Մատչելիության հղումներ

Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները շարունակում են ակցիաները

Կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների բազմաթիվ աշխատակիցներն այս օրերին գրեթե ամենօրյա ռեժիմով բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ իրավապահներից պատասխաններ պահանջելով՝ երբ կհեռացնեն կապարակնիքները, որ իրենք կարողանան աշխատանքի անցնել և որ այս պահին խիստ անհրաժեշտ է՝ աշխատավարձ ստանալ:

Այսօր էլ իրենց աշխատավայրի փակ դռների մոտ էին հավաքվել անցած տարվա տվյալներով Հայաստանի 342-րդ ամենամեծ ընկերության՝ «Մուլտի տաբակ»-ի աշխատակիցները. թեև ընկերության գործերը մինչև իրավապհների այցն էլ լավ չէին շուկայական խնդիրների պատճառով, սակայն աշխատողներն ասում էին՝ աշխատավարձը կանոնավոր ստացել են, այժմ սպասում են հունիսի վճարումներին, մինչդեռ հուլիսը գրեթե կիսվել է:

«Հունիս ամիսը պետք է ստանանք... չենք ստացել, դե հասկանում ենք, որ կալանքի տակ են ամբողջ հաշիվները, հիմա ուզում ենք դրա հարցն էլ հասկանալ, որովհետև ժողովուրդը սպասում է, ուրիշ աշխատանք չի փնտրում, քանի որ մենք չենք փախնի, մենք հարմարվել ենք հիմնարկին», - ասաց հավաքվածներից մեկը:

Ընկերության ավագ լաբորանտ Մարիամ Մկրտչյանի ընտանիքն ապրում է իր ստացած աշխատավարձով. հարցնում է՝ ինչքա՞ն սպասի:

Արմենուհի Ենգոյանը այս ընկերություն է աշխատում հիմնադրումից սկսած, ստանում է 180-ից 200 հազար դրամ. «Չենք կարում ապրենք, ո՞նց ապրենք...»:

Ավագ օպերատոր Լիլիթ Դավթյանն ընտանիքի ֆինանսական բեռը կիսում է ամուսնու հետ, նա, սակայն, հիմնական գործ չունի. այժմ հարցականի տակ է նաև իր 150 հազար դրամ աշխատավարձը. «Մենք էլ ենք Հայաստանի քաղաքացի, չի կարելի մեզ տարանջատել, դրա համար պետք է մենք էլ չտուժենք»:

Իշխանափոխության հասնելու կարգախոսներով ընտրություններին մասնակցած Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող խոշոր ընկերությունները, որոնք նաև Հայաստանի ամենաշատ հարկերը վճարողների ցանկերում են, կապարակնքվեցին անցած երկուշաբթի: Իրավապահները ընկերություններ գնացին գրեթե միաժամանակ՝ երկուշաբթի առավոտյան, նույն ժամերին նրանք նաև Ծառուկյանի առանձնատանն էին, որտեղ չդիմադրող 70-ամյա գործարարին գետնին տապալեցին, ավելի ուշ ձերբակալեցին՝ մեղադրելով խարդախության և փողերի լվացման համար:

Այս ամենին նախորդել էին վարչապետ Փաշինյանի ուղիղ սպառնալիքները՝ Ծառուկյանին բանտ նետելու և ունեզրկելու մասին:

Ի՞նչ են իրավապահները փնտրում ընկերություններում

Ինչո՞ւ են իրավապահները հազարավոր աշխատակիցների, ըստ էությանմ հարկադիր պարապուրդի մատնել, ի՞նչ են փնտրում ընկերություններում, հնարավո՞ր չէ քննչական գործողություններն իրականացնել առանց աշխատանքները դադարեցնելու, ինչպես, օրինակ, կառավարության միջամտությամբ վերագործարկված Արարատի ցեմենտի գործարանում:

Անցած երկուշաբթի Քննչական կոմիտեն հայտնեց, թե առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման ու հարկեր չվճարելու դեպքերի քննության շրջանակում ավելի քան 70 հասցեներում խուզարկություններ են իրականացրել ու փաստաթղթեր, առարկաներ հայտնաբերել: Ինչո՞ւ են արդեն 9 օր շարունակ խոշոր ընկերությունների աշխատանքը դադարեցրել, պարզ չէ. Քննչական կոմիտեն հորդորում է գրավոր դիմել:

Իրավապահների՝ դռներին կպչուն ժապավենով փակցրած գրություններն էլ առանձնապես ոչինչ չեն բացահայտում. «Մուլտի տաբակ»-ի դռանը փակցրած գրությամբ ավագ քննիչ Սահակյանը գրել է, թե կատարված խուզարկությամբ փաթեթ են հայտնաբերել, թե ի՞նչ փաթեթ, ձևաթղթի այդ հատվածը չի լրացրել:

Աբովյան քաղաքում գործող «Մուլտի Սթոուն» ընկերությունը կապարակնքած քննիչ Վազգեն Բադալյանն էլ ստորագրված ձևաթղթով տեղեկացնում է, թե ինչ պատիժ է նախատեսված քննչական մարմնի աշխատանքը խոչընդոտելու համար, իսկ թե կոնկրետ ի՞նչ քննչական գործողություններ են ընթանում, ե՞րբ կավարտվեն ու մի քանի տասնյակ աշխատակիցները ե՞րբ գործի կգնան, պարզ չէ:

Քարերի մշակման գործարանի աշխատակիցներն այսօր նույնպես դրսում էին՝ պատասխաններ պահանջելով. նրանք նույնպես առայժմ հունիս ամսվա աշխատավարձը չեն ստացել:

Իրավապահների գործողությունների հետևանքով Գագիկ Ծառուկյանի ընկերություններում աշխատող շուրջ 10 հազար մարդ ավելի քան մեկ շաբաթ է, ըստ էության, հարկադիր պարապուրդի մեջ է. Ծառուկյանի փաստաբանները հայտնում են՝ խնդիրներին իրավական լուծումներ են փնտրում, թե ինչ քայլեր են նախապատրաստում, առայժմ չեն հայտնում:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG