Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանին երրորդ անգամ հարցաքննության բերեցին Քննչական

Կալանավորված Գագիկ Ծառուկյանն արդեն ավելի քան յոթ ժամ Քննչական կոմիտեում է. նրան երրորդ անգամ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից հարցաքննության են բերել:

Թե կոնկրետ ինչ քննչական գործողություններ են այժմ իրականացնում, պարզ չէ: Հայտնի է, որ վկայի կարգավիճակով Քննչական կոմիտե այսօր նաև փաստաբան Երեմ Սարգսյանին են հրավիրել. երկու օր առաջ նրան զրկեցին Գագիկ Ծառուկյանին պաշտպանելու հնարավորությունից։

Խարդախության ու փողերի լվացման մեղադրանքով արդեն 18 օր կալանավորված Գագիկ Ծառուկյանի թիմակիցները, աջակիցները և ընդդիմադիր այլ ուժերի ներկայացուցիչներն այս քրեական գործը քաղաքական հետապնդում են որակում:

Մինչդեռ իրավապահները պնդում են՝ ապացույցներ ունեն, որ Ծառուկյանը 21 միլիոն դոլարի հափշտակություն է կազմակերպել իրանցի գործարարներից։

Նախընտրական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ սպառնում էր ազատազրկել և ունեզրկել գործարարին, ընտրություններից ուղիղ մեկ ամիս անց Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց, զուգահեռ՝ իրավապահները կապարակնքեցին նրան պատկանող ավելի քան մեկ տասնյակ խոշոր ընկերություններ, այդ թվում՝ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկերի առաջատար ձեռնարկություններ։ Ծառուկյաններին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի կառավարումն անցել է գործադիրին, Երևանի քաղաքապետարանն էլ հայտարարում է, թե իրենց վերահսկողության տակ է «Մուլտի Ուելնես» մարզասրահը:

«Տաս հազարից ավելի մարդ արդեն քսան օր է հարկադիր պարապուրդի է մատնված, «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող և պարոն Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված տասից ավելի ընկերությունների գործունեություն կասեցված է», - ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

Ընկերությունների աշխատակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պարզաբանումներ պահանջելով ու խնդրելով թույլ տալ աշխատանքի վերադառնալ։ Ինչպե՞ս են պահելու իրենց ընտանիքները, եթե արդեն մի քանի շաբաթ է չեն աշխատում, մինչև ե՞րբ են շարունակվելու քննչական գործողությունները, հարցնում են վրդովված քաղաքացիները։

Նրանց հուզող հարցերն անցած շաբաթ «Ազատություն»-ը իրավապահներին էր գրավոր ուղղել, միայն տեղեկացրել էին, թե այդ ընկերություններում գույքագրումներ են իրականացնելու: Թե ինչ հիմքով ու ինչպես են գույքագրելու մասնավոր սեփականությունը և երբ կհեռացնեն կապարակնիքները, Քննչական կոմիտեն չէր պարզաբանել;

«Իշխանությունը այս օրերին հետևողականորեն երկրի տնտեսական հեղինակությունն է զրոյին հավասարեցնում միջազգային ասպարեզում, որովհետև որևէ իրեն հարգող ներդրող Հայաստանում այլևս երբեք ներդրում չի իրականացնելու, երբ որ իր աչքով տեսնում է, թե ինչպես օրը ցերեկով կոնկրետ ունեզրկման գործընթաց է սանձազերծվում Հայաստանում ամենահայտնի կայացած գործարարներից մեկի նկատմամբ», - ընդգծեց Տոնոյանը:

ԲՀԿ նախագահի խոսնակը պնդում է՝ իրենց իրավաբանները զբաղվում են «Արարատցեմենտ»-ի և «Մուլտի Ուելնես»-ի գործերով. - «Բնական է, որ մեր փաստաբանները ևս ձեռքները ծալած չեն նստելու, բնական է, որ մենք չենք ընդունում այդ որոշումը և հնարավոր բոլոր իրավական եղանակներով բողոքարկելու ենք այն»:

Քննչականը ոչ միայն Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներն է կապարակնքել, այլև Հայաստանի մարզական առօրյայի պատասխանատու կառույցներից Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն։ Իվետա Տոնոյանն ընդգծում է՝ աշխատանքները պարալիզացված են: Միջազգային օլիմպիական կոմիտեից ավելի վաղ «Ազատությանը» հայտնել էին՝ հետևում են տեղի ունեցողին և լուծումներ են փնտրում:

«Գործնականում, երբ որ չկա աշխատելու, տարրական գրագրություն իրականացնելու հնարավորություն, այսինքն՝ Օլիմպիական կոմիտեն կապարակնքված է, բնականաբար՝ Օլիմպիական կոմիտեի մասնագետները, պատասխանատուները իրականացնում են, փորձում են իրենց աշխատանքը հեռավար իրականացնել, բայց էդպես չի լինում: Հասկանում եմ՝ 21-րդ դարն է, բայց և, այնուամենայնիվ, աշխատանքային տարրական, նվազագույն պայմաններ չկան էդ աշխատանքը կանոնակարգելու», - նշեց Տոնոյանը:

ԲՀԿ առաջնորդի խոսնակի պնդմամբ՝ արդեն իսկ խնդիրներ են ծագել տարբեր մրցումներին պատրաստվելու տեսանկյունից, տեխնիկական հարցերից զատ նաև մարզիկների պարապմունքների հնարավորություններն են սահմանափակված, իրավապահները նաև Օլիմպիական կոմիտեի մարզաբազան՝ «Օլիմպավան»-ն են կապարակնքել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG