Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է Եվրամիություն, X-ի իր էջում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին՝ նվերի և հանդիպման ընթացքում ունեցած «շատ լավ քննարկման» համար։
Կոսի խոսքով՝ հանդիպումը կայացել է վաղը մեկնարկող «Կապակցվածության օրակարգ» հարթակից առաջ, որի շրջանակում ԵՄ-ն ցանկանում է Հայաստանին ավելի սերտ կապել հարևանների և Եվրոպայի հետ։
«Սա կօգնի հայ արտադրողներին ընդլայնել արտահանման աշխարհագրությունը և իրենց բարձրորակ արտադրանքը հասցնել նոր շուկաներ», - գրել է եվրահանձնակատարը։
Նախօրեին Եվրամիությունը Հայաստանին 34 միլիոն եվրո է հատկացրել՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։
Հայաստանում ԵՄ պատվիրակության փոխանցմամբ՝ միջոցները կուղղվեն առևտրի խթանման ծրագրերին, գործարար կապերի ընդլայնմանը և հայկական արտադրողների համար նոր շուկաներ բացելուն։ Աջակցություն կստանան հատկապես ագրոպարենային արտադրության, ծաղկաբուծության և արտահանմանն ուղղված այլ ոլորտներ։
ԵՄ-ն նշում է, որ սա Հայաստանի տնտեսական դիմակայունությունն ամրապնդելուն ուղղված աջակցության փաթեթի առաջին մասն է։ Հուլիսի 5-ին Մարթա Կոսը կայցելի Հայաստան՝ համագործակցության հետագա քայլերը քննարկելու համար։