Մատչելիության հղումներ

Կուբան հաղորդում է Վենեսուելայում ԱՄՆ գործողության ընթացքում իր 32 զինվորականների և հետախույզների զոհվելու մասին


ԱՄՆ-ը հարվածներ է հասցնում Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, 3-ը հունվարի, 2026թ.
ԱՄՆ-ը հարվածներ է հասցնում Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, 3-ը հունվարի, 2026թ.

Կուբայի կառավարությունը հայտարարել է, որ երկրի 32 քաղաքացիներ են զոհվել Վենեսուելայում Միացյալ Նահանգների ռազմական գործողության ընթացքում: Հավանայում երկօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ զոհվածների:

Հայտարարության համաձայն՝ զոհվածները Կուբայի զինված ուժերի զինծառայողներ և հետախուզական ծառայությունների աշխատակիցներ են:

«Անվտանգության և պաշտպանության ապահովման իրենց պարտականություններին հավատարիմ՝ մեր հայրենակիցներն արժանապատվորեն ու հերոսաբար կատարեցին իրենց պարտքը և ընկան կատաղի դիմադրությունից հետո կա՛մ հարձակվողների դեմ ուղիղ մարտում, կա՛մ օբյեկտների ռմբակոծության հետևանքով», - ասված է հայտարարությունում:

Reuters-ը հաղորդում է, որ Կուբան մասնակցել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի անվտանգության ապահովմանը: Առայժմ, սակայն, հստակ չէ՝ այդ երկրի կոնկրետ քանի քաղաքացի է ներգրավված եղել Մադուրոյի պահպանության գործում, և քանիսն են տուժել ԱՄՆ գործողության ընթացքում։

The New York Times-ը, վկայակոչելով իր աղբյուրը, գրել է, որ գործողության ընթացքում զոհվել է առնվազն 40 մարդ՝ զինծառայողներ և խաղաղ բնակիչներ:

Ամերիկյան կողմում, ըստ նախագահ Թրամփի, զոհեր ու վիրավորներ չկան։

Հունվարի լույս 3-ի գիշերը ամերիկյան զորքերը հարվածներ հասցրեցին Վենեսուելայի ռազմական օբյեկտներին և ձերբակալեցին երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը, որոնք ԱՄՆ դատարանի առջև կկանգնեն:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG