Մատչելիության հղումներ

150 ինքնաթիռ, հարվածներ և փոխհրաձգություն․ ի՞նչ է հայտնի Մադուրոյի ձերբակալման հատուկ գործողությունից


ԱՄՆ ղեկավարները՝ նախագահ Թրամփի գլխավորությամբ, հետևում են Վենեսուելայի նախագահի ձերբակալման գործողությանը
ԱՄՆ ղեկավարները՝ նախագահ Թրամփի գլխավորությամբ, հետևում են Վենեսուելայի նախագահի ձերբակալման գործողությանը

Ինչպե՞ս է կազմակերպվել և իրականացվել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի ձերբակալման գործողությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ամերիկացի այլ պաշտոնյաներ երեկ բավականին պատմել են այս մասին։ BBC-ի ռուսական ծառայությունն իր հերթին որոշ մանրամասներ է ներկայացնում։

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ գործողության պլանավորմանը մասնակցել են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Կենտրոնական հետախուզական վարչությունն ունեցել է ինչպես տեղում աշխատող փոքր թիմ, այնպես էլ Վենեսուելայի կառավարության ներսում գտնվող աղբյուրներ։

ԱՄՆ հետախուզական գործակալությունների հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Մադուրոն և նրա կինը ձերբակալվել են հունվարի 3-ի վաղ առավոտյան՝ Վենեսուելայի վրա ԱՄՆ հրթիռային հարվածներից կարճ ժամանակ անց։ Երկուսն էլ ձերբակալվել են մայրաքաղաք Կարակասում գտնվող իրենց տանը։

BBC-ի ամերիկյան գործընկեր CBS-ի աղբյուրները հայտնել են, որ գործողությունն իրականացրել է «Դելտա Ֆորս»-ը՝ ԱՄՆ հակաահաբեկչական գլխավոր ստորաբաժանումը։

Շաբաթ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Մադուրոյի տունը «ավելի շատ նման է ամրոցի», և որ հատուկ նշանակության ուժերը պատրաստ էին օգտագործել հատուկ տեխնիկա՝ պողպատե պաշտպանությունը կտրելու համար, բայց, ի վերջո, դրա անհրաժեշտությունը չի եղել։

CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հավելել է, որ Մադուրոն և Սիլիա Ֆլորեսը քնած են եղել, երբ սկսվել է գործողությունը։

Արխիվ
Արխիվ

Թրամփն անձամբ ուղիղ եթերում է դիտել գործողությունը։ Նա հայտարարել է, որ ամերիկացի զինվորներ չեն զոհվել, և կան միայն մի քանի վիրավորներ՝ չնշելով կոկնկրետ թիվ։

Ինչպե՞ս է ԱՄՆ-ն նախապատրաստվել այս գործողությանը


Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու գործողությունը նախապատրաստվում էր 2025 թվականի ամռանից։

Պլանավորման մանրամասներին ծանոթ աղբյուրը CBS-ին ասել է, որ նախապատրաստական խմբում ընդգրկված էին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը և ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Սթիվեն Միլլերը։

Ամերիկյան հեռուստաալիքի աղբյուրը հայտնում է, որ խումբը գործողության վրա աշխատել է մի քանի ամիս՝ անցկացնելով կանոնավոր, երբեմն՝ ամենօրյա հանդիպումներ: Խումբը նաև հաճախակի հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ:

CBS-ի աղբյուրը հայտնում է, որ Վենեսուելայում գաղտնի գործել է նաև փոքր աշխատանքային խումբ։ Նրանք կարողացել են բացահայտել Մադուրոյի կենսակերպի մասին «բացառիկ տեղեկություններ», ինչը նպաստել է ձերբակալմանը։

Բացի դրանից՝ ԱՄՆ-ն ունեցել է իր սեփական աղբյուրները Վենեսուելայի կառավարությունում, իսկ հետախուզական գործակալությունները մշտական մոնիտորինգ են իրականացրել արբանյակների և ռադարների համար անտեսանելի անօդաչու թռչող սարքերով։

Շաբաթ կայացած մամուլի ասուլիսին ԱՄՆ բարձրաստիճան զինվորական հրամանատար, Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը հայտարարել է, որ արդեն դեկտեմբերին գործողության համար ամեն ինչ պատրաստ էր, սակայն ստիպված են եղել մի քանի շաբաթ սպասել հարմար եղանակային պայմանների։


Ինչպե՞ս է անցել բուն գործողությունը


Քեյնի խոսքով՝ հարմար եղանակային պայմաններ են ստեղծվել հունվարի 3-ի գիշերը, և Արևելյան ափի ժամանակով ժամը 22:46-ին նախագահ Թրամփը հրաման է տվել սկսել գործողությունը։

Գեներալ Քեյնի խոսքով՝ 20 բազայից միաժամանակ օդ է բարձրացել ավելի քան 150 ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։

Կարակասը ԱՄՆ հարվածների ժամանակ
Կարակասը ԱՄՆ հարվածների ժամանակ

Այնուհետև Կարիբյան ավազանում գտնվող ավիակրից օդ են բարձրացել ուղղաթիռներ, որոնց մեջ են եղել նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչները (ովքեր պետք է անձամբ մեղադրանք առաջադրեին Մադուրոյին)։

Գեներալի խոսքով՝ ուղղաթիռները թռչում էին ջրից 30 մետր բարձրության վրա։ Այդ պահին ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը սկսել են հարվածել Վենեսուելային հակաօդային պաշտպանությանը։

Կարակասի ժամանակով ժամը 02:01-ին (ԱՄՆ արևելյան ափից մեկ ժամ առաջ է) ուղղաթիռները հասել են Մադուրոյի նստավայր։ Նրանց անվտանգությունը նախկինի պես շարունակել են ապահովել ավելի բարձր թռչող ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը։

Ուղղաթիռները կրակ են բացել, ինչից հետո վենեսուելացիները նրանց ուղղությամբ պատասխան կրակ են արձակել և դիպել ուղղաթիռներից մեկին։ Սակայն, գեներալ Քեյնի խոսքով, այն շարքից դուրս չի եկել և մյուսների հետ վերադարձել է առաջադրանքը կատարելուց հետո։

Այնուհետև հատուկջոկատայինները գերեվարարել են Մադուրոյին և նրա կնոջը։ Ուղղաթիռները կրկին օդ են բարձրացել և Արևելյան ափի ժամանակով ժամը 3:29-ին, այսինքն՝ գործողության մեկնարկից 4 ժամ 43 րոպե անց, վայրէջք են կատարել ամերիկյան «Իվո Ջիմա» ավիակրի վրա։

Միևնույն ժամանակ, CNN-ը, հղում անելով իր անանուն աղբյուրին, հաղորդում է, որ Մադուրոյի գերեվարման ժամանակ ամերիկացի զինվորները կյանքին չսպառնացող բեկորային և հրազենային մի քանի վնասվածքներ են ստացել։

Դոնալդ Թրամփը, մամուլի ասուլիսին պատասխանելով հարցերին, ասել է, որ գործողության ընթացքում «շատ կրակոցներ» են եղել։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Մադուրոն փորձել է թաքնվել «ամուր պողպատից պատրաստված» ինչ-որ ապաստարանում, սակայն ամերիկացի զինվորականները նրան թույլ չեն տվել դա անել։

Գեներալ Դեն Քեյնը հենց սկզբում ընդգծել է, որ բաց կթողնի բազմաթիվ մանրամասներ՝ նման գործողությունների մեթոդներն ու մարտավարությունը չբացահայտելու համար։

Քեյնը մի քանի անգամ նշել է, որ նման գործողությունը, որի ընթացքում փոխգործակցում են ռազմաօդային ուժերը, ռազմածովային ուժերը, տիեզերական ուժերը, ծովային հետևակը և զորքերի այլ ստորաբաժանումներ ու տեսակներ, կարող է իրականացվել միայն ԱՄՆ զինված ուժերի կողմից։

Գումար՝ Մադուրոյին բռնելու համար

ԱՄՆ-ն դեռ անցած տարի էր 50 միլիոն դոլար խոստացել Մադուրոյի ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար։ Նա 2020 թվականից հետախուզվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության և փողերի լվացման մեղադրանքներով։

Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը (երկրի Գերագույն դատարանը նրան արդեն նշանակել է նախագահ) հունվարի 3-ի կեսօրին հայտարարել է, որ կառավարությունը չգիտի Մադուրոյի և նրա կնոջ գտնվելու վայրը և պահանջել է «անհապաղ ապացույցներ, որ նրանք ողջ են»։

Ավելի ուշ Թրամփն իր Truth Social սոցցանցի էջում հրապարակեց Նիկոլաս Մադուրոյի լուսանկարը նավի վրա։ Նա կրում էր շատ մուգ ակնոց և ձայնը խլացնող ականջակալներ (որպեսզի չտեսնի ու չլսի- խմբ.), ձեղնաշղթաներով էր, հագել էր մոխրագույն մարզահագուստ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 3-ին հայտարարել է, որ Մադուրոն «շատ հնարավորություններ» ուներ ռազմական լուծումից խուսափելու համար, բայց փոխարենը նախընտրեց «վարվել խելագարի պես» և «խաղեր խաղալ»։

Դոնալդ Թրամփը գովաբանել է գործողությունը՝ այն անվանելով ամերիկյան պատմության մեջ ռազմական ուժի «ամենատպավորիչ և արդյունավետ» ցուցադրություններից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG