Մատչելիության հղումներ

«Մնացել ենք առանց աշխատանքի»․ բեռնափոխադրողները Կառավարությունից հավասար պայմաններ են պահանջում

«Որ հայկական մեքենան մտնի հրապարակի կենտրոնում, միանգամից կկալանավորեն կտանեն». - Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի դուրս եկած բեռնափոխադրողներից Վարդան Վարդանյանը զայրացավ, երբ հրապարակում վրացական պետհամարանիշներով բեռնատար տեսավ։ Ասում է՝ ի տարբերություն հարևան երկրների փոխադրողների՝ հայկական ընկերությունները չեն կարողանում միջազգային բեռնափոխադրումների համար անհրաժեշտ թույլտվությունները («դոզվոլներ») ստանալ։

Պահանջում են, որ Կառավարությունը բանակցի Ռուսաստանի հետ ու ապահովի այդ թույլտվությունների տրամադրումը նաև հայկական ընկերություններին. - «Դազվոլ թող տան մեզ, որ մենք էլ կարողանանք երրորդ երկրի արտահանում անենք, իրավունք ունենանք Վրաստանից բեռ բարձենք գնանք Ռուսաստան: Վրացին ոնց ա բերում մեր մոտ, մենք էլ կարենանք իրանց մոտից տանենք»:

Ռուսական կողմը վերջին ամիսներին սահմանափակել է հայկական գրեթե ամբողջ գյուղմթերքի արտահանումը, արգելել է նաև հայկական ապրանքի տարանցումը իր տարածքով:

Բողոքի ակցիայի մասնակցիները դժգոհում են՝ օտարերկրյա ընկերություններն ավելի շահավետ պայմաններում են աշխատում, ինչի հետևանքով հայկական փոխադրողները կորցնում են պատվերներն ու շուկաները։ Կառավարությունից պահանջում են ապահովել հավասար մրցակցային պայմաններ հայկական և օտարերկրյա բեռնափոխադրողների համար։

«Մենք էս շուկայից դուրս ենք եկել, մեր Կառավարությունը ոչ մի բան չի անում՝ զսպի կամ պաշտպանի իր բեռնափոխադրողներին արտաքին շուկաներից, այսինքն՝ իրանք գալիս են մեր շուկան վեկալում են իրանց ձեռը: Բայց հիմնական խնդիրը դրա՝ որ մենք արտահանում չունենք, մեր միրգ, բանջարեղեն, լիքը ապրանքներ կա, որ չի կարում դուրս գա», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Բեռնատարների վարորդներից բացի, Կառավարության շենքի դիմաց էին նաև միջազգային բեռնափոխադրողներն ու լոգիստները։ Նրանք պահանջում էին հանդիպում վարչապետի կամ էկոնոմիկայի նախարարի հետ, ասում են՝ ռուսական սահմանափակումների պատճառով ոլորտը ծանր վիճակում է.

«Մարդիկ խնդիր ունեն, մարդիկ վարկեր ունեն՝ տուն ա դրած, ավտո ա դրած, գալու են բանկերը խլեն ձեռներից»:

«60-70 հազար դոլար տվել ենք ֆուռեր ենք առել՝ հարկով, իրանց հարկերը բերինք մուծինք, հիմա պիտի մեր համար աշխատինք, հիմա էլ կայնած ենք, չենք աշխատում մենք: Թուրքերի հետ, վրացիքի հետ, ադրբեջանցիքի հետ արտահանում են անում, բա մե՞նք ինչ անենք»:

Կառավարությունն, իր հերթին, հավաստիացնում է, որ տարբեր ծրագրեր է իրանացնում ռուսական սահմանափակումների պայմաններում հայկական ապրանքի արտահանումները հեշտացնելու ուղղությամբ: Վարչապետը տնտեսվարողներին առաջարկում է նաև ճկուն լինել ու հարմարվել նոր պայմաններին: Ցուցարարները կասկածի տակ էին դնում վերջին ամիսներին Կառավարության նիստերին պաշտոնյաների հնչեցրած թվերը միջազգային արտահանումների վերաբերյալ.

«Ամեն հազար ավտոյից մի ավտո ա տանում, էն էլ՝ այլ ազգերով»:

«Ոչ մեկին էլ հետաքրքիր չի՝ էդ ապրանքը որ արտահանում եղավ, ի՞նչ ազգի մեքենաներով՝ մեր երկրի մեքենաներով եղավ, այլ ազգի մեքենաներով եղավ, ինչո՞վ եղավ, ոչ մեկին հետաքրքիր չի՞»:

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ այս պահին նոր խնդիրներ են առաջանում նաև Վերին Լարսի անցակետում: Ասում են՝ անգամ այն բեռնատարները, որոնք սահմանափակումների տակ չհայտնված բեռներ են տանում, հաճախ ենթարկվում են երկարատև ստուգումների. - «Մնացած ապրանքն էլ ինչ գնում ա՝ դատարկ կանեստրները պլաստմասից, մտցրել են դասմոտր, թե դրա ինչն են դասմոտր անում, չգիտեմ: Լարսում մեր դրամով, ասենք, մի 500 հազարից մինչև մեկ միլիոն դրամ էդ դասմոտր անելու համար մենք փող ենք տալի»:

Վարորդներից մեկը, որ արդեն երկրորդն օրն է՝ Լարսի անցակետում է, տեղից տեսանյութ է ուղարկել ու պատմում՝ Չինաստանից մեքենաներ է տեղափոխում, բայց վրացի մաքսավորները հայկական մեքենաներին թույլ չեն տալիս Հայաստան հասնել՝ պատճառաբանելով, թե մեքենաները երկար են ու առանց ուղեկցության չեն կարող գնալ: Այլ երկրների նույն բեռնատարներն, ըստ նրա, վերադարձրել են իրենց երկիր. - «Ռուսաստանում բախվում ենք պրոբլեմների հետ, եկել ենք Վրաստան՝ ամեն օր մի հատ պրոբլեմ են ստեղծում: ... Կիրգիզականը հետ ա ֆռում, ղազախականը հետ ա ֆռում, վրացականը՝ նույն երկարությամբ, անցնում ա: Վրաստանն ուզում ա, որ իրա փոխադրողով հայկական մեքենաները փոխադրի մեր մոտ»:

«Լավ, արտահանում չունենք, դուք չեք տենո՞ւմ ինչ ա կատարվում, դուք մտածում ե՞ք, որ 15 հազար ընտանիք պիտի ապրի: Մի արեք նենց, որ դիմենք մեր կոշտ քայլերին, հետո ասեք՝ «բախման եք գնում», - ասաց վարորդը:

«Ազատությանը» դիմած բեռնափոխադրողը պնդում է՝ պետական մակարդակով բանակցություններ են պետք Ռուսաստանի և Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ խնդրի կարգավորման ու հայկական բեռնափոխադրողների նկատմամբ հավասար վերաբերմունք ապահովելու համար. - «Գալիս են նալիչի գումարը տանում են, մեր երկրում էլ հարկ չի մուծվում: Միջնորդներին կոխեն հարկային դաշտ՝ ստուգման, օտար ազգի մեքենաները չբարձեն բերեն, մեր մեքենաները բարձեն բերեն: Իսկ նրանք երկու կռուգով աշխատում են»:

Արտահանման աջակցության պետական քաղաքականությունն էլ վերանայման կարիք ունի, պնդում էին բեռնափոխադրողներն ու շարունակում. - «Սուբսիդավորում են, բան, բայց որևէ մի հատ շոֆեռի կամ որևէ մի կազմակերպության ոչ մի սուբսիդիա չեն տրամադրել, որ խոսքի էդ կազմակերպությունն էլ իրա վարորդին վերաբերմունք ցույց տա»:

Մեկ այլ խնդիր, որի վրա ուշադրություն են հրավիրում բեռնափոխադրողները, եվրոպական ուղղությամբ աշխատանքն է։ Նրանց խոսքով՝ հայ վարորդները հաճախ բախվում են շենգենյան վիզաների ստացման երկար ու շատ բարդ ընթացակարգերի, ինչպես նաև միջազգային փոխադրումների համար անհրաժեշտ թույլտվությունների սահմանափակ հասանելիությանը։ Նրանք Կառավարությունից ակնկալում են նախաձեռնել բանակցություններ Եվրամիության անդամ պետությունների հետ՝ այդ ընթացակարգերը պարզեցնելու նպատակով.

«Օտարազգի մեքենաները մեզ շուկայից ոնց որ դուրս են հանել: Ճանապարհը որ փակ ա, արտահանումները չկա, մենք ստեղից բեռ չունենք, որ գնանք, ավտոմատ մենք մնում ենք շուկայից դուրս»:

Ակցիայի մասնակիցները Կառավարության նամակների բաժին հանձնեցին բաց նամակ՝ հասցեագրված վարչապետին, Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարություններին։ Ասացին՝ խոստացել են, որ երեք օր հետո հանդիպում կկազմակերպեն:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG