Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում անհապաղ իրագործել հրադադարը


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարարի հետ, արխիվ

Միջնորդները նաև հորդորում են հրատապ համաձայնության գալ հրադադարի խախտման դեպքերը վերահսկող մեխանիզմի շուրջ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգությամբ են արձանագրում բռնությունների շարունակումը ղարաբաղյան հակամարտության գոտում և կոչ են անում Հայաստանի վարչապետին ու Ադրբեջանի նախագահին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստանձնած պարտավորությունները լիովին իրագործելու ուղղությամբ:

Փաստելով, որ ռազմական գործողությունները սպառնում են աղետալի հետևանքներ թողնել տարածաշրջանի վրա, Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) վերահաստատում են՝ քաղաքացիական բնակավայրերի հանդեպ հարձակումներն անընդունելի են ցանկացած դեպքում։

Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ իրագործել մարդասիրական հրադադարը՝ աճյունները վերադարձնելու, ռազմագերիներին ու ազատազրկվածներին փոխանակելու համար։

Միջնորդները նաև հորդորում են հրատապ համաձայնության գալ հրադադարի խախտման դեպքերը վերահսկող մեխանիզմի շուրջ։

«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումներից հետո համանախագահները շարունակում են աշխատանքը բոլոր կողմերի հետ՝ ղարաբաղյան խնդրի քաղաքական կարգավորման առարկայական հարցերի շուրջ՝ խաղաղ կարգավորմանը հասնելու համար», - ասված է այսօր տարածված համատեղ հայտարարության մեջ։

Անցած շաբաթավերջին Մոսկվայում հումանիտար հրադադար հաստատելու մասին համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Այդուհանդերձ, հոկտեմբերի 10-ին ժամը 12-ից ուժի մեջ մտած հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը միմյանց են մեղադրում:

XS
SM
MD
LG