Եվրամիությունը հրատապ կարգով առևտրային աջակցություն է պատրաստում Հայաստանի համար՝ ռուսական ներմուծման սահմանափակումների ազդեցությունը մեղմելու նպատակով, իր աղբյուրներին հղում անելով գրում է Financial Times-ը:
Զեկույցի համաձայն՝ Եվրահանձնաժողովը մշակում է «ինքնավար առևտրային միջոցառումներ», որոնք կնվազեցնեն Հայաստանից արտահանվող սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի սակագները:
Օրերս հաղորդվեց, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերության տնտեսական բաղադրիչի խթանմանը, այդ թվում՝ ապրանքաշրջանառության ավելացմանն ուղղված մեխանիզմների շրջանակն են քննարկել արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:
«Մենք կարճ ժամկետում Հայաստանին Եվրամիության աջակցությունը մեծացնելու ուղիներ ենք փնտրում: Մենք նաև կարագացնենք մեր աշխատանքը՝ խթանելու դեպի Հարավային Կովկաս և Հարավային Կովկասում առևտրային և էներգետիկ կապերը՝ աջակցելով իր անմիջական հարևանների հետ Հայաստանի տնտեսական կապերին», - հայտնել էր ԵՄ հանձնակատարը:
Ռուսաստանը Հայաստանից մի խումբ ապրանքների ներմուծման սահմանափակումները սկսեց կիրառել հայաստանյան ընտրություններից շաբաթներ առաջ՝ սկզբում արգելելով ջերմուկի վաճառքը, հետո հայկական ծաղիկների ներմուծումը, ապա սահմանափակումներ մտցնելով մի քանի տեսակի բանջարեղենի, ելակի, իսկ ավելի ուշ՝ նաև կորիզավոր մրգերի և խաղողի նկատմամբ։ Ռուսական կողմը պարբերաբար հայկական արտադրանքի վերաբերյալ սահմանափակումների մասին է հայտարարում՝ պատճառաբանում, թե խախտումներ են հայտնաբերվել բեռներում: Ռուսական սահմանափակումների ֆոնին՝ ԵՄ-ից հաղորդեցին Հայաստանին ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու մասին: