Մատչելիության հղումներ

ԵՄ-ն մեկնարկում է նոր առաքելությունը Հայաստանում՝ օգնելու հիբրիդային սպառնալիքների դեմ

Եվրամիության և Հայաստանի դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի դիմաց, արխիվ
Եվրամիության և Հայաստանի դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի դիմաց, արխիվ

Եվրամիության խորհուրդն այսօր մեկնարկում է Հայաստանում Եվրամիության գործընկերային առաքելությունը («EUPM» Հայաստան) Անվտանգային և պաշտպանական ընդհանուր քաղաքականության շրջանակում: Այդ խորհրդատվական քաղաքացիական առաքելության նպատակն է աջակցել հայաստանյան իշխանություններին՝ բարելավելու երկրի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ և զարգացող անվտանգային մարտահրավերները հասցեագրելու կարողությունները, ասված է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում:

Պաշտոնապես հիմնադրված այս տարվա ապրիլի 21-ին՝ առաքելությունը կաջակցի Հայաստանի կարողություններին՝ դիմակայելու նման հիբրիդային սպառնալիքներին, այդ թվում՝ կիբեռսպառնալիքներին, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին և միջամտությանը, անօրինական ֆինանսական հոսքերին, նշված է հաղորդագրությունում: Մասնավորապես, առաքելությունը Հայաստանի ազգային հաստատություններին կտրամադրի ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական փորձագիտական աջակցություն և կօժանդակի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, հորիզոնական, կառավարության ամբողջ ներգրավմամբ մոտեցմանը:

Ի լրումն՝ առաքելությունը կտրամադրի գործնական, գործառնական խորհրդատվություն և կհաստատի հատուկ նախագծային բջիջ՝ իրականացնելու իր մանդատով նախատեսված թիրախային գործողություններ, միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: «EUPM Հայաստան»-ը ոչ գործադիր առաքելություն է և դերակատարում չի ունենալու Հայաստանի իշխանությունների կողմից որոշումների ընդունման գործընթացում, նշված է հաղորդագրությունում:

«Անցած շաբաթ Եվրամիությունը ներկայացրեց Հայաստանի համար տնտեսական և քաղաքական աջակցության խոշոր փաթեթ՝ օգնելու դիմակայել Ռուսաստանի ճնշմանը: Այսօր մենք այնտեղ տեղակայում ենք ԵՄ նոր առաքելություն», - հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ ընդգծելով. - «Եվրամիությունը դիմակայուն, անկախ Հայաստանի և սեփական ճակատագիրն ընտրելու հայ ժողովրդի իրավունքի մեծագույն պաշտպանն է: Մենք կապահովենք, որ Հայաստանը միայնակ չմնա արտաքին հարկադրանքին դեմ հանդիման»:

Առաքելության սկզբնական մանդատը երկու տարի է, այն հիմնականում կազմված կլինի ԵՄ անդամ երկրներից գործուղված փորձագետներից: Հունիսի 11-ին առաքելության ղեկավար է նշանակվել Կոսմին Գեորգե Դինեսկուն, ով Մոլդովայում ԵՄ գործընկերային առաքելության առաջին ղեկավարն է:

«EUPM Հայաստան»-ը ստեղծվել է Հայաստանի կառավարության խնդրանքով և ԵՄ ավելի լայն և հետևողական մոտեցման մաս է կազմում, որը համատեղում է կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցությունը՝ Հայաստանի ազգային անվտանգության ամրապնդմանը նպաստելու համար: Այն արտացոլում է ԵՄ վճռական հանձնառությունը՝ աջակցելու երկրի դիմակայունությանը և ժողովրդավարական ինստիտուտներին», - նշում է ԵՄ խորհուրդը՝ համոզմունք հայտնելով, որ նոր առաքելությունը կօգնի Հայաստանին ավելի լավ կանխել, հայտնաբերել և արձագանքել հիբրիդային սպառնալիքներին՝ լիովին հարգելով երկրի ինքնիշխանությունը:

Մոտ մեկ ամիս առաջ «Ազատության» աղբյուրները Բրյուսելից հաղորդել էին, որ Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում հորդորել է Եվրամիության երկրներին արագացնել քայլերը՝ աջակցելու Հայաստանին ռուսական վերջին սահմանափակումների ֆոնին։

Եվրամիության արտաքին գործերի նախարարներն արդեն «կանաչ լույս» էին վառել Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության մեկնարկին:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG