Մատչելիության հղումներ

Իրավիճակը շարունակում է լարված մնալ, ինտենսիվ մարտեր են ընթանում, փոխանցում է Հովհաննիսյանը


Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատությանը» հայտնեց՝ ինտենսիվ մարտեր են թե՛ հյուսիային և թե՛ հարավային ուղղությամբ։

«Հյուսիսային ուղղությամբ առավոտ 2-3 փորձից հետո մի փոքր հանդարտվել է, բայց հարավային ուղղությամբ շարունակվում են մարտական գործողությունները նույն լարվածությամբ, օդուժի կիրառությամբ, հրետանու, զրահատանկային զորքերի և հատկապես հետևակի ու գրոհող տարբեր խմբավորումների, նաև ահաբեկչական խմբավորումների», - ասաց Հովհաննիսյանը:

Ավելի վաղ պաշտպանական գերատեսչությունից հաղորդել էին, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը, սակայն արդեն վաղ առավոտյան ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակում է սկսել հյուսիսային ուղղությամբ:

Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր՝ Ադրբեջանի զինված ուժերը փորձել են գրավել հայկական կողմի դիրքերը, սակայն հետ են մղվել՝ կրելով զգալի կորուստներ։ «Ազատության» հարցին, թե կարո՞ղ է ասել` ինչ տեխնիկական կորուստներ ունի Ադրբեջանը, նա պատասխանեց. - «Չէ, գիտեք` մարտերի ինտենսիվությունն այնպիսին է, որ այս պահի դրությամբ, այն պահի դրությամբ դժվար է ինչ-որ բան ասել, այսինքն` ֆիքսված օրերի, ժամերից հետո ամփոփում ես որոշակի բան, ընդ որում դա էլի փոխվում է շատ արագ»:

Ադրբեջանն էլ հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու ու խաղաղ բնակավայրերը թիրախավորելու համար։ Անգամ Բաքվից այսօր հայտարարեցին, թե Հայաստանի զինված ուժերն արդեն Նախիջևանն են թիրախավորում։ Չուշացավ նաև հայկական կողմի հերքումը` Նախիջևանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել։

«Սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարհագրությունը», - հայտարարել է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Պաշտոնական Երևանն այսօր կրկին վերահաստատեց՝ Հայաստանի զինված ուժերը և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները: «Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի և այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից», - ասված է պաշտպանական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

Մինչ այս հայկական կողմը հրապարակել էր զոհված ևս 29 զինծառայողի անուն, Արցախի պաշտպանության բանակը մինչ այս պահը հաղորդել է 633 զինծառայողի մահվան մասին։ Ադրբեջանական կողմը շարունակում է լռել իր զինվորների կորստի մասին՝ պատճառաբանությունն էլ նույնն է` «ռազմական գաղտնիք» է։

XS
SM
MD
LG