Մատչելիության հղումներ

Ծառուկյանին դարձյալ բերել են ՔԿ, փաստաբանին հեռացրել են գործից ու հրավիրվել է հարցաքննության՝ որպես վկա

Լրացված

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր դարձյալ ոստիկանների ուղեկցությամբ բերեցին Քննչական կոմիտե, որտեղ կշարունակվի նրա հարցաքննությունը:

Երեկ փաստաբանները հայտնել էին, որ Ծառուկյանն առերեսվել էր իր դեմ բողոքող իրանցի գործարարներից մեկի հետ: Ենթադրվում է, որ այսօր կառերեսվի իրանցի մյուս գործարարի հետ:

Առերեսման երկրորդ օրը Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հեռացվել է վարույթից: Գործարարի պաշտպանը հայտնեց, որ քննիչների համար հիմք է ծառայել տուժած ճանաչված իրանցիներից մեկի բողոքը:

Իրանի քաղաքացին դժգոհել է, որ Երեմ Սարգսյանը ժամանակին մասնակցել է իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպումներին, ուստի պետք է որպես վկա հարցաքննվի, ոչ թե ստանձնի Ծառուկյանի պաշտպանությունը: Երեմ Սարգսյանը իրավապահների այս որոշումը որակեց ապօրինի:

Փաստաբանն արդեն ծանուցագիր է ստացել՝ այսօր որպես վկա հարցաքննվելու համար:

Ընտրություններից հետո կալանավորված Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար: Ըստ իրավապահների՝ մեծահարուստ գործարարը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից: Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին, և դա ապացուցող պարտավորագրեր կան:

Երեկ տեղի ունեցած հարցաքննությունից ժամեր առաջ հրապարակվել էր Գագիկ Ծառուկյանի ուղերձը մեկուսարանից, նա այս անգամ իշխանություններին չէր քննադատել, թվարկել էր իր կատարած աշխատանքն ու խոստացել «շարունակել կառուցել»:

Միաժամանակ շարունակում են փակ մնալ Ծառուկյանի տասնյակ ձեռնարկությունները, իսկ «Արարարատցեմենտ» գործարանի կառավարումն արդեն անցել է պետությանը:


XS
SM
MD
LG