Մատչելիության հղումներ

Բաքուն վերստին պնդում է, թե Թուրքիան պետք է անմիջական մասնակցություն ունենա բանակցություններին


Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, արխիվ

Պաշտոնական Բաքուն վերստին պնդում է, թե Թուրքիան պետք է անմիջական մասնակցություն ունենա ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններին, մի բան, որին դեմ է ոչ միայն հայկական կողմը, այլև արևմուտքն ու հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը։ «Թուրքիան ու Ռուսաստանը Ադրբեջանի բարեկամ ու հարևան երկրներ են, որոնք իրենց դիրքորոշումն ունեն, այդ իսկ պատճառով, կարծում ենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությունը բանակցություններին կնպաստի արագ առաջընթացին»,- ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը` մոսկովյան «Օկտագոն» պարբերականին։

Ընդ որում, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան անթաքույց ասել է, որ իր երկրում ամենևին էլ հակված չեն հրադադարի ու խնդրի խաղաղ կարգավորման․ - «Երբ Մոսկվայում բանակցություններ էին ընթանում, Ադրբեջանի ժողովուրդն անհանգստացած էր, որ կարող է կրակը դադարեցվել։ Այդ կոչը մեր հանրությունը չի ընդունում, քանի որ հիշում է նախորդ դեպքերը, երբ պայմանավորվածությունները չէին պահպանվում։ Ադրբեջանի ժողովուրդը թերահավատ է խնդրի խաղաղ կարգավորման հանդեպ, միջազգային հանրությունը դա պետք է հասկանա և շեշտը դնի օկուպացված տարածքների ազատագրման վրա»,- ասել է Ալիևի խորհրդականը։

Միջազգային հանրությունը, մինչդեռ, ճիշտ հակառակն է պնդում․ խնդրի կարգավորմամբ զբաղվող գերտերությունները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը, ինչպես նաև Եվրամիությունն ու տարածաշրջանի երկրները շարունակաբար հայտարարում են, որ պատերազմով հնարավոր չէ այս խնդիրը լուծել։ Արդեն երրորդ շաբաթն է՝ Մոսկվան, Փարիզն ու Վաշինգտոնն ամենաբարձր՝ նախագահների ու արտգործնախարարների մակարդակով հորդորում են ոչ թե ազատագրել հողերը, ինչպես Բաքուն է պահանջում, այլ օր առաջ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, ընդ որում՝ առանց նախապայմանների։

Երեկ Ֆրանսիայի նախագահական նստավայրի՝ Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունը փաստեց, որ պաշտոնական Փարիզը հետևողական աշխատանք է տանում այս ուղղությամբ։ Ողջունելով կողմերի միջև երեկ երկրորդ անգամ համաձայնեցված մարդասիրական հրադադարը՝ նախագահ Էմանյուել Մակրոնն ընդգծել էր, որ համաձայնությունը ձեռք է բերվել «վերջին օրերի և ժամերի ֆրանսիական միջնորդության արդյունքում»։ Թե ինչ ձևաչափով է իրականացվել այդ միջնորդությունը, Ելիսեյան պալատը չի հստակեցնում։

Ավելի վաղ, սակայն, Ադրբեջանի նախագահը «Ֆրանս 24-ի» հետ հարցազրույցում փաստել էր, որ մի քանի զրույց է ունեցել նախագահ Մակրոնի հետ։ «Վերջին հեռախոսազրույցը շատ դրական էր: Ինձ հայտնել են, որ Ֆրանսիան` իբրև Մինսկի խմբի համանախագահող պետություն, չեզոք է լինելու», - ասել էր Ալիևը։

Հայաստանի վարչապետն իր հերթին ֆրանսիական Libération-ի հետ զրույցում նախօրեին նշել էր՝ հայկական կողմն ակնկալում է, որ Ֆրանսիան կաջակցի ու կքաջալերի Ռուսաստանին՝ Ադրբեջանին և Թուրքիային կանգնեցնելու հարցում։ Երեկվա հայտարարության մեջ Ֆրանսիայի նախագահն ընդգծել էր՝ պաշտոնական Փարիզը կլինի չափազանց հետևողական և կմնա հանձնառու, որպեսզի ռազմական գործողությունները տևականորեն դադարեցվեն, և շուտով սկսվեն արժանահավատ քննարկումներ։

Երեկ նույնն էր պնդել նաև Ռուսաստանի արտգործնախարարը հայաստանցի և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ զրույցներում։ «Ընդգծվել է հոկտեմբերի 10-ին՝ հրադադարի մասին Մոսկվայում ձեռք բերված համաձայնություններին խստորեն հետևելու անհրաժեշտությունը»,- երեկ ուշ երեկոյան հայտարարեց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Միջազգային ասպարեզում առայժմ միակ երկիրը Թուրքիան է, որը մինչ օրս ոչ միայն հրադադարի կոչ չի արել կողմերին, այլև հրապարակավ կասկածի տակ է դրել այդ ուղղությամբ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի ջանքերը։ Ի դեպ, պաշտոնական Անկարան այսօր վերստին իր անվերապահ աջակցությունն է հայտնել Բաքվին՝ անտեսելով հակամարտությանը չմիջամտելու արևմուտքից հնչող շարունակական կոչերը։ «Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն ուս-ուսի պայքարել ցանկացած սպառնալիքի դեմ, որևէ մեկը չի կարող մեզ խոչընդոտել ո՛չ մարտադաշտում, ո՛չ էլ բանակցությունների սեղանի շուրջ»,- այսօր Թվիթերում գրել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընը։

Հակամարտության գոտում արդեն երրորդ շաբաթը չդադարող ռազմական գործողությունների և Թուրքիայից շարունակաբար հնչող այս հայտարարությունների ֆոնին՝ վաղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկրորդ անգամ կքննարկի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այս անգամ, սակայն, ըստ հաղորդումների, դռնփակ քննարկումը նախաձեռնել են Մինսկի խմբում համանախագահող պետությունները՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG