Եվրամիությունը հիբրիդային արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան՝ ԱԺ ընտրություններին ընդառաջ սպառնալիքներին դիմակայելու համար, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Նա նշել է, որ ԵՄ-ն դրանով ընդառաջել է Հայաստանի խնդրանքին։
«Հարևանության ժողովրդավարական դիմադրողականության աջակցությունը մնում է կարևոր: Մենք Հայաստանին մենակ չենք թողնի՝ բախվելու արտաքին միջամտության հետ: Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա»,- ասել է նա։
«Ազատությունն» ավելի վաղ հայտնել էր, որ ԵՄ-ն քննարկում է նման ծրագիր: «Ազատության» տրամադրության տակ հայտնված Հայաստանի արտգործնախարարի նամակից պարզվել էր, որ Արարատ Միրզոյանն է Բրյուսելին խնդրել արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։
Անցած դեկտեմբերին Բրյուսելից նախ հայտնել էին, որ պատրաստվում են 12 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Երևանին, որ օգնեն «ընտրություններին ընդառաջ հակահարված տալու ռուսական ապատեղեկատվության դեմ»։ Ավելի ուշ արդեն Եվրամիության արտգործնախարար Կալլասը հայտնել էր, որ հենց Երևանն է դիմել աջակցության խնդրանքով:
Հայաստանում հիբրիդային արագ արձագանքման խումբ տեղակայելու Եվրամիության մտադրությունն ընդդիմությունը համարել էր միջամտություն Հայաստանի ներքաղաքական կյանքին, իշխանությունը՝ աջակցություն, որ պայքարեն սպառնալիքների դեմ:
Արդարադատության նախարարությունից ավելի ուշ հավելել էին, որ ԵՄ խումբը Հայաստան գալու դեպքում հիմնականում ԿԸՀ-ի հետ կաշխատի:
Մարդու իրավունքների 7 անվանի փորձագետներ օրերս իրենց փաստահավաք առաքելության նախնական գնահատականում մտահոգություն են հայտնել Հայաստանում ընտրություններին արտաքին միջամտության վերաբերյալ: