Մատչելիության հղումներ

«Կոմերսանտը» փաստացի տվյալներ է ներկայացնում ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի ներգրավվածության մասին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ

Ըստ «Կոմերսանտի» հրապարակած փաստացի տվյալների` Թուրքիան ոչ միայն ներգրավված է ղարաբաղյան ընթացիկ պատերազմում, այլև կառավարում ու համակարգում է Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները։ Մինչև անգամ Թուրքիայի պաշտպանության նախարարը Բաքվից ղեկավարել է ադրբեջանական բանակի հարձակումը Ղարաբաղի դեմ։

Վկայակոչելով ռազմական և դիվանագիտական աղբյուրները` «Կոմերսանտը» գրում է, որ վերջին ամիսներին Թուրքիան Ադրբեջանին դրդել է ռազմական գործողությունների՝ խոստանալով բազմակողմանի աջակցություն, այդ թվում` քաղաքական-դիվանագիտական, հետախուզական ու ռազմատեխնիկական։ Ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության մասին ավելի վաղ հայտարարել են նաև Միացյալ Նահանգները, Ֆրանսիան։

«Կոմերսանտի» հրապարակումն առանձնանում է նրանով, որ բերված տվյալները բավականին փաստացի են։

Հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանում անցկացված համատեղ զորավարժություններից հետո Թուրքիայի զինված ուժերի խմբավորումների մի մասը մնացել է Ադրբեջանի տարածքում, որպեսզի համակարգի ու կառավարի Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակողական գործողությունների պլանավորումն ու իրականացումը։

Խոսքը թուրքական բանակի 600 զինծառայողի մասին է, նրանցից 200-ը գումարտակային մարտավարական խմբավորման զինծառայողներ են, 50 հրահանգիչ մնացել է Նախիջևանում, 90 ռազմական խորհրդական` Բաքվում, որպեսզի մարտական գործողությունների ժամանակ ապահովեն բրիգադ-կորպուս-գլխավոր շտաբ կապը, Գաբալայի ավիաբազայում 120 մարդ տեղակայվել է թռիչքային ու տեխնիկական անձնակազմից, անօդաչու թռչող սարքերի 20 օպերատորներ` Դալյարի օդանավակայանում: Նշենք, որ սա Գյանջայի մոտի օդանավակայանն է, 50 հրահանգիչ` Եվլախի օդանավակայանում, ևս 50 հրահանգիչ` 4-րդ բանակային կորպուսում ու 20 մարդ` Բաքվում՝ Հեյդար Ալիևի անվան զինվորական ուսումնարանում և ռազմածովային բազայում։

«Կոմերսանտն» ըստ ամսաթվերի ներկայացնում է հարձակումը նախապատրաստելու գործողությունների ընթացքը։ Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կտրուկ ավելացել են Թուրքիայի ռազմա-տրանսպորտային ավիացիայի թռիչքները դեպի Ադրբեջան, որոնց մեծ մասը կատարվել է Վրաստանի օդային տարածքով, մասնավորապես մարդկանց ու ռազմամթերքի տեղափոխում է կատարվել սեպտեմբերի 4-ին,18-ին և 25-ին։

Ռազմական գորոծողությունները սկսվելու առաջին օրերին` սեպտեմբերի 28-30-ին, Բաքու են ժամանել Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարն ու պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: «Կոմերսանտի» աղբյուրները պնդում են, որ նրանք տեղում ղեկավարել են Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունը:

Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին ու 3-ին Թուրքիայից Ադրբեջան կատարած ավիաչվերթով տեղափոխվել են բժշկական պարագաներ ու հրաձգային զենք, հոկտեմբերի 7-ին` զինվորական անձնակազմ ու ռազմամթերք, հոկտեմբերի 9-ին` Աման-Բաքու չվերթով 200 գնդացիր իրենց զինամթերքով։

Թուրքիան Վրաստանի իշխանություններին է դիմել նաև հոկտեմբերի 21-ին և 28-ին դեպի Ադրբեջան թռիչքներ կատարելու համար և ըստ «Կոմերսանտի» աղբյուրների` Վրաստանի իշխանությունների կողմից թույլտվությունը ստացել է։

Վրաստանի ԱԳՆ-ն, չտալով «Կոմերսանտի» անունը, այսօր կրկին հերքել է Վրաստանի օդային տարածքով զենք-զինամթերք տեղափոխելու մամուլում վերջին օրերին շրջանառվող լուրերը` դրանք համարելով շահարկումներ։

«Ինչպես մենք հայտարարել ենք ավելի վաղ, Վրաստանը փակել է իր օդային տարածքը ռազմական նշանակության թռիչքների համար։ Ինչ վերաբերում է քաղաքացիական և մարդասիրական ավիաչվերթներին, ապա Վրաստանն ամբողջովին կատարում է իր միջազգային պարտավորությունները։ Միաժամանակ ցանկանում ենք պարզաբանել, որ քաղաքացիական ավիաչվերթները հատուկ թույլտվության կարիք չունեն և իրականացվում են ծանուցման ու համապատասխան տեղեկատվության տրամադրման հիմքով»,- այսօր հայտարարել է Վրաստանի արտգործնախարարությունը` նշելով, որ Վրաստանի օդային տարածքով իրականացված թռիչքների վերաբերյալ իրենց տրամադրության տակ գտնվող տեղեկատվությունն ու փաստաթղթերն ամբողջովին համապատասխանում են քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ICAO նորմերին ու կանոններին։

Վերադառնալով «Կոմերսանտի» հրապարակմանը` ավելացնենք, որ թերթի աղբյուրները հայտնել են ոչ միայն ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի ներգրավվածության մասին, այլև որ Թուրքիան Սիրիայում և Լիբիայում վարձկաններ է հավաքագրում Ադրբեջանում կռվելու համար։ Նրանց հավաքագրման, տեղափոխման գործողություններն ապահովում է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը Պաշտպանության նախարարության աջակցությամբ։ Մինչ Ադրբեջան ուղարկելը վարձկանների անձնագրերը կամ անձը հաստատող այլ փաստաթղթերը, կապի անձնական միջոցներն առգրավվում են։ Նրանց 1,5 հազար դոլար են խոստանում ու ևս 2 հազար դոլար ամսական պարգևավճար։

«Կոմերսանտի» զրուցակիցներից մեկն ասել է, որ սիրիական ազգային բանակի երկրորդ կորպուսի մի խմբավորում երկշաբաթյա պատրաստություն անցնելուց հետո դեռ մինչև պատերազմի մեկնարկը՝ սեպտեմբերի 22-ին, տեղափոխվել է Ադրբեջան։ Հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ճակատային գիծ են նետվել շուրջ 1500 վարձկաններ, միջազգային մամուլը հաղորդել է Ղարաբաղի դեմ կռվող տասնյակ վարձկանների սպանվելու մասին:

Չնայած պաշտոնկան Բաքուն հերքում է Թուրքիայի ու վարձկանների մասնակցությունը ղարաբաղյան պատերազմին, բայց այդ փաստի մասին հայտնել են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ինչպես նաև բազմաթիվ հրապարակումներ կան միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG