Ինչպե՞ս են Եվրամիությունում ընդունում հայաստանյան ընդդիմության քննադատությունը, թե Բրյուսելը միջամտում է Հայաստանի ներքին գործերին, երբ հայտարարում է, որ օգնելու է Երևանին՝ չեզոքացնելու Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքները: Ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսը, որ այսօր Գյումրիում էր, լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց՝ դա միջամտություն չէ՝ Եվրամիությունն աջակցում է, որ ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդվեն:
«Եվրամիությունում կուտակած մեր գիտելիքները մենք կիսում ենք ձեր երկրի հետ, որը հետագայում հնարավորություն ունենաք միայնակ կիրառել այն: Կարո՞ղ եք, օրինակ, պատկերացնել, որ գալիս եք ընտրության, ու ձեր ձայնը չի հաշվվում, կամ որոշ քվեներ գնվում են: Մենք տեսել ենք, որ Մոլդովայում Ռուսաստանը միլիոններ է ներդրել, որպեսզի ձայներ գնվեն, ինչը նշանակում է անարդար ընտրություններ: Երբ ես ասում եմ, որ մենք օգնում ենք Հայաստանին, նկատի ունենք, որ հզորացվում են դեմոկրատական ինստիտուտները, որպեսզի ազատ և արդար ընտրություններ անցկացվեն», - նշեց Կոսը:
Հիբրիդային սպառնալիքներին և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին դիմակայելու համար Եվրամիությունը Հայաստանին 12 միլիոն եվրո է հատկացնում: Բրյուսելը ապրիլի սկզբին փորձագետների 9-14 հոգանոց առաքելություն է գործուղելու Երևան, որոնք այստեղ մոտ երկու շաբաթ կանցկացնեն, կաշխատեն վարչապետի աշխատակազմի, Անվտանգության խորհրդի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ:
Մարթա Կոսն այսօր խուսափեց պատասխանել լրագրողի դիտարկմանը, թե հիբրիդային սպառնալիքը միայն Ռուսաստանից չէ, այլ նաև Ադրբեջանից ու Թուրքիայից: Եվրոպացի պաշտոնյան խորհուրդ տվեց լրագրողներին վերլուծել ֆեյք լուրերը. «Թվայնացման այս դարաշրջանում ֆեյք լուրերը շատ ավելի արագ են տարածվում, քան ճշմարտությունը, ցավոք»:
Իսկ ինչո՞ւ են աչք փակում Հայաստանում ժողովրդավարական խնդիրների վրա. այս հարցին ևս Մարթա Կոսն ուղիղ պատասխան չտվեց, միայն շեշտեց, թե ժողովրդավարությունները ողջ Եվրոպայում հարձակման տակ են:
«Ես միայն Մոլդովայի ու Հայաստանի մասին չեմ խոսում: Մենք տեսնում ենք, որ ավտոկրատ ռեժիմներն օգտագործում են մեր արժեքները մեր դեմ: Օրինակ՝ խոսքի ազատության մասին խոսելիս կարող են ստել: Եթե մենք ցանկանում ենք ողջ Եվրոպայում գործունակ ժողովրդավարություններ տեսնել, մենք պետք է հնարավորություն տանք, որ մարդիկ ստանան իրապես լավ տեղեկատվություն, դրա համար աջակցում ենք լրատվամիջոցներին ու քաղհասարակությունը», - ասաց նա:
«Պատմական հնարավորություններ են բացվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև»
Նախքան ճեպազրույցը ընդլայնման հանձնակատարն այսօր Շիրակի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպեց: Ասաց՝
Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր հեռանկարներ են բացվում:
«Պատմական հնարավորություններ են բացվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ խաղաղության համաձայնագրի հեռանկար՝ սահմանների բացում, տրանսպորտային ու առևտրային ուղիների վերականգնում, որով Թուրքիան Հայաստանի միջոցով կապվում է Ադրբեջանին և հետագայում Կենտրոնական Ասիային: Անցած շաբաթ գերմանական թերթը հրապարակեց քարտեզ, որտեղ ցույց էր տալիս, թե ինչպիսի սահմանափակ երթուղիով են ինքնաթիռները կապում Եվրոպան ու Ասիան: Գլխավոր երթուղին անցնում էր Հայաստանի վրայով. երկնքում միջին միջանցքը արդեն գոյություն ունի, ցամաքում այն սկսում է ձևավորվել», - հայտարարեց նա:
Մարթա Կոսը երեկվանից է Հայաստանում, Երևանում նրան ընդունել էին վարչապետն ու փոխվարչապետը: Այսօր արդեն Գյումրիի սրճարաններից մեկում գաթա էր համտեսել ու այնտեղ հաջողություն բերող մետաղադրամ գտել: Նախքան այդ ներկաներից մեկն ասել էր՝ եթե մետաղադրամը նրան բաժին հասնի, ուրեմն պետք է Հայաստանի համար ազատ վիզային ռեժիմը երազանք պահի:
«Եվ մենք պայման կապեցինք, որ ես ձեր գաթան կուտեմ, ու մենք ձեզ ազատ վիզային ռեժիմ կբերենք: Մենք նաև ձեր կառավարությանն աջակցում ենք հակակոռուպցիոն բարեփոխումների, կազմակերպված հանցավորության դեմ պայքարելու հարցում: Սրանք բոլորը անհրաժեշտ են, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան Եվրոպա մեկնեն առանց վիզայի», - ասաց ԵՄ պաշտոնյան:
Հստակ ժամկետներ, սակայն, ընդլայնման հանձնակատարը չնշեց, թե երբ հայաստանցիներն առանց վիզայի կկարողանան Եվրոպա մուտք գործել:
Երևանը դեռ բարեփոխումների երկար փուլ պետք է անցնի: Մարթա Կոսն այսօր նաև Եվրամիության ֆինանսավորմամբ Գյումրիում իրականացվող և իրականացվելիք ծրագրերը դիտարկեց, նաև քաղաքի պատմական կենտրոնում շրջեց: