Մատչելիության հղումներ

Հայկական կողմը հերքում է Ալիևի հայտարարությունը, թե գրավվել է Հադրութը


Լուսանկարը ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից, 9 հոկտեմբերի, 2020թ.
Լուսանկարը ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից, 9 հոկտեմբերի, 2020թ.

Հայկական կողմը հերքում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումը, թե ադրբեջանցիները գրավել են Հադրութը։ Ադրբեջանական Haqqin.az-ն էր փոխանցել Ալիևի խոսքերը, թե Հադրութը գրավված է։ Ալիևը, ըստ նույն աղբյուրի, դա «պատմական հաղթանակ» էր որակել։

Ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկությունը նախ հերքեց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, ապա նաև Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը. «Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում»։

ՊՆ մամուլի խոսնակն էլ, Հադրութից տեսանյութ հրապարակելով, գրեց, թե Ադրբեջանի ղեկավարությունն ակնհայտորեն չի տիրապետում իրավիճակին։

Օրվա ընթացքում էլի հերքում եղավ. ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, տեղեկացրել էին հայկական կողմից Մինգեչաուրի և Աղջաբեդիի շրջանների «ինտենսիվ հրետակոծության» մասին:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքեց տեղեկությունը. «Նախազգուշացում ենք, որ ադրբեջանական զինուժի կողմից բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որևէ սադրանքի դեպքում Արցախի պաշտպանության բանակի պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ»։

Արդեն իսկ հստակ էր՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հումանիտար հրադադար հաստատելու, դիակների և գերիների փոխանակման հարցերեով խորհրդակցությունը կայանալու է, բայցևայնպես Երևանն ու Բաքուն հաղորդում էին շարունակվող ռազմական գործողությունների մասին։ Մոսկվայի միջնորդությամբ հանդիպումն արդեն իսկ մեկնարկել էր, երբ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց՝ կրկին հրթիռային հարված է հասցվել Ստեփանակերտ քաղաքին։ Ղարաբաղի մայրաքաղաքում տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան։

Գիշերը հակամարտության գոտում կայուն լարվածության մասին հաղորդած Արցախի պաշտպանության բանակն օրվա ընթացքում տեղեկացրեց՝ մարտերը շարունակվում են, ու դրանք ինտենսիվ են հատկապես հարավային ուղղությունում:

Ըստ հաղորդագրության՝ ինչպես հարավային, այնպես էլ մնացած հատվածներում Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են Ադրբեջանի նախահարձակ գործողություններին և պատճառում «կենդանի ուժի ու զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ»։

Պաշտոնական Բաքուն մահացած զինծառայողների անուններ կամ թիվ չի հրապարակում՝ պատճառաբանությամբ, թե դա այս պահին «ռազմական գաղտնիք է»։ Հայկական կողմը ռազմական գործողությունների 13 օրերի ընթացքում հաղորդել է 376 զոհված զինծառայողների մասին։

«Տևական հրադադարը մոտ կլինի, երբ ամրագրվի հաղթանակը», - ասում է Հայաստանի Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Թե ինչքան կարող է տևել հումանիտար հրադադարը, առաջարկում է սպասել մոսկովյան քննարկումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Հրադադարը մոտ կլինի, երբ ֆիքսվի հաղթանակը, իսկ մենք հաղթանակի ֆիքսման գործընթացում ենք հակառակորդի հարձակման առաջին վայրկյանից մինչև այս պահը: Մեր զինվորը, մեր բանակը, մեր ժողովուրդը մեծ կոնսենսուս է այս հաղթանակի առումով ձևավորել, որն ամենակարևոր ձեռքբերումն է այս օրերի ընթացքում», - ասաց Քոչարյանը:

XS
SM
MD
LG