Կալանավորված Գագիկ Ծառուկյանին դարձյալ իր դաստակներից փոքր ձեռնաշղթաներով ոստիկանների ուղեկցությամբ այսօր բերել են Քննչական կոմիտե՝ քննչական գործողության:
Ավելի վաղ ՄԻՊ-ն անդրադարձել էր Ծառուկյանին փոքր ձեռնաշղթաներով տեղափոխման դեպքին.
«Ներկայացվել են մտահոգություններ առ այն, որ անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ այն պարագայում, որ, ըստ այդ մտահոգությունների, վերջինս ի սկզբանե չի ցուցաբերել որևէ դիմադրություն, իսկ կիրառված ձեռնաշղթան եղել է անձի դաստակների չափից փոքր», - նշել էր ՄԻՊ-ը՝ հավելելով, որ Հայաստանում ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության առումով առկա են համակարգային խնդիրներ:
Տարածքում հավաքվել են Ծառուկյանի աջակիցները, հիմնարկությունների աշխատողները:
«Մեզ տեղեկացրել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա: Այն մեղադրանքն է, որ գործն այստեղ քննվում է՝ խարդախություն, փողերի լվացում, այդ մեղադրանքի մասին է խոսքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին երկու ամսով կալանավորեց՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով: Փաստաբաններն անհիմն են որակում մեղադրանքը:
Ծառուկյանի ձերբակալությանը զուգահեռ իրավապահները մտան նաև գործարարի ընտանիքին պատկանող տասնյակ ընկերություններ, որոնք Հայաստանի ամենաշատ հարկերը վճարողների ցանկերում են, կապարակնքեցին: