Մատչելիության հղումներ

Խտրականության հիմքով էլ պետք է առաջ տանել «անջատում հանուն փրկության» սկզբունքը, ասում է միջազգային իրավունքի մասնագետը


Արցախ - Հրետակոծության հետևանքները Ստեփանակերտում, հոկտեմբեր, 2020թ.

Ամենօրյա ռեժիմով միջազգային տարբեր ատյաններ են ուղարկվում տեղեկություններ, որոնք, ըստ հայկական կողմի, ապացույցներ են պարունակում Ադրբեջանի թույլ տված ռազմական հանցագործությունների մասին։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանն «Ազատության» հետ զրույցում մի քանի կառույցներ առանձնացրեց, որոնք կարող են քննարկել ադրբեջանական կողմի գործողությունները՝ հետագայում կայացնելով ոչ միայն իրավական, այլև քաղաքական որոշումներ։

Առաջինը, թերևս, Արդարադատության միջազգային (Հաագայում գործող) դատարանն է, որը ՄԱԿ-ի հիմնական դատական մարմինն է։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը վավերացրել են Ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիան, ինչը նշանակում է, որ երկուսն էլ կարող են դիմել Հաագայի դատարան։

Խաղաղ բնակիչների գնդակահարություն Հադրութում, ռազմագերու գլխատում, ավելի քան 40 սպանված խաղաղ բնակիչ և ավելի քան 100 վիրավոր Հայաստանի և Արցախի տարածքում հրետակոծությունների հետևանքով՝ սրանք ադրբեջանական կողմի թույլ տված պատերազմական հանցագործություններն են, նշում է Խզմալյանը։

«Այ էս բոլոր խախտումները, որոնց մասին մենք խոսեցինք, մի կողմից՝ ապացուցողական բազայի մաս են կազմում և վկայում են ևս մեկ անգամ հակահայկական, շատ սուր հակահայկական քաղաքականության, հայատյաց քաղաքականության մասին, և երկրորդը՝ այդ խախտումների առնչությամբ դատական որոշումները ուղղակիորեն նաև հաստատում են հենց ռասայական դիսկրիմինացիայի առկայությունը Ադրբեջանում», - ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

Խզմալյանի գնահատմամբ՝ հենց խտրականության հիմքով էլ պետք է առաջ տանել «անջատում հանուն փրկության» սկզբունքը, որի մասին վերջին օրերին խոսում է պաշտոնական Երևանը՝ շեշտելով, որ հակառակ դեպքում հայերին սպառնում է ցեղասպանություն, ֆիզիկական ոչնչացում և էթնիկ զտում այն տարածքներում, որոնք կլինեն Ադրբեջանի հսկողության ներքո։

Եթե, օրինակ, Հաագայի դատարանում ապացուցվեն Ադրբեջանի խախտումները, այդ դեպքում կարևոր կլինի առաջ տանել այն գաղափարը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ սա շատ կարևոր գործոն է ԵԱՀԿ Մինսկի խմբում այս հակամարտության լուծման վերջնական արդյունքի համար, կարծում է միջազգային իրավունքի մասնագետը. - «Երբ որ արձանագրվում է ռասայական դիսկրիմինացիա արդեն պետական մակարդակով, դա բացառում է Արցախի ժողովրդի՝ Ադրբեջանի իշխանության ներքո բերելու հնարավորությունը»:

Երկրորդ կարևոր հարթակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է (ՄԻԵԴ)։ Սեպտեմբերի 27-ից վերսկսված ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանը արդեն երկու դիմում է ներկայացրել Ստրասբուրգ՝ ընդդեմ Ադրբեջանի և ընդդեմ Թուրքիայի։ Եվրադատարանն օրերի ընթացքում միջանկյալ միջոց է կիրառել՝ Ադրբեջանին և Հայաստանին հորդորելով չթիրախավորել խաղաղ բնակչությանը, իսկ Թուրքիայի դեմ դիմումի դեպքում էլ այդ երկրին կոչ է արել զերծ մնալ ռազմական գործողություններից, որոնք ոտնահարում են քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև հարգել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։

Չի բացառվում, որ տարիներ հետո ՄԻԵԴ-ն ընդդեմ Ադրբեջանի վճիռներ կայացնի։ Չի բացառվում սակայն, որ այդ երկիրը չկատարի ՄԻԵԴ-ի որոշումները, ինչից հետո հարցը կարող է քննարկվել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում, և կարող է Ադրբեջանի՝ Եվրախորհրդին անդամակցության կասեցման հարց առաջ գալ։ Բայց այստեղ չի կարելի անտեսել քաղաքական գործոնը, կա նաև Եվրոպայի խորհրդին տրվող անդամավճարի հարց, ասում է միջազգային իրավունքի մասնագետը։

«Բուն անդամավճարների մասին ենթադրություններից պետք է հասկանալ, որ Եվրոպայի խորհուրդը նաև խիստ, կտրուկ քայլերից զերծ է մնում, որպեսզի իր կտրուկ քայլը չդրդի պետություններին ընդհանրապես դենոնսացնել Կոնվենցիան, այսինքն՝ դուրս գալ փաստաթղթից», - նշեց Խզմալյանը:

Մյուս ատյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովն է, որն, ըստ Խզմալյանի, կարող է քննել հայկական կողմի ներկայացրած փաստերը, արձանագրել խախտումները, բայց կոնկրետ իրավական հետևանք դա չի ունենա։ Բայց ՄԱԿ-ի այս որոշումը կարևոր գործոն կարող է դառնալ բանակցություններում՝ հօգուտ հայկական կողմի։

Կա մեկ այլ ատյան՝ Միջազգային քրեական դատարանը։ Հայաստանը ստորագրել է, բայց չի վավերացրել Հռոմում ստեղծված Միջազգային քրեական դատարանի համաձայնագիրը, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան առհասարակ չեն միացել այդ փաստաթղթին։ Խզմալյանն ասում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն, այդուհանդերձ, կարող է դիմել այս դատարան, բայց այս դեպքում իրավական որոշում չի կայացվի՝ քաղաքական նկատառումներից ելնելով։ Այստեղ մեծ դերակատարում կունենան այս փաստաթղթին միացած, արդեն 28 տարի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահ երկրները, կարծում է միջազգային իրավունքի մասնագետը։

«Ըստ էության, Մինսկի խմբի համանախագահ պետությունները զերծ կմնան իրավական դաշտում կոնֆլիկտը ավելի սրելուց», - նշեց Արա Խզմալյանը:

Այն, որ Ադրբեջանն ամբողջությամբ չի վավերացրել Ժնևյան կոնվենցիաների բոլոր փաստաթղթերը, ամենևին չի նշանակում, որ այդ երկիրը կարող է խախտել դրանք, ասում է Խզմալյանը։ Այս կոնվենցիաները բանակում վիրավորների և հիվանդների, ռազմագերիների հետ վարվելու կանոնների, պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության և նրանց իրավունքների պաշտպանության մասին են։ Հենց գլխացավանքից խուսափելու համար էլ, ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել այդ կոնվենցիաների առաջին արձանագրությունը, որը միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին է։ Միևնույն է, կոնվենցիաների ընդհանուր դրույթները Ադրբեջանը պարտավոր է պահպանել, շեշտում է Խզմալյանը:

Հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի ղեկավարությունը կարող է պատերազմական հանցագործությունների համար կրել քրեական պատասխանատվություն, Խզմալյանը պատասխանեց՝ նախագահի դեպքում կա անձեռնմխելիության հարց, բայց զինվորականների դեպքում դա դժվար չի լինի իրագործել։ Տարբեր երկրներ կարող են քրեական գործեր հարուցել ռազմական հանցագործությունների հոդվածներով, ինչի արդյունքում նրանք կկանգնեն դատարանի առջև։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG