Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացվում

Լրացված

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացվում, հայտնում է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Ավելի ուշ Տոնոյանը հայտնեց նաև, որ «լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում»։

Քննչական կոմիտեից «Ազատությանը» միայն հայտնեցին, որ «քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ» և, որ ավելի ուշ իրավապահները հանդես կգան պաշտոնակյան հաղորդագրությամբ:

Գլխավոր դատախազությունն ավելի վաղ դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ:

ԿԸՀ-ից «Ազատությանը» փոխանցել էին, որ միջնորդությունը կքննարկեն Սահմանադրական դատարանում ընտրական վեճի քննությունից հետո՝ «պայմանավորված աշխատանքային ծանրաբեռնվածությամբ»:

Ավելի վաղ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ու մեղադրանք առաջադրվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար:

Դեռևս խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատ ցեմենտի» գործարանը պետականացնելու մասին, այնուհետև շարունակել էր այդ ցանկը՝ հասնելով Ծառուկյանի առանձնատանը: Վարչապետն իր քաղաքական մրցակցի գործարանը համարում էր նրա «բիզնես ողնաշարը», «մաֆիա» էր անվանում Ծառուկյանին ու նրա խնամիներին և սպառնում, որ շատ արագ կլուծվի գործարանում ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարցը՝ այնպես, ինչպես եղավ մյուս մրցակցի՝ Սամվել Կարապետյանի էլցանցերի դեպքում: ԲՀԿ առաջնորդն էլ պատասխանել էր, թե «իրեն դրանով չեն վախեցնի»:

Գլխավոր դատախազությունն էլ հայտարարել է, թե 2000-ականների սկզբին «Արարատ ցեմենտի» գործարանը խախտումներով է մասնավորեցվել:

XS
SM
MD
LG