Մատչելիության հղումներ

Աշխարհի հայերը շարունակում են ցույցեր կազմակերպել՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով


Բազմամարդ ցույց Լոս Անջելեսում, 12-ը հոկտեմբերի, 2020թ.

Արցախի ճանաչման հարցը շարունակում է հայկական սփյուռքի օրակարգում մնալ։ Ամերիկա, Ավստրիա, Գերմանիա, Իսպանիա, այս երկրներում ապրող հայերը Արցախի ու Հայաստանի դրոշը ծածանելով, տեղի իշխանություններին նաև հիշեցնում են՝ Եվրոպայի գլխավոր առաքելություններից մեկի մասին՝ մարդու իրավունքների պաշտպանության։

Կատալոնիայի հայերն այսօր վանկարկել են՝ Արցախը Հայաստան է, այնտեղ խաղաղ բնակիչներ են սպանվում:

«Եվրոպան միշտ խոսում է մարդու իրավունքների պաշտպանությունից և կոչ է անում, որ ցանկացած իրավիճակում պահպանվի այդ իրավունքը: Հիմա այս շենքում ներկա են 30 դեպուտատներ, որոնք իրենց ձայնը հուսով եմ կբարձրացնեն ամբողջ Իսպանիայում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կալատլոնիայում բնակվող Դավիթ Առաքելյանը:

Դավիթ Աառքելյանը պատմեց՝ Արցախի ճանաչումից բացի նաև պահանջում են տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ. «Իսպանական մեծ ֆաբրիկաները Թուրքիայում են, եթե մենք կարողանանք թեկուզ այնպես անենք, որ որոշակի ֆաբրիկաներ կամ որոշակի տնտեսական ինչ-որ սանկցիաներ կիրառվի դեպի Թուրքիա Կատալոնիայից, դա էլ մեր օգտին կլինի, բայց առաջինը, բնականաբար, Արցախի անկախությունը ճանաչելու փաստն է»:

Ամերիկայի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում հայերն իրենց բողոքի երթը սկսել ու ավարտել են ավտոերթով՝ փակելով քաղաքի գլխավոր մայրուղիներից մեկը։ Այնուհետև անցել են տեղի CNN-ի գրասենյակի մոտով՝ պահանջելով անկողմնակալ լուսաբանում, ցույց են արել նաև նահանգի իշխանությունների շենքի առջև։

Ամերիկյան Տեխաս նահանգի Օսթին համայնքում բողոքի ակցիայի հայ մասնակիցները երթով անցել են բանուկ փողոցներով հնչեցնելով գլխավոր պահանջը՝ Արցախի ճանաչում։ Աննա Խաչատրյանը հարակից նահանգներում ոչ մի ակցիա բաց չի թողնում:

«Բոլորս այստեղ ենք մեր զինվորների համար, մեր հայ ժողովրդի համար: Սփյուռքը միշտ միասին է ու միշտ միասին է լինելու: Արցախը պետք է ճանաչվի անկախ, երթերը, ցույցերը շարունակվելու են», - ասաց Խաչատրյանը:

Գերմանական Մյունխենի կենտրոնական հրապարակում հայերն այս անգամ լուռ ակցիա են կազմակերպել՝ ի հիշատակ 700-ից ավելի զոհված զինծառայողների և մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների։

Արսեն Բաջանյանի պնդմամբ՝ տեղի լրատվամիջոցները կամ չեն լուսաբանում, կամ ոչ օբյեկտիվ են անդրադառնում։ Արցախին պատերազմ հայտարարած Ադրբեջանն, ըստ «Ազատության» զրուցակցի, չի արժանանում Գերմանիայի կոշտ գնահատականին:

«Ցավոք սրտի, այստեղի քաղաքացիները ոչ շատ լավ են տեղյակ, որովհետև լավ չի լուսաբանվում այս ամենը, և կարծում եմ, որ այդտեղ նույնիսկ միտումնավորություն կա: Ինչպես տեսնում ենք Գերմանիայի կառավարությունը շատ զուսպ է և չի արձագանքում թե՛ Թուրքիայի ագրեսիային, թե՛ Ադրբեջանի ագրեսիային և երևի թե կախված է նրանց ֆինանսական համագործակցությունից, այն բոլոր պայմանագրերից, գումարներից, որ փոխանցվում է այնտեղ, որը ստիպում է լռեցնել նաև Գերմանիայի կառավարությանը», - նշեց Բաբաջանյանը:

Վիեննայի կենտրոնական հրապարակներից մեկում արվեստի հայազգի հայտնի գործիչների մասնակցությամբ համերգ-ակցիա է տեղի ունեցել։ Մասնակիցներից՝ Սեդա Տեր Մինասյանը վստահ է՝ արվեստասեր ավստրացիներին բողոքի ակցիայի այս տարբերակն ավելի է հետաքրքրել՝ մոտեցել են, հարցեր տվել, պաստառները կարդացել, հետո իրենց ֆեյսբուքյան էջերում հուզիչ գրառումներ կատարել:

«Մեր հանրահայտ կատարողները՝ Նարեկ Հախնազարյանը, Նարե Արղամանյանը, Ստելլա Գրիգորյանը, բոլորը մեծ դեր խաղացին, որովհետև իրենց անունները շատ հնչեղ են և ազդեցիկ, և ավստրացիների համար դա շատ նուրբ և կարևոր ձև է հասցնելու իրենց երաժշտության միջոցով: Քանի որ Վիեննան նշվում է աշխարհի ամենաերաժշտական և մշակութային քաղաքներից մեկը, ապա ես կարծում եմ, որ շատ ճիշտ ճանապարհ էր ընտրված և այդ ձևով էլ մենք կարող ենք պայքարել և հասնել մեր հաղթանակին», - ասաց նա

Արցախի ճանաչման պահանջով՝ այսօր կեսօրին էլ ավստրալական Սիդնեյ քաղաքի հայերն են տեղի նավահանգստի կամուրջը փակել՝ տևական ժամանակ կաթվածահար անելով երթևեկությունը։

XS
SM
MD
LG