Ռուսաստանի տնտեսական սահմանափակումները Մոսկվայի կողմից ճնշում որակելով՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցի ընթացքում ազդարարեց՝ Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանել, որը հնարավորություն կտա Հայաստանից արտահանվող ապրանքների շուրջ 80 տոկոսն առանց մաքսատուրքերի եվրոպական շուկաներ հասցնել:
«Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն ապրանքները, որոնք մեծապես ռուսական շուկա են արտահանվում, և դրանք ուղարկել Եվրոպական միության միասնական շուկա՝ 450 միլիոն մարդկանց համար», - հայտարարեց ֆոն դեր Լայենը:
Խոսքը առևտրի ինքնավար միջացառումների՝ Autonomous Trade Measures-ի կամ ATM-ի մասին է, այս պահին նման ռեժիմով եվրոպական երկրների հետ առևտուր է իրականացնում Մոլդովան, իսկ Ուկրաինայի հետ ավելի բարձր մակարդակի համաձայնություն ունեն:
Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներկրման արգելքի ֆոնին Բրյուսելի այս մտադրությունը, սակայն, կյանքի կկոչվի և կգործի միայն դրա վերջնական հաստատումից հետո, թե երբ, ոչ Հայաստանի վարչապետը, ոչ էլ Եվրահանձնաժողովի ղեկավարը ստույգ ժամկետ չնշեցին:
Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, թե դա հնարավոր է իրագործել հնարավորինս շուտ:
«Լիահույս եմ, որ ԵՄ և ԵՄ անդամ պետությունների, մյուս կառույցների գործընկերների հետ ակտիվ աշխատանքի միջոցով կկարողանանք կարճ ժամկետներում ավարտել որոշման ընդունման գործընթացը: Հույս ունենք նաև, որ այն հնարավոր կլինի ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հաշվի առնելով, որ բերքահավաքի շրջանը Հայաստանում արդեն մեկնարկել է», - հայտարարեց վարչապետը:
Մայիսից ի վեր սա Եվրահանձնաժողովի նախագահի արդեն երկրորդ այցն է Հայաստան, հենց մայիսին անցկացված Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովից հետո հատկապես սաստկացավ Կրեմլի հռետորաբանությունն, ու Ռուսաստանը կոնկրետ քայլերի անցավ՝ սահմանափակելով ըստ էության հայկական ամբողջ գյուղմթերքի ներկրումը: Մոսկվան Երևանին հորդորում է արագ կողմնորոշվել՝ մնալ Եվրասիական տնտեսական միությունո՞ւմ, թե՞ Եվրաինտեգրացիայի ուղին բռնել:
Այս ընթացքում ռուսական սահմանափակումներին ի պատասխան՝ Բրյուսելը նախ 52 միլիոն եվրոյի աջակցության մասին հայտարարեց, այսօր էլ պաշտոնապես ազդարարեց մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանելու մտադրության մասին: 34 միլիոնն արդեն հատկացվել է, ֆոն դեր Լայենն այսօր տեղեկացրեց՝ մյուս 18 միլիոնը կփոխանցեն առաջիկայում:
«Այս ֆինանսավորումը կարող է օգնել ստեղծել, օրինակ, արտահանման խթանման գործակալություն, որպեսզի հայկական բիզնեսների արտահանման հզորությունները խթանվեն: Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որ մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին», -ասաց Եվրահանձնաժողովի նախագահը:
Բացի այդ, այս ամիս Հայաստան եվրոպացի փորձագետներ կժամանեն՝ տեղական բիզնեսի հետ աշխատելու համար. - « Օգնելու նրանց օգտվել բոլոր այն հնարավորություններից, որոնք Եվրամիության հետ արտոնյալ գործընկերությունը կարող է առաջարկել»:
Ի դեպ, եթե ֆոն դեր Լայենը ուղիղ մեղադրեց Ռուսաստանին Հայաստանին ճնշելու համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ Ռուսաստանի հետ ճգնաժամ ստեղծելու մտադրություն Երևանը չունի:
«Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում և, բնականաբար, մենք ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց, մյուս կողմից, որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան Հայաստանի Հանրապետության շահերը, և սա, կարծում եմ, տրամաբանական է ցանկացած երկրի համար», - ընդգծեց վարչապետը:
Ֆոն դեր Լայենը վստահեցրեց՝ Հայաստանը կարող է Եվրամիության վրա հույս դնել, հատուկ ընդգծելով նաև հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացի կարևորությունը:
«Երբ Հայաստանը մոտենում է Եվրոպական միությանը, ամբողջ Կովկասն է մոտենում, անցած տարի խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը պատմական իրադարձություն էր», - հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահը:
Երկկողմ օրակարգի մեկ այլ առանցքային թեմա է վիզաների ազատականացման գործընթացը: Պատասխանելով լրագրողի հարցին՝ ֆոն դեր Լայենը ժամկետներ չնշեց, թե երբ Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի ճամփորդել, հիշեցրեց, որ ապրիլին այս գործընթացում առաջընթաց են արձանագրել, այս աշնանը դարձյալ պետք է գնահատեն Հայաստանի իրականացրած քայլերը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ իշխանությունները խնդիր են դրել բոլոր անհրաժեշտ քայլերն իրականացնել երկու տարվա ընթացքում և 2029-ից անցնել Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի:
«Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի ժողովուրդը սպասում է այդ որոշմանը, և այդ թվում այդ որոշման օգտին է քվեարկել ընտրություններում: Եվ իհարկե, մենք այս հնարավորությունը չենք կարող բաց թողնել, հույս ունեմ, որ մենք բավականաչափ արագ և էֆեկտիվ կգործենք այդ խնդիրը ճշգրիտ ժամկետներում լուծելու համար», - ասաց Փաշինյանը:
Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք ընդունելուց հետո Նիկոլ Փաշինյանի ղեկավարած թիմը մինչ այս պահը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ուղարկել, իսկ առանց դրա Բրյուսելն անդամակցության հեռանկարը քննարկել չի կարող:
Վարչապետը կրկնում է՝ նախ պետք է եվրոպական ստանդարտներին հասնել, «որից հետո արդեն առավել կոնկրետ իրագործման օրակարգ կարող է դառնալ Եվրոպական միության լիարժեք անդամ դառնալու խնդիրը, որը արդեն քաղաքական հարց է»:
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան Երևան էր ժամանել Բաքվից, որտեղ բանակցել էր Ադրբեջանի նախագահի հետ՝ կենտրոնանալով տնտեսական կապերի ամրապնդման վրա: Եվրահանձնաժողովի ղեկավարը հատուկ շնորհակալություն էր հայտնել նախագահ Ալիևին գազի մատակարարման համար՝ Ադրբեջանին անվանելով «վստահելի էներգետիկ գործընկեր»:
«Մենք չենք մոռացել, որ այն ժամանակ, երբ Ռուսաստանը էներգետիկան վերածեց զենքի և անջատեց գազը Եվրոպայի համար, Ադրբեջանն ընդառաջ եկավ։ «Հարավային գազային միջանցքը» իսկապես ամրապնդեց Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, և դա ուշագրավ հաջողության պատմություն է», - ասել էր ֆոն դեր Լայենը:
Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոսեց «Գլոբալ դարպաս» ծրագրի շրջանակում նոր՝ մինչև 200 միլիոն եվրոյի ներդրման մասին, որը Բրյուսելը կուղղի Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ կապերի զարգացմանը: