Օլիմպավանի դռները տասն օր է փակ են մարզիկների ու համալիրի սաների առաջ: Նրանք փորձում են մարզավիճակը պահպանել՝ կիզիչ արևի տակ պարապելով:
Այս սպորտային համալիրը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մարզաբազան է: Տարբեր մարզաձևերի ակումբներ կան այստեղ՝ տասից ավելի ու հարյուրավոր սաներ, ասում է Օլիպմավանի խառը մարտերի ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ Օհանյանը: Նրա խումբն էլ այսօր դրսում էր մարզվում:
«107 սան ունեմ, հիմա փաստի առաջ ենք կանգնել»,- ասում է մարզիչ Էրիկ Օհանյանը:
Օլիմպավանի դռներն իրավապահները կապարակնքեցին գործարար Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու օրը: Ժամանակակից սպորտային համալրը 13 տարի առաջ կառուցել է Գագիկ Ծառուկյանը: Մինչ օրս Քննչական կոմիտեն չի պարզաբանում՝ ինչ կապ ունի գործարարին առնչվող քրեական գործի հետ Օլիմպավանը: Թե երբ են բացելու դռները, ոչինչ հայտնի չէ:
Իրավապահների որոշման հետևանքով մարզվելու հնարավարությունից զրկվել է Հայաստանի խառը մենամարտերի MMA ֆեդերացիան, որ մեկ ամսից պատրաստվում է աշխարհի առաջնությանը, «Ազատությանն» ասաց ֆեդերացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը՝ ընդգծելով.- «Շատ վատ է անդադառնալու, որովհետև Երևանում միակ սպորտային կառույցն է, որտեղ մեծ մարզադահլիճներ կան, հավաքականը կարողանում է մարզում անցկացնել այդ մարզադահլիճում»:
Աշխարհի առաջնությանը մասնակցող հավաքականն ամբողջ թիմով մարզվում է Հրազդանի ձորում կամ առանձին խմբերով՝ տարբեր մարզադահլիճներում, ասաց ֆեդերացիայի նախագահը. «Մի ձև պարապում են, բայց էն չի էլի, դա մարզումների 10 տոկոսն էլ չի կազմում»,- շեշտում է ֆեդերացիայի նախագահը:
Օլիմպավանի սաների մի մասն այսօր էլ դռների մոտ էր մարզվում.
«Չենք կարողանում մարզվել, ադեն 11-րդ օրն է փակ է, ուզում ենք ուղղակի բաց լինի, մարզվենք, գոնե կարողանանք ինչ-որ մի բանի հասնենք», ասում է երեխաներից մեկը:
Ծնողներից մեկն էլ ասաց.- «Երեխեքին հանել, գցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն, հարմարություն չկա, հիմա էլ պատրաստվում են աշխարհի մրցումներին: Ի՞նչ է անում պետությունը, պետությունը ցույց է տալիս, որ ժողովրդի շահերն է պաշտպանում, բայց, որ նայում ենք այլ տեսանկյունից, ժողովրդի շահերը չի պաշտպանում, ժողովրդին, երեխեքին հանել են, գցել քուչեքը, մարդկանց հետ անձնական հարցեր ունեն, Օլիմպավանն են փակում»:
Օրեր շարունակ մարզիկների, նրանց ծնողների ու մարզիչների բողոքներին ու հորդորներին, որ դռները բացեն ու չտապալեն իրենց պարապմունքները, իրավապահները համառորեն չեն արձագանքում: Մարզիչներից մեկն ասաց՝ նույնիսկ մարզագույքը թույլ չեն տվել համալիրից հանել, որ կարողանան դրսում պարապել, մարզիչի խոսքով.- «Խնդրել ենք ինչ-որ ձև, ինչ-որ բան դուրս հանենք, բայց արգելել են, մուտքը փակ է, չենք կարողանում աշխատել, իմպրովիզ ենք հիմնականում անում, փորձում ենք մի քիչ մարզավիճակ պահենք»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իրավապահների թիրախում հայտնվեց ընտրություններից հետո:
Հուլիսի 6-ին իրավապահները խուզարկեցին Գագիկ Ծառուկյանի առանձնատունն ու նրան պատկանող խոշոր ընկերությունները: Ընդդիմադիր ուժի առաջնորդին կալանավորեցին, նրան պատկանող ձեռնարկություններն էլ, որտեղ հազարավոր մարդիկ են աշխատում, կողպեցին: Օլիմպավանում մարզվող օտարերկացիներին էլ էին դուրս հանել, որ ստիպված տեղափոխվեցին Վրաստան:
Միջազգային օլիմպիական կոմիտեից «Ազատությանը» հայտնել են, որ ուշադիր հետևում են այս զարգացումներին: Հայտնել են, որ դիտարկում են բոլոր հանգամանքները և փորձում պատշաճ լուծումներ գտնել՝ պաշտպանելու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ որպես կառույց և երաշխավորելու Հայաստանում օլիմպիական շարժման ու մարզիկների շահերը: Թե ինչ լուծումներ են դիտարկում, միջազգային կառույցից չեն հատնել: