Մատչելիության հղումներ

Թրամփ. Ռոդրիգեսը կարող է շատ ավելի մեծ գին վճարել, քան Մադուրոն, եթե չանի այն, ինչ ճիշտ է


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օդանավում զրուցում է լրագրողների հետ, 4-ը հունվարի, 2026թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օդանավում զրուցում է լրագրողների հետ, 4-ը հունվարի, 2026թ.

Նիկոլաս Մադուրոն կնոջ հետ բերվել է Նյու Յորքի Մանհեթեն թաղամաս, որտեղ այսօր ավելի ուշ կկանգնի դատարանի առաջ: Վենեսուելան 12 տարուց ավելի կառավարած Մադուրոյին և տիկնոջը չորս մեղադրանք է ներկայացվել, այդ թվում՝ թմրանյութերի միջոցով ահաբեկչության ու նարկոկարտելների հովանավորման։ Ամերիկյան ուժերը նրանց շաբաթավերջին Կարակասում հատուկ գործողության ժամանակ ձերբակալել և տեղափոխել էին Նյու Յորք:

Մինչ կսկսվեն 63-ամյա Մադուրոյի դատական լսումները, երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ամերիկան կարող է նոր հարված հասցնել, եթե Վենեսուելան չհամագործակցի ԱՄՆ-ի հետ։ Ամերիկյան The Atlantic ամսագրին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսին սպառնացել է, որ նա կարող է «շատ ավելի մեծ գին վճարել, քան Մադուրոն», եթե «չանի այն, ինչ ճիշտ է»։

Նախագահական ինքնաթիռում էլ Թրամփը լրագրողներին ասել է, որ Վենեսուելան «մեռած երկիր» է, և ԱՄՆ-ն կղեկավարի այն, մինչև երկիրը ոտքի կանգնի:

«Վենեսուելան այս պահին մեռած երկիր է։ Պետք է այն վերականգնենք։ Նավթային ընկերությունները մեծ ներդրումներ կանեն՝ ենթակառուցվածքները վերականգնելու համար։ Նավթային ընկերությունները պատրաստ են դրան», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը:

Սպիտակ տան ղեկավարը նաև սպառնացել է ռազմական գործողություններ սկսել Կոլումբիայում և Մեքսիկայում, պնդելով, որ նրանք թմրանյութեր են ներմուծում ԱՄՆ:

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարը երեկ կառավարության նիստին արձագանքել է Թրամփին՝ հայտարարելով, որ Վենեսուելան պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ միջազգային իրավունքի շրջանակում և համատեղ զարգացմանը միտված համագործակցության օրակարգի շուրջ:

Դելսի Ռոդրիգեսը սոցցանցում էլ գրել է, որ Կարակասը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղությանը և խաղաղ համակեցությանը և ձգտում է ապրել «առանց արտաքին սպառնալիքների, հարգանքի և միջազգային համագործակցության միջավայրում»։

Նա նաև նշել է, որ երկու ժողովուրդներն ու տարածաշրջանը արժանի են խաղաղության և երկխոսության, այլ ոչ թե պատերազմի։ Դա է Վենեսուելայի ուղերձը, նշել է նա։

«Մենք առաջնահերթություն ենք տալիս ԱՄՆ-ի և Վենեսուելայի, ինչպես նաև Վենեսուելայի և տարածաշրջանի մյուս երկրների միջև հավասարակշռված և հարգալից հարաբերությունների հաստատմանը, որոնք հիմնված կլինեն ինքնիշխան հավասարության և չմիջամտելու սկզբունքի վրա», - ընդգծել է Դելսի Ռոդրիգեսը:

ԱՄՆ պետքարտուղարն, իր հերթին, CBS-ին տված հարցազրույցում ասել է, որ Վենեսուելայի տնտեսությունը մեծապես կախված է նավթից, սակայն նավթարդյունաբերության ոլորտն անարդյունավետ է կառավարվում, ինչն էլ ԱՄՆ-ն մտադիր է փոխել: Բացի դրանից՝ նավթից ստացվող եկամուտներից ժողովուրդը չի օգտվել, այլ միայն՝ վերնախավը, հետևաբար ԱՄՆ-ն դեռ կշարունակի թույլ չտալ Վենեսուելայից նավթի արտահանումը, մինչև ամեն ինչ կարգավորվի, ասել է Մարկո Ռուբիոն:

«Դա մնում է ուժի մեջ և հսկայական լծակ է, որը կշարունակի ուժի մեջ մնալ, մինչև տեսնենք փոփոխություններ, որոնք ոչ միայն կխթանեն ԱՄՆ պետական շահերը, ինչը թիվ մեկ առաջնահերթությունն է, այլև կհանգեցնեն Վենեսուելայի ժողովրդի համար ավելի լավ ապագայի», - հայտարարել է Ռուբիոն:

Վենեսուելայի պետական նավթային ընկերությունն արդեն սկսել է կրճատել նավթի արտադրությունը, քանզի ԱՄՆ-ի կողմից նավթային շարունակվող շրջափակման պայմաններում սպառվել են ընկերության պահեստային հզորությունները:

Reuters-ը, սակայն, հաղորդում է, որ վերջին օրերին մի քանի նավթատար տանկերներ խախտել են ԱՄՆ շրջափակումը և կարողացել են նավթը տեղափոխել արտերկիր:

Ինչպե՞ս է աշխարհն արձագանքում Վենեսուելայում ԱՄՆ գործողություններին

Վենեսուելայի դաշնակիցներից Իրանը դատապարտել է ԱՄՆ գործողություններն ու Մադուրոյի ձերբակալությունը՝ այն անվանելով երկրի ինքնիշխանության «կոպիտ խախտում»:

Չինաստանն էլ խորը մտահոգություն է հայտնել և ԱՄՆ-ին կոչ է արել «անհապաղ» ազատ արձակել Մադուրոյին: Արտգործնախարարության խոսնակը նշել է, որ ԱՄՆ գործողությունները միջազգային իրավունքի և հարաբերությունների հիմնարար նորմերի ակնհայտ խախտում են և հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը:

«Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում ապահովել նախագահ Մադուրոյի և նրա կնոջ անձնական անվտանգությունը, անհապաղ ազատ արձակել նրանց, դադարեցնել Վենեսուելայի կառավարությունը թուլացնող գործողությունները և խնդիրը լուծել երկխոսության և բանակցությունների միջոցով», - ասել է Լին Ցզյանը:

Գերմանիան, իր հերթին, հայտարարել է, որ «բոլորը պետք է հարգեն միջազգային իրավունքը», և ԱՄՆ-ից պահանջել բացատրություն տալ աշխարհին Վենեսուելայում կատարվածի վերաբերյալ: Ֆրանսիան էլ հայտարարել է, որ չնայած Մադուրոն բռնակալ էր, և նրա հեռացումը լավ է վենեսուելացիների համար, սակայն կիրառված մեթոդը հակասում է միջազգային իրավունքին:

«Ֆրանսիայի դիրքորոշումը կրկին հստակ է։ Նախագահ Թրամփի գործողությունները հակասում են միջազգային իրավունքին։ Մենք միշտ պաշտպանել ենք և կպաշտպանենք միջազգային իրավունքը, քանի որ այն համաշխարհային կայունության և խաղաղության պայմանն է», - ասել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Մո Բրեժոն:

Կուբան հայտարարել է, որ Մադուրոյի ձերբակալման գործողության ընթացքում ամերիկյան հարվածներից և կրակոցներից կուբացի 32 զինվոր և հետախույզ է զոհվել: Նրանք, ըստ Reuters-ի, մասնակցել են Մադուրոյի անվտանգության ապահովմանը: Կուբայում երկօրյա ազգային սուգ է հայտարարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG