Մատչելիության հղումներ

«Սա համազգային համախմբման կուլմինացիան է», - հայտարարում է Հայաստանի վարչապետը


Ադրբեջանական կողմն առաջին շաբաթվա ընթացում ռազամավարական և տարածքային հաջողություն չի ունեցել, այսօր իր ուղերձում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով՝ սա այն պայմաններում, որ չուներ մատակարարման և մարդուժի ոչ մի սահմանափակում, իսկ Արցախը և Հայաստանը գործում էին, ըստ էության, շրջափակման պայմաններում

Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծեց` վերջին շաբաթներին հայկական զորքերը հյուսիսային և հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել:

«Վերջին օրերին ադրբեջանական կողմը փոխել է իր մարտավարությունը՝ փորձելով դիվերսիոն խմբերով խառնաշփոթ սկսել թիկունքում։ Այսուհանդերձ Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտերով, մարդուժի և տեխնիկայի կորուստներ կրելով վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը` հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ՝ մարդուժի և զինտեխնիկայի», - ասաց Փաշինյանը:

Թուրք-ադրբեջանական ահաբեկչական դաշինքը, վարչապետի խոսքով, հենց այնպես չի դադարեցնելու իր հարձակումն Արցախի ու Հայաստանի նկատմամբ։

«Հետագա կորուստները կանխելուն էին ուղղված Մոսկվայում ընդունված հայտարարությունը և այդ պրոցեսին մեր մասնակցությունը, որը նախատեսում էր հումանիտար հրադադար՝ գերիների և զոհվածների փոխանակում, բանակցություններին վերադարձ խնդիրը շուտափույթ խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Ադրբեջանը ոչ մի վայրկյան հավատարիմ չմնաց հրադադարի պայմանավորվածությանը՝ խոչընդոտելով նաև հրադադարի պահպանման մոնիտորինգի մեխանիզմի ձևավորմանը։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ի սկզբանե հայտարարած իր քաղաքական գծին», - ասաց վարչապետն՝ ընդգծելով՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ամբողջակամն օկուպացիայի խնդիր է դրել իր առաջ։

«Այս պահին կարող ենք արձանագրել, որ ադրբեջանական պլանը՝ բլից կրիգով գրավել Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները, ձախողվել է», - ասաց վարչապետը՝ շարունակելով․ - «Սա համազգային համախմբման կուլմինացիան է, սա պետք է պսակվի կոնկրետ ազգային նպատակների իրագործմամբ։ Հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, հայ ժողովրդին հնարավոր չէ վախեցնել, հայ ժողովրդին հնարավոր չէ հաղթել, մենք կանգնելու ենք մինչև վերջ, մենք պայքարելու ենք մինչև վերջ ,և այդ վերջին անունն է ազատ և երջանիկ Արցախ, ազատ և երջանիկ Հայաստան»:

«Այսօր, հիմա մեզնից յուրաքանչյուրը՝ ամեն ոք, պետք է կենտրոնանա այս խնդրի իրագործման վրա։ Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը՝ ահա թե ինչը պիտի լինի մեր ջանքերի կիզակետը սփյուռքում, թե Հայաստանում։ Մենք մեր սուգը պետք է վերածենք ցասման, մեր մտավախությունները՝ վճռականության, մեր կասկածները՝ գործողության։ Մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք, մենք պիտի կերտենք մեր պատմությունը ու մենք կերտում ենք մեր պատմությունը, մեր նոր էպոսը, մեր նոր հերոսապատումը, մեր նոր Սարդարապատը», - եզրափակեց վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG