Մատչելիության հղումներ

Բաքուն խզելու է կապերը Արցախի անկախությունը ճանաչող երկրների հետ


Հայ հավատացյալն աղոթում է Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում, 13 հոկտեմբերի, 2020թ.

Բաքուն պնդում է, որ Անկարան պետք է միանա բանակցային գործընթացին, Մոսկվան պահանջը չի ընդունում:

Ալիև. «Ադրբեջանի ամբողջականությունը ճանաչում է նաև Մինսկի խումբը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցը՝ պնդելով, որ Բաքուն կտրականապես կմերժի նման փորձերը:

Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորությունը վերջին շրջանում ակտիվորեն քննարկվել է Հայաստանի իշխանության և ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից:

Հայաստանը դա համարում է արցախահայության ցեղասպանությունը կանխելու միջոցներից մեկը և այդ ուղերձներով դիմել է միջազգային հանրությանը:

Այդ միտքը վերջերս արծարծվել է օտարերկրացի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Երևանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ Նիկոլ Փաշինյանի զրույցներում:

Դա նաև քաղաքական տարբեր հարթակներում իրենց արտասահմանցի գործընկերներին են հասցրել Ազգային ժողովի իշխող և ընդդիմադիր, ինչպես նաև արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ մի քանի անգամ ընդգծել է, որ հարկ եղած պայմաններում կարող է պաշտոնական Երևանին դիմել Արցախը ճանաչելու առաջարկով:

Հայ և մի շարք օտարերկրացի վերլուծաբանների կարծիքով, կան երկրներ, որոնք կարող են հաշվի առնել Արցախի վրա կախված մահացու վտանգը և քաղաքական որոշակի պայմաններում չբացառել Արցախի ճանաչումը:

Թուրքիայում հեռարձակվող Haberturk հեռուստակայանն այսօր հեռարձակել է հարցազրույց Ադրբեջանի նախագահի հետ:

Պատասխանելով լրագրող Չեթիներ Չեթինի հարցերին՝ Իլհամ Ալիև սպառնացել է, թե Բաքուն առանց վարանելու կխզի հարաբերությունները որևէ պետության հետ, որը կհամարձակվի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Այդ փորձերն անհիմն են, ոչ մի պետություն չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ամբողջ աշխարհն է ճանաչում, այն ճանաչում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունները, այն տեղ է գտել Ադրբեջանի և Եվրոպական միության միջև կնքված պայմանագրերում», - Haberturk-ի հետ զրույցում պնդել է Ադրբեջանի ղեկավարը:

Նա ասել է, թե խաղաղապահների տեղակայումը հակամարտության գոտում հնարավոր կլինի միայն Հայաստանի և Ադրբեջանի կողմից հավանություն ստանալու դեպքում:

«Թուրքիան պետք է մասնակցի գործընթացին դե՛ ֆակտո, թե՛ դե յուրե»

Ալիևն այդ հարցազրույցում ասել է նաև, որ Թուրքիան անպայման պետք է մասնակցի ղարաբաղյան բանակցություններին, և չկա տարբերություն՝ դե ֆակտո, թե դե յուրե:

Ալիևի փոխանցմամբ, Մինսկի խումբը կազմվել է 1992 թվականին, և հայտնի չէ, թե ինչու է այն ստեղծվել հենց այդ ձևաչափով:

«Խմբում կան երկրներ, որոնք մուտք չունեն տարածաշրջան և ոչ մի ազդեցություն էլ չունեն: Եթե ուզում ենք, որ հակամարտությունը կարգավորվի, ապա խմբում պետք է լինեն երկրներ, որոնք կարող են իսկապես նպաստել խաղաղությանը, իհարկե, այդ դերում մենք Թուրքիային ենք տեսնում և ողջունում ենք Թուրքիայի ջանքերը», - ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը բացառել է, որ Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների ներկա լինեն բանակցություններին:

Նրա փոխանցմամբ, «Մադրիդյան սկզբունքներով» բանակցությունների մասնակիցներն են Հայաստանը և Ադրբեջանը:

«Ռուսաստանը Թուրքիայի դիրքորոշումը չի ընդունում, և դա գաղտնիք չէ»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօրվա ծավալուն հարցազրույցում մեծ տեղ է հատկացրել Ղարաբաղի խնդրին և, անդրադառնալով Թուրքիայի ակտիվությանը, դիվանագիտորեն նկատել է տվել, որ Մոսկվան չի ընդունի Թուրքիայի տեսակետը:

«Ինչ վերաբերվում է Ղարաբաղին և Թուրքիայի դերակատարությանը, ապա այո, մենք համաձայն չենք Թուրքիայի արտահայտած դիրքորոշման հետ, որը նաև մի քանի անգամ նախագահ Ալիևն է ներկայացրել, չենք ընդունում, և դա գաղտնիք չէ», - ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

«Ռուսաստանն ընդունելի չի համարում կոնֆլիկտի ռազմական լուծում ենթադրող որևէ մոտեցում», - ընդգծել է Լավրովը:

Haberturk-ի հետ հարցազրույցում Ալիևն ասել է, թե ահնրաժեշտ է երկու ժողովուրդներին՝ հայերին և ադրբեջանցիներին նախապատրաստել պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում խաղաղ ու համատեղ կյանքին:

Էրդողան. «ԵԱՀԿ Մինսկի խումբն անվերջ ձգձգում է գործընթացը»

Այսօր ղարաբաղյան բանակցությունների մասին է խոսել նաև Թուրքիայի ղեկավարը: Նրա պնդմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակը պետք է լինի Ադրբեջանի գրավյալ տարածքների վերադարձը Բաքվին:

«Ադրբեջանն ընդամենը ցանկանում է վերականգնել հսկողությունն իր տարածքների նկատմամբ: Բայց Մինսկի խումբը, մասնավորապես Ամերիկան, Ֆրանսիան և Ռուսաստանը, անվերջ ձգձգում են։ Ահա այն միակ բանը, որ պետք է անի Մինսկի խումբը՝ անմիջապես ավարտել բանակցությունները և տարածքները վերադարձնել տիրոջը», - ասել է Էրդողանը:

Նա պնդել է նաև, թե իր երկիրը ոչ մի զինվոր կամ սիրիացի վարձկան չի գործուղել Ադրբեջան:

«Ոչ ոք չի խոսում Ռուսաստանից և Ֆրանսիայից Հայաստան զենք ուղարկելու մասին, բայց այդ երկրներն Ադրբեջանին են մեղադրում։ Սիրիացիներն իրենց երկրում այնքան խնդիրներ ունեն, որ չէին էլ գնա Ադրբեջան», - ասել է Էրդողանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG