Մատչելիության հղումներ

Բայդենը քննադատում է Թրամփին Ղարաբաղի հարցում


ԱՄՆ նախագահի թեկնածուներ՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփ և նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդեն, արխիվ
ԱՄՆ նախագահի թեկնածուներ՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփ և նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդեն, արխիվ
Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմին Լեռնային Ղարաբաղի հարցում պասիվ քաղաքականության համար։

«Ես խորապես մտահոգված եմ հոկտեմբերի 10-ի հրադադարի ռեժիմի փլուզումով և Լեռնային Ղարաբաղում ու նրա հարակից տարածքում մարտերի վերսկսմամբ: Անօդաչու թռչող սարքերը, ականանետները և հեռահար հրետանին խլում են հարյուրավոր կյանքեր շփման գծի երկու կողմերում և տեղահանում հազարավոր խաղաղ բնակիչների», - ասված է Բայդենի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում:

«Անհասկանալիորեն, Թրամփի վարչակազմը հիմնականում պասիվ է և կտրված լարվածության աճի այս վերջին շրջանի ողջ ընթացքում: Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների բռնկումից ի վեր, ոչ նախագահ Թրամփը, ոչ էլ պետքարտուղար Պոմպեոն ոչ մի անգամ չեն զանգահարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, նույնիսկ երբ տարածաշրջանն այրվում է կրակների մեջ:

Դիվանագիտությունը Մոսկվային պատվիրակելու փոխարեն, վարչակազմը պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենա՝ ամենաբարձր մակարդակներում, աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ` մարտերը թուլացնելու և երկու կողմերին բանակցություններին վերադարձնելու համար:

Թրամփի վարչակազմը պետք է Ադրբեջանին ասի, որ չի հանդուրժի այս հակամարտության ռազմական լուծում պարտադրելու նրա ջանքերը: Հայաստանին պետք է հասկանալի լինի, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող շրջանները չեն կարող անվերջ գրավված մնալ, և որ հրադադարի կնքումից անմիջապես հետո պետք է սկսվեն հուսալի բանակցությունները հակամարտության տևական լուծման շուրջ:

Վերջապես, այն պետք է դադարեցնի Անկարային փաղաքշել և ասի թե՛ Թուրքիային, թե՛ Իրանին՝ հեռու մնալ այս հակամարտությունից: Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքի տրամադրումը և ռազմական լուծումը խրախուսող ռազմաշունչ հռետորաբանությունն անպատասխանատու են», - շեշտում է ԱՄՆ նախկին փոխնախագահն իր հայտարարությունում:

«Դիվանագիտական լուծման հասնելը դյուրին չի լինի, բայց Թրամփի վարչակազմը պարտավոր է փորձել: Դա պետք է անի շտապ՝ կանխելու նոր մարդկային կորուստները և հակամարտության ընդլայնումը», - հայտարարում է Ջոզեֆ Բայդենը:
Անցած շաբաթավերջին Մոսկվայում հումանիտար հրադադար հաստատելու մասին համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Այդուհանդերձ, հոկտեմբերի 10-ին ժամը 12-ից ուժի մեջ մտած հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը միմյանց են մեղադրում:
XS
SM
MD
LG