Մատչելիության հղումներ

«Առինջ մոլ»-ի տասնյակ տաղավարներ կապարակնքվել են. աշխատակիցները բողոքում են

Կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի հարկադիր պարապուրդի մատնված տասնյակ ընկերությունների շարքին ևս մեկ խոշոր բիզնես է ավելացել։ Այս երկուշաբթի իրավապահները գնացել են «Առինջ մոլ» ու կապարակնքել տասնյակ տաղավարներ։

Տաղավարների վարձակալներն ու աշխատակիցներն արդեն երեք օր չեն աշխատում։ Երկուշաբթի օրերին հանգստանում են, երեքշաբթի առավոտյան եկել են և իրենց տաղավարները փակված գտել։

«Ոչ մի ձևի ծանուցում չենք ստացել, մենք համարվում ենք այս տարածքի վարձակալները։ Մենք, իմ կարծիքով, պետք է ինչ-որ ձևով ծանուցում ստանայինք, որ օրինակ՝ երկուշաբթի օրվանից ձեր խանութները կապարակնքվելու են», - ասաց աշխատակիցների մեկը։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք խոշոր ընկերությունների աշխատակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում ու կառավարությանը խնդրում թույլ տալ աշխատանքի վերադառնալ, սակայն մինչ այս պահը միայն Արարատի ցեմենտի գործարանն է վերաբացվել, որի կառավարումն էլ արդեն գործադիրին է անցել։

Մինչ այս երկուշաբթի «Առինջ մոլ»-ի տնտեսվարողները սովորական աշխատանքային հունի մեջ էին, նրանց աշխատանքը չէին դադարեցրել։ Այժմ նույն պահանջներով նաև նրանք են ցույցի դուրս եկել։

«Մեր խնդրանքն է, որ մեր խանութները բացվեն, մենք վերադառնանք մեր բնականոն աշխատանքին, այս ցնցումներից ազատվենք, նորմալ աշխատենք։ Մենք մեր հարկային պարտավորությունները նորմալ կատարում ենք, մենք ինչի՞ այսօր պետք է փաստի առաջ կանգնենք», - նշեց ակցիայի մասնակցիներից մեկը:

Զրույցների մակարդակով լսել էին, գուցե պատճառն այն է, որ տաղավարների այդ շարքը բարձրավոլտ էլեկտրական գծերի տակ է գտնվում և անվտանգության խնդիր կա։ Աշխատանքային օրվա ավարտին Քննչական կոմիտեն հաստատեց այդ տեղեկությունները։ Հայտնեցին՝ իրենց փորձագետը պարզել է, որ շինություններն ու ավտոկայանատեղին բարձրավոլտ էլեկտրական գծերի տակ են գտնվում և դրանց հետագա շահագործումը վտանգ է ներկայացնում քաղաքացիների կյանքի և առողջության համար և անվտանգության նկատառումներից ելնելով փակվել են։

Տնտեսվարողներն ու աշխատակիցները հարցնում են՝ այդ դեպքում ինչո՞ւ են միայն հիմա դա խնդիր համարել ու փակել տաղավարները, երբ մայրուղու հարևանությամբ էլեկտրասյունը, հոսանքի գծերն ու տաղավարները այսպես իրար մոտ են արդեն տարիներ շարունակ՝ բոլորի աչքերի առջև։ Մատնացույց են անում հենց հարևանությամբ գտնվող մի հատված, որտեղ նմանատիպ էլեկտրասյան կողքին շինարարություն են անում։

Քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնեցին՝ իրենք այս որոշման հետ առնչություն չունեն։ «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունից հետո իրենք մոտ երկու տարի առաջ նաև «Առինջ մոլ»-ում են ստուգումներ արել, խախտումներ գտել, գործունեությունը դադարեցրել են, ինչից հետո դրանք վերացվել են, ու առևտրի կենտրոնը դարձյալ բացել է դռները։

Մինչ այդ կենցաղային հարցեր են առաջանում. մարդիկ անձնագիր, ավտոմեքենայի բանալի են ներսում թողել, ի՞նչ պետք է անեն։

Մինչ տնօրինությունը, վարձակալներն ու աշխատակիցները խնդրում են բացել տաղավարները, դժգոհում են նաև առևտուր անելու համար «Առինջ մոլ» եկած քաղաքացիները։ Սովորական աժիոտաժի փոխարեն նրանք փակ դարպասներ տեսան։

Գագիկ Ծառուկյանի թիմից հայտնում են իրավապահների գործողությունների հետևանքով շուրջ 10000 մարդ հարկադիր պարապուրդի մեջ է։ «Ազատության» հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից անցած շաբաթ հայտնել էին, թե կապարակնքված ընկերություններում գույքագրումներ են իրականացնելու, թե մասնավոր սեփականությունն ինչպե՞ս ու ի՞նչ հիմքով են գույքագրում, Քննչականը չէր պարզաբանել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում ուղիղ սպառնում էր ազատազրկել ու ունեզրկել Գագիկ Ծառուկյանին։ ԲՀԿ առաջնորդն ընտրություններից հետո հայտնվեց բանտում խարդախության և փողերի լվացման մեղադրանքով։ Նրան պատկանող առնվազն երկու ընկերությունն այլևս Ծառուկյանները չեն տնօրինում։




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG