Մատչելիության հղումներ

Մնացականյանն անհրաժեշտ է համարում կանգնեցնել ռազմական գործողությունները և կարևորում է ՌԴ-ի դերն այդ հարցում


Մոսկվան համարում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մեկնարկը չի կարելի ձգձգել, իսկ Երևանը շեշտում է, թե քանի դեռ Ղարաբաղում ռազմական գործողություններ են ընթանում, հնարավոր չէ խոսել բանակցությունները վերսկսելու մասին։

Մոսկվայում այսօր կայացել է Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, որ տևել է մեկուկես ժամ, և որին հետևել է համատեղ մամուլի ասուլիսը։ Սերգեյ Լավրովի հետ հանդիպումն սկսելիս Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է` անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները, և Ռուսաստանի դերն այս հարցում չափազանց կարևոր է։

Սա Հայաստանի արտգործնախարարի ավելի վաղ` դեռ մինչև պատերազմի սկսվելը ծրագրված պաշտոնական այցն է Մոսկվա: Ինչպես ինքը՝ Մնացականյանն է ասել` պատերազմն, իհարկե, փոխել է մոսկովյան այցի օրակարգը, և հիմնական հարցն այդ օրակարգում պատերազմն է Արցախում։

Լավրովի հետ հանդիպմանը Մնացականյանն այսօր մանրամասն թվարկել է, թե ինչ վնասներ է հասցրել, չնայած դե յուրե հումանիտար հրադադարին, շարունակվող պատերազմը Արցախին․ - «Այս ընթացքում զոհվել է քսաներեք խաղաղ բնակիչ, հարյուրից ավելին վրրավորվել են, որոնցից ութսունը՝ ծանր։ Այդ ագրեսիայի հետևանքով մեծ վնաս է հասցվել Արցախի բնակելի շենքերին և ենթակառուցվածքներին։ Արդեն կան ներքին փախստականներ, որ տեղափոխվել են Արցախի այլ բնակավայրեր և Հայաստան»։

Ռուսաստանի արտգործնախարարը, ում միջնորդությամբ հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում տեղի էին ունեցել եռակողմ բանակցություններ, որ տևել էին 11 ժամ, և որի արդյունքում ստորագրվել էր հումանիտար հրադադարի մասին փաստաթուղթը, այսօր ասաց, որ հրադադարը խախտվում է:

«Մենք տեսնում ենք, որ այդ պայմանավորվածությունը դեռ ամբողջովին չի կատարվում, և ռազմական գործողությունները շարունակվում են։ Մենք հուսով ենք, որ այն շփումները, որ ունենք ձեր և մեր ադրբեջանցի հարևանների հետ, այդ թվում նաև Պաշտպանության նախարարության գծով, թույլ կտան հասնել նրան, որ այդ պայմանավորվածություններն ամբողջովին կատարվեն», - ասել է Լավրովը։

Ի դեպ, թեև Մոսկվան անընդհատ ընդգծում է, որ Մինսկի խմբի համանախագահների ցանկում Թուրքիան չկա, և խնդրի քաղաքական կարգավորմամբ զբաղվում են Մինսկի խմբի կողմից լիազորված երեք համանախագահող երկրները՝ Ֆրանսիան, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, ռուսաստանցի պաշտոնյաններն այս պատերազմական օրերին ակտիվ շփման մեջ են թուրք պաշտոնյաների հետ։ Այսօր, օրինակ, կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել է ղարաբաղյան պատերազմը և ռազմական գործողություններին վերջ տալու անհրաժեշտությունը։ Հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարարը հերթական անգամ շեշտել է, որ հայկական ուժերը պետք է դուրս գան Ադրբեջանի տարածքից։

Լավրով - Մնացականյան այսօրվա բանակցություններին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է. - «Մոսկվայում հույս ունեն, որ հակամարտության բոլոր կողմերը կկատարեն հրադադարի մասին համաձայնագրի պահանջները»։

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների հնարավոր վերսկսմանը՝ Ռուսաստանի արտգործնախարարը շեշտել է. – «Ղարաբաղի շուրջ քաղաքական գործընթացի վերսկսումը ձգձգել չի կարելի, բայց դա չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծվելու են արագորեն և միաժամանակ»:

Հայաստանի արտգործնախարարը ասուլիսին հերթական անգամ շեշտել է այն, ինչ արդեն երկու շաբաթ բարձրաձայնում են Հայաստանի իշխանությունները․ - «Գոյություն ունի էքզիստենցիալ վտանգ, որի մասին մենք խոսում ենք տասնամյակներ շարունակ, որին Արցախի բնակչությունն այսօր առնչվում է: Սա բացասական գործոն է, որին ներգրավված են Թուրքիան և Սիրիայից ու Լիբիայից ահաբեկիչներ: Դա ապացուցվել է ոչ միայն մեր աղբյուրների կողմից, այլև արձանագրվել և հայտարարվել է համաշխարհային հանրության կողմից: Ռուսաստանի դերակատարումն այս գործում շատ կարևոր է»։

Հայաստանի արտագործնախարարը նաև ընդգծել է, որ բանակցությունների մասին կարելի է խոսել լիակատար հրադադարից հետո միայն․ - «Միայն կրակի լիակատար դադարեցման դեպքում մենք կկարողանանք առաջ շարժվել բոլոր ուղղություններով»:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի մոսկովյան այցի օրակարգում է նաև հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ, և թերևս այդ հանդիպումից հետո հնարավոր կլինի խոսել, թե արդյոք կշարունակվեն բանակցությունները Մոկսվայում եռակողմ ձևաչափով, և արդյոք Ադրբեջանի արտգործնախարարը նույնպես կժամանի Մոկսվա։

Ջեյհուն Բայրամովի հետ համանախագահները հանդիպել էին հոկտեմբերի 8-ին Ժնևում, իսկ երեկ հեռախոսազրույց են ունեցել նրա հետ։

Մարդասիրական հրադադարի խախտմանն այսօր անդրադարձել է Կրեմլի խոսնակը՝ հայտարարելով․ - «Այժմ մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Երկու կողմերից էլ հաղորդագրություններ ենք ստանում խախտումների մասին, սակայն կարծում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը չափազանց կարևոր է հեռանկարում մարտական գործողություններից ամբողջությամբ հրաժարվելու և այդ հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական միջոցներին անցնելու համար»։

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես Մոսկվան էր ընդգծում, խորհրդակցությունները, որի արդյունքում կողմերը հումանիտար հրադադարի մասին կարճ փաստաթուղթ են ստորագրել: Փաստաթղթում այդ թվում նշված է, որ կողմերը համաձայն են սկսել սուբստանտիվ, այսինքն` բովանդակային բանակցություններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։

XS
SM
MD
LG