Մատչելիության հղումներ

Մադուրոն և կինը Նյու Յորքի դատարանում չեն ընդունել մեղադրանքները


ԱՄՆ - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը քննարկում է Վենեսուելայում ԱՄՆ գործողությունները, Նյու Յորք, 5-ը հունվարի, 2026թ.
ԱՄՆ - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը քննարկում է Վենեսուելայում ԱՄՆ գործողությունները, Նյու Յորք, 5-ը հունվարի, 2026թ.

Վենեսուելայի առաջնորդն ու նրա տիկինը երեկ Նյու Յորքի դաշնային դատարանում չեն ընդունել ԱՄՆ-ի կողմից ներկայացված՝ թմրանյութերի միջոցով ահաբեկչության դավադրության և մյուս մեղադրանքները: ԱՄՆ իրավապահների հատուկ գործողության ժամանակ անցած շաբաթավերջին Կարակասում ձերբակալված և ԱՄՆ տեղափոխված Նիկոլաս Մադուրոն պնդել է, որ անմեղ է և դեռ ինքն է Վենեսուելայի նախագահը:

63-ամյա առաջնորդը հանգիստ է եղել մոտ 40 րոպե տևած ամբողջ նիստի ընթացքում, նույնիսկ, երբ դահլիճում ներկաներից մեկը բղավել է, թե նա կվճարի «իր հանցագործությունների համար»։ «Ես նախագահն եմ և ռազմագերի», - իսպաներեն պատասխանել է Մադուրոն:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է մարտի 17-ին։

Երեկվա նիստից առաջ դատարանի շենքի մոտ տասնյակ ցուցարարներ էին հավաքվել՝ Մադուրոյի աջակիցներ ու ընդդիմախոսներ։

«Գնա՛ Վենեսուելա, գնա, որ տեսնես, թե ինչպես է մայրդ ստիպված երեք-չորս օր հերթ կանգնում մեկ տոպրակ ալյուրի համար։ Դա սուտ չէ։ Դա ճշմարտություն է», - ասում էր Մադուրոյի ընդդիմախոս մի ցուցարար:

«Մենք այստեղ ենք, որպեսզի ասենք՝ ազա՛տ արձակեք Մադուրոյին, ԱՄՆ-ն իրավունք չունի Վենեսուելայի նախագահին և նրա տիկնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, պահելու ԱՄՆ դատարաններում։ Մեղադրանքները կեղծ են և նպատակ ունեն քողարկել քաղաքական իրական օրակարգը՝ իշխանափոխություն», - հայտարարում էր Մադուրոյի աջակից ցուցարարը:

Ու մինչ Մադուրոն չի ընդունում մեղադրանքը, նրա դաշնակից, Վենեսուելայի փոխնախագահը երեկ պաշտոնապես երդվել է որպես ժամանակավոր նախագահ։ Բիզնեսի հետ իր սերտ կապերով և իշխող կուսակցությանը նվիրվածությամբ հայտնի 56-ամյա Դելսի Ռոդրիգեսի երդումն ընդունել է Ազգային ժողովի նախագահը, որը նրա եղբայրն է:

Ռոդրիգեսը խոստացել է ապահովել միասնություն, սոցիալական բարեկեցություն, քաղաքական կայունություն, անվտանգություն և երկիրը դուրս բերել ճգնաժամից: Դելսի Ռոդրիգեսը, որը Մադուրոյի ձերբակալումից հետո վճռականորեն աջակցել էր նրան, երեկ էլ ԱՄՆ-ի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել, ասել է, թե ցավում է Մադուրոյի և նրա տիկնոջ առևանգման համար:

Բայց նույնիսկ Ռոդրիգեսի երդման արարողությունից հետո ԱՄՆ նախագահը NBC News-ին ասել է՝ ինքն է պատասխանատու Վենեսուելայի կառավարման համար:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելու Վենեսուելայում ԱՄՆ գործողությունները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորը մտահոգություն է հայտնել ամերիկյան հարվածների, նախագահ Մադուրոյի ձերբակալման և երկրում անկայունության հնարավոր աճի վերաբերյալ:

«Խորապես մտահոգված եմ հնարավոր սրացմամբ, երկրում անկայունությամբ, տարածաշրջանի վրա հնարավոր ազդեցությամբ և այն նախադեպով, որը դա կարող է ստեղծել պետությունների միջև հարաբերությունների կարգավորման համար», - ասված էր հայտարարությունում:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը դատապարտել է Վենեսուելայում ԱՄՆ գործողությունները և կոչ արել անմիջապես ազատ արձակել Մադուրոյին և նրա տիկնոջը: ՄԱԿ-ում Չինաստանի դեսպանն էլ ասել է, որ Պեկինը «խորապես ցնցված է և խստորեն դատապարտում է ԱՄՆ միակողմանի, անօրինական և ահաբեկչական գործողությունները»։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը պատասխանել է, որ ԱՄՆ-ն պատերազմ չի վարում Վենեսուելայի կամ վենեսուելացիների դեմ, ոչ էլ գրավում է այդ երկիրը: Ըստ Մայք Ուոլցի՝ իրավապահները Մադուրոյին և նրա տիկնոջը ձերբակալելու հատուկ գործողություն են իրականացրել օրինական մեղադրանքների հիման վրա, որ գոյություն ունեն տասնամյակներ:

«ԱՄՆ-ն ձերբակալել է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված մի անձի, որն այժմ դատարանի առաջ է կանգնելու ԱՄՆ-ում՝ օրենքի գերակայության համաձայն, մեր ժողովրդի դեմ 15 տարի շարունակ կատարած հանցագործությունների համար», - հայտարարել է Ուոլցը:

Մարդու իրավունքների աղաղակող խախտումներով հայտնի Վենեսուելայում ԱՄՆ գործողությունների համար Թրամփի վարչակազմին քննադատել է նաև Սենատում դեմոկրատների առաջնորդը: Չաք Շումերը նաև հետաքրքրվել է, թե արդյոք այլ երկրներում ևս նման գործողություններ են նախատեսվում:

«Արդյոք դիտարկվո՞ւմ է Կոլումբիայի վրա հարձակումը։ Կամ ի՞նչ կասեք Իրանի կամ Գրենլանդիայի մասին։ Ինչպե՞ս կարող է այս ամենը կապ ունենալ Ամերիկայի շահն առաջ դասելու հետ։ Պարզ պատասխանն է՝ ոչ մի կերպ», - հայտարարել է դեմոկրատ սենատորը:

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը ողջունել է ԱՄՆ գործողությունները՝ դրանք համարելով «մարդկության, ազատության և մարդկային արժանապատվության համար հսկայական քայլ»։ Մարիա Կորինա Մաչադոն 2025-ի հունվարին հակակառավարական ցույցերն առաջնորդելուց, ապա բռնաճնշումների պատճառով ամիսներ թաքնվելուց հետո մեկնել էր Նորվեգիա՝ Մադուրոյի «բռնապետության դեմ մղած պայքարի համար» Նոբելյան Խաղաղության մրցանակը ստանալու: Ընդդիմադիր գործիչը Fox News-ին ասել է, որ հնարավորինս շուտ կվերադառնա հայրենիք:


XS
SM
MD
LG