղեկցությամբ Գյանջա ժամանեց պատերազմի ընթացքում միջազգային հանրությանն ամենօրյա ռեժիմով Բաքվի տեսակետները ներկայացնող գլխավոր ադրբեջանցի պաշտոնյան՝ Հիքմեթ Հաջիևը։

«[Հարձակման] ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ մասնավորաբար Փաշինյանը և պաշտպանության նախարար Տոնոյանը», - հայտարարում էր Հաջիևը։

Հադրութն ընկավ, Երևանը և Ստեփանակերտն այդպես էլ պաշտոնապես չհաստատեցին

2020 թվականի հոկտեմբերի 11-ին, սակայն, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ուշադրությունը կենտրոնացած էր ոչ թե Գյանջայում, այլ Ղարաբաղի հարավում՝ Հադրութում ծավալվող իրադարձությունների վրա։ Այս քաղաքի գրավման մասին Իլհամ Ալիևը հայտարարել էր դեռ հոկտեմբերի 9-ին՝ որևէ փաստական ապացույց չներկայացնելով։ Հայկական կողմը սկզբում կտրականապես մերժում էր ադրբեջանական կողմի պնդումների իսկությունը՝ չհերքելով, այդուհանդերձ, որ Հադրութի մերձակա հատվածներում որոշ բախումներ եղել են։

Դրանց առաջին վկայությունը դարձավ հոկտեմբերի 10-ին Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի հրապարակած տեսանյութը, որ վերնագրված էր՝ «Հադրութ քաղաքի ուղղությամբ թշնամու գրոհն այսօր ետ մղած մեր քաջարի տղաների հետ»:

Հարությունյանը, սակայն, չէր հստակեցնում՝ արդյո՞ք Հադրութի ուղղությամբ ադրբեջանական այդ հարձակումը հաջողվել է վերջնականապես չեզոքացնել, թե՞՝ ոչ։ Տեսանյութի հրապարակման հաջորդ օրը պարզվեց, որ չնայած Ստեփանակերտից և Երևանից հնչող լավատեսական հայտարարություններին, Հադրութի առնվազն մի մասից հայկական ուժերը դուրս են մղվել։ Այդ փաստն առաջինը հաստատեցին Russia Today հեռուստաալիքի լրագրողները, որոնց հոկտեմբերի 11-ի կեսօրին ընդամենը մի քանի րոպեով հայ զինվորականների ուղեկցությամբ հաջողվել էր մուտք գործել Հադրութ։

Արցախ, Հադրութ, նոյեմբեր, 2020թ.
Արցախ, Հադրութ, նոյեմբեր, 2020թ.

«Քաղաքն ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ չէ, առնվազն՝ ոչ ամբողջությամբ», - Հադրութից վերադառնալուց անմիջապես հետո Twitter-ում գրում էր լրագրող Իգոր Ժդանովը։

Russia Today-ի ռեպորտաժից մի քանի ժամ անց Ստեփանակերտում ստիպված էին խոստովանել՝ ադրբեջանցիները դեռ Հադրութի մերձակայքում են։ Հոկտեմբերի 11-ի երեկոյան հրավիրված ասուլիսի ժամանակ Արայիկ Հարությունյանը լրագրողներին էր ներկայացնում Հադրութի շուրջ ծավալվող իրադարձությունների սեփական վարկածը։ Լեռնային Ղարաբաղի նախագահի պնդմամբ՝ ադրբեջանական կողմը, Մոսկվայում արտգործնախարարների եռակողմ բանակցություններին զուգահեռ, դիվերսիոն խմբերի միջոցով փորձել էր գրավել Հադրութը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 2020թ. հոկտեմբերի 11-ի ասուլիսի ժամանակ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 2020թ. հոկտեմբերի 11-ի ասուլիսի ժամանակ

«Հաջողվել է նրանց այդ խմբերը մտցնել Հադրութ քաղաք և Հադրութ մոտակա տարածք, առաջին փուլում իրականացնել ինչ-որ դիվերսիոն գործողություններ։ Բայց արդյունքում մեզ հաջողվել է վերաձևավորել, վերաձևակերպել, վերադասավորվել, և այսօր Հադրութ քաղաքի վարչակազմի ղեկավարը գտնվում է Հադրութ քաղաքի վարչակազմի շենքում», - հայտարարում էր Լեռնային Ղարաբաղի նախագահը։

Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը, մինչդեռ, «Ազատության» հոկտեմբերի 12-ի եթերում հայտարարում էր՝ «Հադրութի շուրջ իրավիճակը գնալով սրվում է»։

«Այս պահի դրությամբ և՛ Հադրութի ուղղությամբ, և՛ հարավային ուղղությամբ Ադրբեջանի բանակը շարունակում է նախահարձակ գործողություններ իրականացնել, որին համաչափ պատասխան է տալիս Պաշտպանության բանակը», - նշում էր Ղարաբաղի նախագահի խոսնակը։

Պաշտոնական Բաքուն Վահրամ Պողոսյանի այս հայտարարությունը աբսուրդային որակեց՝ պնդելով, թե ադրբեջանական բանակը չի կարող գրոհել մի բնակավայր, որն արդեն իսկ իր վերահսկողության տակ է գտնվում։ «Հիշեցնում ենք, որ Հադրութն ազատագրվել է մի քանի օր առաջ», - նշված էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության հոկտեմբերի 12-ի թվիթերյան գրառման մեջ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 13-ին տեսագրություն հրապարակեց, որը ոչ թե բուն Հադրութ քաղաքից էր, այլ այն շրջապատող բարձունքներից և հարակից գյուղերից։ Ադրբեջանական զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները, օգտվելով Ջաբրայիլի մոտ ռազմաճակատի ճեղքումից և միասնական պաշտպանական բնագծի փաստացի բացակայությունից, Հադրութին էին մոտեցել թիկունքից՝ նախ գրավելով քաղաքից հյուսիս-արևմուտք գտնվող իշխող բարձունքները։

Բուն Հադրութ քաղաքում արված առաջին տեսագրությունը Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հրապարակեց 2020-ի հոկտեմբերի 16-ին։ Քաղաքում կատաղի մարտերի՝ մասնավորաբար հրետակոծության հետքեր գրեթե չկային։ Շենքերի կտուրներն ու պատուհանների ապակիները վնասված չէին, քաղաքում գործող պետական հիմնարկներում անգամ թղթապանակները տեղաշարժված չէին։ Ակնհայտ էր՝ Հադրութի բնակիչները քաղաքը լքել էին վերջին պահին։ Ոմանց, սակայն, դա չէր հաջողվել։

Արցախ - Ադրբեջանցի զինծառայողները Հադրութում, նոյեմբեր, 2020թ.
Արցախ - Ադրբեջանցի զինծառայողները Հադրութում, նոյեմբեր, 2020թ.

Հադրութի շրջանի բնակիչների՝ 73-ամյա Բենիկ Հակոբյանի և 25-ամյա Յուրի Ադամյանի գերեվարման ու գնդակահարության տեսանյութը ադրբեջանական Տելեգրամ ալիքներում սկսեց շրջանառվել հոկտեմբերի 15-ին։ Պաշտոնական Բաքուն, այնուհանդերձ, հայտարարում էր, որ այն կեղծ է, և կիսաքաղաքացիական-կիսառազմական հագուստով այդ երկու տղամարդկանց սպանությունը բեմադրված է հայերի կողմից։

Անկախ հետաքննություններով զբաղվող Bellingcat կայքը, սակայն, նույն օրը, արագորեն ուսումնասիրելով սոցցանցերում շրջանառվող տեսանյութը, միանշանակ եզրակացրեց՝ այն իրական է։ Ավելին, Bellingcat-ի մասնագետներին հաջողվել էր պարզել հադրութցի հայերի գնդակահարության կոնկրետ օրն ու ժամը՝ հոկտեմբերի 14-ի ցերեկը ժամը 3-ի սահմաններում։

Մի քանի օր անց, Bellingcat-ի եզրակացությունները հաստատեց նաև բրիտանական BBC-ն։ Հակոբյանի և Ադամյանի գնդակահարությունը դարձավ այն վերջին դրվագը, որից հետո արդեն որևէ կասկած չկար՝ Հադրութն այլևս հայկական չէ։

Ոչ Երևանը և ոչ էլ Ստեփանակերտը այդպես էլ պաշտոնապես չհաստատեցին Հադրութի կորուստը։ Փոխարենը, հենց Հադրութի անկումից հետո էր, որ հայկական կողմը մի նոր քարոզչական հնարք դրեց շրջանառության մեջ, որի համաձայն՝ ադրբեջանական զորքերը այս կամ այն հայկական բնակավայրը գրավում են ոչ այնքան մարտավարական, որքան PR նպատակներից ելնելով։

«Տեղեկատվա-դիվերսիոն համատեղ օպերացիա»

«Շատ հաճախ ադրբեջանցիները կիրառում են տեղեկատվա-դիվերսիոն համատեղ օպերացիա։ Գնում են մեծ ռազմաճակատային բնակավայր, մտնում նկարվում, դրոշը դնում։ Հետո մերոնք հակահարված են իրականացնում կամ նույնիսկ սովորական հրետանին խփում է, իրենք փախնում են էդտեղից։ Բայց կարևորն այն է, որ այդ նկարը դրոշով հայտնվեց ցանցում։ Նման բաները պրակտիկ զինվորական նշանակություն չունեն։ Դա գովազդային բան է։ Իսկ ինչո՞ւ է դա իրենց պետք։ Պարզ չէ՞՝ որովհետև էական, շոշափելի հաջողություն չունեն», - «Ազատության» 2020-ի հոկտեմբերի 14-ի եթերում պնդում էր ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Լավրովն ուրվագծեց պատերազմի դադարեցման ճանապարհային քարտեզը

Պատերազմի 18-րդ օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մոսկովյան երեք ռադիոկայանների ղեկավարների հետ զրույցում հստակորեն ուրվագծեց այն ճանապարհային քարտեզը, որի իրագործումը հնարավոր կդարձնի պատերազմի դադարեցումը։ Դա մոտավորապես այն նույն ծրագիրն էր, որ դեռ 2015-ից հայտնի էր որպես «Լավրովյան պլան»։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

«Քաղաքական կարգավորումն իհարկե հնարավոր է։ Այն առաջարկները, որոնք մշակել են և շարունակում են մշակել համանախագահները, բանակցային սեղանի վրա են։ Դրանց բովանդակությունը հայտնի է։ Դա Ղարաբաղին հարող շրջանների փուլային, աստիճանաբար ազատագրումն է՝ Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ հանդերձ։ Բացի այդ, քանի դեռ չի հստակեցվել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, կայուն կապ է ապահովվում Հայաստանի և Ղարաբաղի միջև», - հայտարարում էր Ռուսաստանի արտգործնախարարը։

«Բոլոր պայմանավորվածությունները, որ վերջին շրջանում քննարկվում էին և որոնք կողմերը լրջորեն էին ընկալում, առաջին փուլում հինգ շրջանների ազատագրում էին ենթադրում՝ երկու շրջանների պահպանմամբ երկրորդ փուլի համար», - հայտարարում էր Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը՝ նշելով, որ կարգավորման երկրորդ փուլում պետք է հստակեցվի նաև Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։

2020-ի հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի արտգործնախարարը խոսում էր նաև հակամարտության գոտում խաղաղապահների հնարավոր տեղակայման մասին, նշելով, սակայն, որ քանի դեռ ռազմական գործողությունները շարունակվում են, հարկավոր է դրանց դադարեցման հստակ մեխանիզմ մշակել՝ նախ և առաջ ռազմական դիտորդներ ուղարկել շփման գիծ։ Լավրովը խոստովանում էր՝ Մոսկվայում դեմ չէին լինի, եթե այդ դիտորդները ռուսաստանցիներ լինեն. - «Կարծում եմ՝ միանգամայն ճիշտ կլիներ, որ այդ ռազմական դիտորդները մերոնցից լինեն։ Վերջին խոսքը, սակայն, կողմերինն է»։

Երևանում դեմ են

Երևանում, մինչդեռ, Լավրովի պլանին դեմ էին։ Դեմ էին մինչև պատերազմը, դեմ էին պատերազմի առաջին օրերին, երբ շփման գիծը էական փոփոխության չէր ենթարկվել, դեմ էին նաև պատերազմի 18-րդ օրը, երբ հարավային ճակատը որպես այդպիսին այլևս գոյություն չուներ։

Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 14-ին հեռարձակված ուղերձը միանշանակ էր՝ չնայած ռազմի դաշտում տիրող ծանր կացությանը, Երևանում փոխզիջումների հակված չեն և պահանջում են հստակեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։

«Սա ճակատագրական պատերազմ է մեր ժողովրդի համար։ Հայ ժողովուրդը այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին և հասնել անշրջելի հաղթանակի, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման», - պատերազմի 18-րդ օրը հայտարարում էր Հայաստանի վարչապետը։

Վարչապետի այս ելույթի ևս մեկ ուշագրավ դրվագը պատմական զուգահեռներն էին։ Փաշինյանը թափանցիկորեն ակնարկում էր, որ Երևանի դաշնակիցները Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները փորձում են բավարարել Հայաստանի հաշվին՝ ճիշտ այնպես, ինչպես Եվրոպայում արվում էր նախորդ դարի 30-ականներին։ «Ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող երկրները պատշաճ չգնահատեցին վտանգը՝ հարցը շարունակելով դիտել միայն Ղարաբաղի հակամարտության համատեքստում՝ ըստ էության, համարելով, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևն է, որ կարող է փրկել իրադրությունը», - համոզված էր Փաշինյանը։

«Սա, իհարկե, անընդունելի լինելով մեզ համար՝ շատ նման է 1938 թվականի Մյունխենյան համաձայնությանը, երբ իբր հանուն խաղաղության եվրոպական մի շարք տերություններ Գերմանիային զիջեցին Չեխոսլովակիան», - նշում էր Հայաստանի վարչապետը:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», 16-ը հոկտեմբերի, 2020թ.
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», 16-ը հոկտեմբերի, 2020թ.

Փաշինյանի մերձավորագույն զինակիցներից մեկը՝ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պատերազմի 20-րդ օրը՝ հոկտեմբերի 16-ին, կարգավորման ռուսական տարբերակի ընդունումն ավելի վատ հեռանկար էր hամարում, քան ռազմական գործողությունների շարունակությունը։

«Մենք ունենք երկու ընտրություն` «Լավրովի պլանն է», որը Ալիևը հնչեցնում էր, որ հետ է վերադարձվում, «ազատագրվում է» հինգ շրջանը, հետո՝ երկուսը, իսկ Արցախի կարգավիճակը մնում է հետագա քննարկումների վրա: Սա ինձ համար անընդունելի է, որովհետև դրան հաջորդելու է Մեղրին, դրան հաջորդելու է Երևանը, և այլևս հայ ազգ որպես այդպիսին գոյություն չի ունենալու», - «Ազատության» 2020 թվականի հոկտեմբերի 16-ի եթերում հայտարարում էր Սիմոնյանը։

Պատերազմի երրորդ շաբաթը մոտենում էր ավարտին, իսկ հայկական զորքերի նահանջի վերջը չէր երևում։ Երևանում, այնուամենայնիվ, վստահ էին՝ ևս մեկ վերջնական ճիգ, և պատերազմում տեղի կունենա երկար սպասված բեկումը։

«Դուք գնում եք այնտեղ՝ ձեր ննջարանները պաշտպանելու, որպեսզի կարիք չլինի ձեր ննջարանները պաշտպանել ձեր ննջարանների մուտքերի դիմաց», - պատերազմի 20-րդ օրը Լեռնային Ղարաբաղ մեկնող պահեստազորայինների առջև Կենտրոնական հավաքակայանում ունեցած ելույթում հայտարարում էր Փաշինյանը։

Ձախողվեց հերթական հրադադարը

Հաջորդ օրը Հայաստանն ու Ադրբեջանը, այս անգամ՝ Ֆրանսիայի միջնորդությամբ, պայմանավորվեցին ևս մեկ մարդասիրական հրադադարի մասին։ Այն, սակայն, ինչպես և նախորդը, այդպես էլ կյանքի չկոչվեց։

Պատերազմի 21-րդ օրը Ադրբեջանը հայտարարում էր մարտի դաշտում արձանագրած նոր հաջողությունների մասին։ Հոկտեմբերի 18-ին պաշտոնական Բաքուն հաղորդեց Ֆիզուլի քաղաքի գրավման մասին։ Երկրի ռազմական գերատեսչությունը տարածեց գրեթե անվնաս հայկական զինավանի տեսագրությունը։

Նույն օրը հարավում ադրբեջանական ստորաբաժանումները վերջնականապես դիրքավորվեցին Արաքսի վրա գտնվող Խուդաֆերինի կամրջի և համանուն ջրամբարի հարևանությամբ։ Մինչև Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեկնարկը Խուդաֆերինը հայկական ուժերի խորը թիկունքում էր՝ շփման գծից շուրջ 40 կիլոմետր հեռավորության վրա։

Ադրբեջանի դրոշը Խուդաֆերինի կամրջի մոտ, դեկտեմբեր, 2020թ.
Ադրբեջանի դրոշը Խուդաֆերինի կամրջի մոտ, դեկտեմբեր, 2020թ.

Բայց նույնիսկ ռազմաճակատի ճեղքման և օրեցօր վատթարացող իրադրության պայմաններում հայաստանյան պաշտոնական քարոզչությունը շարունակում էր պնդել՝ ժամանակակից պատերազմում այս կամ բնակավայրի գրավումը այլևս որևէ նշանակություն չունի։

«Առանձին բնագծերի, հորինված կամ իրական նշաձողերով արտահայտված տեղանքների անուններ, բարձունքներ և այլն՝ դրանցով առաջնորդվել ու հաջողություններ ֆիքսելը տվյալ պատերազմում ընդհանրապես ակտուալ չէ», - հոկտեմբերի 18-ին Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր Արծրուն Հովհաննիսյանը։

Առջևում պատերազմի չորրորդ շաբաթն էր՝ շաբաթ, որի ընթացքում ադրբեջանական զորքերը կշարունակեն հարձակումը՝ 27 տարվա դադարից հետո առաջին անգամ ընդհուպ մոտենալով Սյունիքի սահմաններին։

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG