Մատչելիության հղումներ

Միջազգային մամուլն անդրադառնում է ԼՂ-ի շուրջ զարգացող իրադարձություններին


Ադրբեջանի զինուժը հրթիռակոծել է հոսպիտալը, Մարտակերտ, 15 հոկտեմբերի, 2020թ.

Միջազգային մամուլն անդրադառնում է ղարաբաղյան պատերազմին:

Մոսկվան հայտնվել է Սցիլլայի և Քարիբդայի միջև

The Moscow Times-ի մեկնաբան Մաքսիմ Սուչկովի փոխանցմամբ, Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում հայտնվել է աննախանձելի վիճակում և պետք է ընտրություն կատարի վատի ու վատթարագույնի միջև:

Հոդվածում նշված է՝ երեք տասնամյակ Թուրքիան բորբոքել է ծխացող հակամարտությունը, և այն վերաճել է լայնածավալ պատերազմի, որում Անկարան դե ֆակտո դարձել է Ադրբեջանի դաշնակիցը: Մոսկվայի դիրքորոշումն 90-ականներից ի վեր չի փոխվել, սակայն Ռեջեփ Էրդողանի միջամտությունը Վլադիմիր Պուտինին ստիպում է գործ ունենալ այս կոնֆլիկտում ի հայտ եկած նոր հանգամանքների հետ:

Երկու նախագահների հեռախոսազրույցից օրեր առաջ ռուսական հետախուզական ծառայություններն իրենց դժգոհությունն են հայտնել թուրք պաշտոնակիցներին Սիրիայից և Լիբիայից Ղարաբաղ վարձկանների փոխադրման կապակցությամբ: Իսկ զրույցից ժամեր առաջ ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Իդլիբում այն ճամբարներին, որտեղ թուրքամետ գրոհայիններին պատրաստում են մեկնել Ղարաբաղ:

Ադրբեջանն արդեն հարվածել է նաև բուն Հայաստանի տարածքին, ինչը ռուսներին կարող է դրդել պատասխանի, սակայն նկատելի է, որ Մոսկվան դեռ հակված է հանդես գալ որպես չեզոք միջնորդ: Այդ հարվածից ժամեր անց արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է ռուսաստանցի զինվորական դիտորդների տեղակայման տարբերակի մասին:

Հոդվածագիրը նշել է՝ եթե Մոսկվան չմիջամտի և Ադրբեջանը հսկողության տակ վերցնի գրավյալ տարածքներն, ապա Բաքուն կհասկանա, որ ոչ թե Մոսկվան, այլ Անկարան է տարածաշրջանի լիդերը, որի օգնությամբ կարելի է գրավել ամբողջ Ղարաբաղը:

Եթե Մոսկվան սատարի Հայաստանին և խափանի թուրք-ադրբեջանական օպերացիան, ապա Ադրբեջանն առնվազն մի քանի տասնամյակով կհեռանա Ռուսաստանի ազդեցության գոտուց:

Եթե Մոսկվան Երևանին և Բաքվին պարտադրի լուծում, որն Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության համար անընդունելի է, ապա կա վտանգ, որ երկու երկրներում վարչակարգերը կտապալվեն, և արդյունքում իշխանության կգան համապատասխանաբար՝ Հայաստանում ավելի արևմտամետ, իսկ Ադրբեջանում ավելի թուրքամետ ուժեր, և այդպիսով Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում էլ ավելի կթուլանան: Մոսկվան հայտնվել է Սցիլլայի և Քարիբդայի միջև:

«Մենք Հիսուսի կողմից ենք և մեր հողի համար կանգնած ենք մինչև վերջ»

«Կոմերսանտը», որը ռեպորտաժ է հրապարակել Գյանջային (Գանձակին) հասցված հարվածի մասին, մի թղթակից էլ ունի ռազմաճակատի հայկական հատվածում:

«Հրթիռն ընկել է Պուշկինի փողոցում» վերնագրած հաղորդագրությունում, թղթակիցը նկարագրել է բնակելի շենքի հրթիռակոծման հետևանքները: Տանիքի մի մասը փլվել է, պատին Հիսուսով սրբապատկերն է:

«Թուրքերը մեզ չեն կոտրի, մենք Հիսուսի կողմից ենք և մեր հողի համար կանգնած ենք մինչև վերջ», - ասել է Ռուբենը: Մյուս բնակիչը Գրիգորն է, ով պատմում է հարևանի մասին:

«Սեմյոնն ունի հինգ արու զավակ, թուրքերը նրանց որբեր էին դարձնելու, հիմա նրանք՝ հինգ ապագա զինվորներ են»,- ասել է Գրիգորը:

«Անջատում հանուն փրկության»

Ռուսաստանում լույս տեսնող «Գազետան» գրում, որ վարչապետ Նիկոլ Փաշիննանն առաջարկում է Ղարաբաղի համար «անջատում հանուն փրկության» բանաձևը:

Դա ինքնորոշման սկզբունքի արդիական դրսևորումն է: Այն կարող է փրկել, երբ առանձին խմբերին կամ ժողովուրդներին սպառնում է ցեղասպանության և մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների վտանգը: Այն ենթադրում է ոչ միայն պետությունից անջատվելու, այլև որևէ պետության կազմում չընդգրկվելու իրավունքը, եթե այդ պետությունում առկա են թվարկված վտանգները:

«Կանխել մի նոր Հալեպ այս անգամ Կովկասում»

Boston Globe-ը «Թույլ չտանք մի նոր Հալեպ ստեղծել Կովկասում» վերնագրի ներքո հրապարակել է ամերիկացի անվանի գրող Քրիս Բոհջալյանի հոդվածը:

Եթե Արցախը վերադարձվի Ադրբեջանին՝ կսկսվի հումանիտար ճգնաժամ, 150 հազար գաղթականներ և հակահայկական ահաբեկչություն: Մոլորակի բնակիչների մեծ մասը չի գտնի Ղարաբաղի տեղը քարտեզի վրա: Նրանք նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի տեղը չգիտեն: Հիմա Ղարաբաղում ռմբահարվում են հիվանդանոցները, եկեղեցիները, դպրոցները, բնակելի տները, նշել է նա:

«Ես ցեղասպանությունը վերապրածի թոռն եմ, ես եղել եմ այնտեղ, տեսել եմ խրամատները և զինվորներին, երբ դեռ չկար այս պատերազմը: Թուրքերի կազմակերպած 1915-ի ցեղասպանության ուրվականը նորից իր սև թևերը փռել է մարդկանց վրա», - գրել է Բոհջալյանը:

Նրա համոզմամբ, Ամերիկան պետք է կանգնեցնի այս կոտորածը, պետք է պահանջի ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայից չօգնել Ադրբեջանին և վարձկաններ չուղարկել Ղարաբաղ: Պետք է ճանաչի Արցախը և պատժամիջոցներ սահմանի Բաքվի ու Անկարայի նկատմամբ:

«Ես չեմ ոտնահարում տարածքային ամբողջականության սկզբունքը, բայց ակնհայտ է՝ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, եթե դրա այլընտրանքը ոչնչացումն է», - համոզված է անվանի հեղինակը:

«Աստված բոլորիս պահապան, եթե թուրքերին հաջողվի գրավել տարածաշրջանը»

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը The Critic բրիտանական հանդեսին ասել է, որ Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան գործընթացին պետք է բացառվի:

«Շատերի համար այս ամենը 1915-ի կրկնությունն է: Ինձ շատ է հիասթափեցնում այն, որ Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, Ամերիկան ճնշում չեն բանեցնում Թուրքիայի վրա, առանձնահատուկ տխրեցնում է, որ Իսրայելն է արդիական զենքեր տրամադրում Ադրբեջանին: Ղարաբաղը շատերի համար մի հեռու, անծանոթ տեղ է, այն, ինչ կատարվում է՝ հեռու է, բայց դա այդպես չէ, Աստված բոլորիս պահապան, եթե թուրքերին հաջողվի գրավել տարածաշրջանը», - զգուշացնում է նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG