Մատչելիության հղումներ

Հայկական կողմն այսօր դիմել է միջազգային ատյաններին՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություն կատարելու մասին


Երեկ երեկոյան Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները հայտարարեցին, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութերերից պարզ է դառնում, որ հայ գերիների են սպանում, ընդ որում՝ դաժանաբար, արժանապատվությունը ստորացնող եղանակով, կրակահերթեր արձակում անզեն և անպաշտպան, ձեռքերը մեջքի հետևում կապած մարդկանց ուղղությամբ։

Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ արդեն հարուցվել է քրեական գործ Արցախի քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով՝ սպանությունը, որը կատարվել է զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներով։

Իրավապահները նաև պնդում են, որ նույնականացրել են տեսանյութերում երևացող անձանց։ Ըստ Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդականի, պաշտպանության միջոցներից զրկված, փաստացի գերու կարգավիճակ ունեցող երկու քաղաքացիական անձինք են՝ Հադրութ քաղաքի 73-ամյա բնակիչ Բ.Հ.-ն և Հադրութի շրջանի Տայք գյուղի 25-ամյա բնակիչ Յ. Ա.-ն։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով միջազգային մարդասիրական իրավունքի փաստաթղթերին, որոնք վավերացրել է նաև Ադրբեջանը, շեշտում է՝ պատերազմի կանոնները ենթադրում են, որ սահմանի մյուս կողմում հայտնված թե՛ ռազմագերիների, թե՛ քաղաքացիական անձանց նկատմամբ պետք է ցուցաբերվի մարդասիրական վերաբերմունք, ինչը սահմանում են Ժնևյան կոնվենցիաները։

«Ժնևյան կոնվենցիան, կից արձանագրությունները վերաբերում են զինված հակամարտություններին, պատերազմներին, նրան, ինչը հիմա տեղի է ունենում։ Էնտեղ կա մոտավորապես 160 նորմ, թե ինչպես չի կարելի պատերազմ վարել։ Հիմնական նպատակն է նվազագույնի հասցնել քաղաքացիական բնակչության շրջանակներում և որոշ խմբերի շրջանակներում մահերը կամ նրանց ֆունդամենտալ իրավունքների խախտումը․ արժանապատվության նկատմամբ հարգանքը՝ վերաբերում է ռազմագերուն, անձնական կյանքի նկատմամբ հարգանքը՝ վերաբերում է նվաստացված վիճակում նրանց վիդեոները, նրանց պատկերը ցույց տալուն, փաստաթղթերը ցույց տալուն», - պարզաբանեց Ղազարյանը։

Bellingcat․ Ադրբեջանի պնդումները, թե տեսանյութերը բեմադրված են, չեն համապատասխանում իրականությանը

Փաստերի ստուգմամբ և համացանցում առկա բաց աղբյուրների միջոցով հետաքննություններ անցկացնող Bellingcat կայքը, որը մասնագիտացված է աշխարհի տարբեր հակամարտությունների ռազմական գործողությունների ուսումնասիրությամբ, վերլուծելով հոկտեմբերի 15-ին ադրբեջանական Տելեգրամում շրջանառվող երկու տեսանյութ՝ եզրահանգել է, որ Ադրբեջանի պնդումները, թե տեսանյութերը բեմադրված են, ըստ էության, չեն համապատասխանում իրականությանը։ Bellingcat-ի ուսումնասիրած տեսանյութերից առաջինում երկու տղամարդկանց գերեվարությունն է, մյուսում՝ գնդակահարությունը։ Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե այդ տեսանյութերը ոչ մի առնչություն չունեն ադրբեջանական բանակի հետ։

Մինչդեռ «Մահապատիժ Հադրութում» խորագրով հոդվածի հեղինակ, բրիտանական բանակի նախկին սպա Նիկ Ուոթերսը համադրելով տեսանյութերը, դրանց աշխարհագրական կոորդինատները՝ ընդգծում է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-15-ն ընկած միջակայքում Հադրութի հարավային հատվածում։ Bellingcat-ի ուսումնասիրած տեսանյութերում տղամարդկանցից մեկը տարեց է և դժվարությամբ է տեղաշարժվում։ Երկուսն էլ զինվորական պաշտպանական հագուստով՝ կամուֆլյաժով են և զինված չեն։

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ իրենք շարունակում են իրականացնել մարդասիրական առաքելություն և երկխոսել կողմերի հետ ամենօրյա ռեժիմով․ - «Մենք վերահաստատել ենք մեր պատրաստակամությունը մարդասիրական հրադադարի պարագայում աջակցել կողմերին այս մարդասիրական գործողությունների իրականացման հարցում, և այս պահին գնտվում ենք խորհրդակցությունների ու քննարկումների մեջ համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Սակայն մենք նշել ենք նաև շատ հստակ, որ մեր թիմերին անհրաժեշտ է, որպեսզի ներգրավված կողմերը տրամադրեն անվտանգության անհրաժեշտ, լիարժեք երաշխիքները, որպեսզի մենք կարողանանք կատարել մեր աշխատանքը և աջակցել կողմերին այս կարևորագույն գործում»։

Օրերս հայտնի դարձավ, որ հայ երկու զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիջյանյանը գտնվում են ադրբեջանական գերության մեջ։ Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն արդեն դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ նրանց Հայաստան վերադարձնելու պահանջով։

Արա Ղազարյանը վկայակոչում է միջազգային մի շարք փաստաթղթեր, այդ թվում Ժնյան կոնվենցիաները, որոնք սահմանում են, թե ինչպես պետք է վարվել ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ։ Երկու դեպքում էլ հակամարտող կողմը իրավունք չունի նրանց զրկել կյանքից, բռնություն գործադրել, ցուցմունք կորզել․ - «Այս դեպքում մենք տեսանք, որ մահաբեր ուժ է կիրառվում անպաշտպան անձանց նկատմամբ։ Նույնիսկ եթե նրանցից մեկը զինծառայող է, նա ռազմագերի է, նա այլևս չի կարող․․․ դու նրան գնդակահարելու ռազմական առավելություն ձեռք չես բերում։ Բայց եթե դու գնդակահարելով նկարում ես դա, այսինքն՝ ճիգեր ես գործադրում, կազմակերպչական աշխատանք ես տանում, նկարում ես, հանրայնացնում ես դա, նպատակն է ոչ թե ռազմական առավելություն ձեռք բերել, այլ ահաբեկել քո հակառակորդի քաղաքացիական բնակչությանը։ Դա նշանակում է, որ հիմքում ընկած է ռասիզմը, ոչ թե պատերազմական գործողությունները»։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հաղորդում է, որ ադրբեջանական զինուժի ցուցաբերած ատելությունն ու անմարդկային վերաբերմունքը փաստող երկու տեսանյութերը Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերքումից հետո համացանցի ադրբեջանական աղբյուրներից հեռացվել են, բայց Արման Թաթոյանի աշխատակազմը բոլոր աղբյուրները ժամանակին փաստագրել է:

«Փորձագետները ճշգրիտ տեղորոշել են նաև հանցավոր արարքների կատարման վայրն ու ժամը: Կատարվել է օգտագործվող խոսքի թարգմանություն, որն ամրագրվել է տեսանյութերում: Տեսանյութերն ու լուսանկարները արդեն ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում՝ որպես պատերազմական հանցագործության մասին վկայող անհերքելի իրավական ապացույցներ», - հաղորդում է օմբուդսմենը։

XS
SM
MD
LG