Մատչելիության հղումներ

ՀՀ-ն չունի բավարար ռեսուրսներ՝ ընտրություններին ընդառաջ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու. ՄըքՔեյնի ինստիտուտ

Ընտրություններ Հայաստանում,արխիվ
Ընտրություններ Հայաստանում,արխիվ

Հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններից առաջ ՄըքՔեյնի ինստիտուտը գնահատական է հրապարակել է, որը կազմվել է ինստիտուտի գլխավորած՝ փետրվարի 23-26-ը Հայաստան կատարած առաքելության արդյունքում, և որը ֆինանսավորվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հայկական քաղաքացիական հասարակության կազմակերպության կողմից։

Առաքելության կազմում եղել են ընտրությունների, Հարավային Կովկասի, արտաքին վնասակար ազդեցության և ժողովրդավարության մասնագետներ։ Հանդիպման նպատակն էր գնահատել ընտրական միջավայրը և բացահայտել վտանգները՝ կապված առաջիկա ընտրությունների ամբողջականության հետ, որպեսզի այդ տեղեկությունները հասանելի լինեն Միացյալ Նահանգների քաղաքականություն մշակողներին և հանրությանը։

Առաքելության գլխավոր եզրակացություններից մեկն այն է, որ Հայ Առաքելական եկեղեցին ընտրություններից առաջ կարևոր քաղաքական դերակատար է։ Եկեղեցին, որն իր երկարատև պատմական և մշակութային հանգամանքների շնորհիվ վայելում է հայ ժողովրդի լայն աջակցությունը, ղեկավարում է Կաթողիկոս Գարեգին 2-ը, որն ակտիվ արշավ է վարում ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, նշված է զեկույցում:

Մյուս եզրակացությունն այն է, որ Հայաստանի պետական մարմինները չունեն բավարար ռեսուրսներ, որպեսզի նախընտրական շրջանում արդյունավետ կերպով դիմակայեն Ռուսաստանի կողմից իրականացվող հիբրիդային սպառնալիքներին և քաղաքական դերակատարների կոռուպցիային։

«2023 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումից և 2025-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատված խաղաղության համաձայնագրից հետո հայերը այս ընտրությունը դիտարկում են որպես խաղաղության և կայունության կարևոր քայլ։ Ինչպես Մոլդովայում, որտեղ ՄըքՔեյն ինստիտուտն անցյալ տարի իրականացրեց նման գնահատող առաքելություն, Ռուսաստանի հիբրիդային պատերազմը կարող է լուրջ սպառնալիք ներկայացնել Հայաստանի ազատ և արդար ընտրությունների անցկացման և խաղաղ գործընթացի վերաբերյալ մոլորեցնող կամ կեղծ պատմություններ տարածելու միջոցով ընտրողների վարքագիծը ձևավորելու համար», - նշել է ինստիտուտի գործադիր տնօրեն, դոկտոր Էվելին Ֆարքասը։

Գնահատականի մեջ կան նաև խորհուրդներ Հայաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ կառավարության համար։

Մասնավորապես Հայաստանի կառավարությանը խորհուրդ են տալիս աահմանել ընտրությունների միջգերատեսչական հանձնաժողով՝ տեղեկատվության փոխանակումը հեշտացնելու և արագ, համակարգված արձագանք ապահովելու համար, երբ հայտնվեն նոր ընտրական սպառնալիքներ։

ԱՄՆ-ին խորհուրդ են տալիս վերականգնել անկախ լրատվամիջոցների և տեղական քաղաքացիական հասարակության խմբերի ֆինանսավորումը, որոնք կարևոր զեկույցներ են տրամադրում քաղաքականության, տնտեսության և արտաքին քաղաքականության վերաբերյալ։

Առաջին կետով նշված է. «Վերականգնել հանրային դիվանագիտության ծրագրերը, ներառյալ Voice of America-ի և Radio Free Europe/Radio Liberty-ի ֆինանսավորումը, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել միջազգային կազմակերպություններին և այլ նախաձեռնություններին՝ տեղական լրագրությունը, կրթությունը և միջազգային ընտրական կազմակերպությունները զարգացնելու համար»։

ԱՄՆ-ի և Եվրոպայի կառավարությանը խորհուրդներից մեկն էլ սա է՝ սահմանել անհատական և ֆինանսական պատժամիջոցներ Հայաստանում «հայտնի պրոռուսական գործիչների նկատմամբ, հատկապես նրանց, ովքեր պատասխանատու են ապօրինի ֆինանսավորման կամ խափանման գործողությունների համար»։


XS
SM
MD
LG