Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 8-ին՝ Երևանն ու Բաքուն Սպիտակ տանը նախաստորագրեցին հայ – ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը: ԱՄՆ նախագահի ներկայությամբ նախաստորագրված փաստաթուղթը կողմերը պատմական որակեցին, իսկ դրան հաջորդած ամիսներին հայտարարում էին, թե երկու երբեմնի թշնամիների միջև խաղաղությունը փաստացի հաստատված է:
Վաշինգտոնում նաև հայտարարվեց ԱՄՆ նախագահի անունը կրող նախագծի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի մասին: ԱՄՆ աջակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը Հայաստանի տարածքով Ադրբեջանը կապելու է իր էքսկլավ Նախիջևանի հետ:
Անցած մեկ տարում սահմանին կրակոցներ չեն հնչել, զոհեր չեն եղել, Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են առևտուր անել, ճիշտ է՝ առայժմ միակողմանի, բայց շատ հարցեր դեռ բաց են մնում:
Ե՞րբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը
Վաշինգտոնյան գագաթնաժողովից մեկ տարի անց անորոշ է, թե երբ կստորագրվի 17 կետանոց խաղաղության պայմանագիրը, որով Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Ադրբեջանի նախագահը նախաստորագրումից անմիջապես հետո վերահաստատեց Բաքվի նախապայմանը՝ փաստաթուղթը կստորագրվի, երբ Հայաստանը փոխի իր Սահմանդրությունը՝ այնտեղից հեռացնելով Անխախության հռչակագրին հղումը: Իլհամ Ալիևը սա համարեց Հայաստանի «տնային աշխատանքը»: Մինչ հայկական կողմը հայտարարում է, որ պատրաստ է ցանկացած պահի ստորագրել խաղաղության պայմանագիրը, անցած մեկ տարում Ադրբեջանի նախագահը և նրա վարչակազմի պաշտոնյաները բազմիցս կրկնել են նախապայմանը: Ադրբեջանական կողմը հռչակագրում տարածքային պահանջ է տեսնում՝ դրանում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակման պատճառով:
Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից առաջ Հայաստանն արդեն համաձայնել էր Ադրբեջանի այլ նախապայմանների՝ լուծարել ղարաբաղյան կարգավորմամբ 3 տասնամյակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խումբը, հրաժարվել միմյանց դեմ միջազգային հայցերից և սահմաններին երրորդ երկրների ուժեր տեղակայելուց:
Օրերս հայ-ադրբեջանական բանակցություններում ակտիվորեն ներգրավված նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, թե Բաքվում ազդակներ են ստացել, որ մոտ ապագայում Հայաստանում մեկնարկելու է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը: Հաջիևը Ալիևի վարչակազմի այն բարձրաստիճան պաշտոնյան է, որ հայաստանյան խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ անց Դիլիջանում հանդիպեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ:
Ումի՞ց է ստացել այդ ազդակները Բաքուն, Հաջիևը չէր հստակեցրել: Հստակ է մեկ բան, որ հայաստանյան հանրությունն առայժմ ծանոթ չէ մշակվող նոր Սահմանադրության նախագծին, ոչ էլ իշխող ուժի՝ այն հանրաքվեի դնելու պլաններին: Արդարադատության նախարարը, որի գլխավորությամբ էլ մշակվում է տեքստը, օրերս դարձյալ չհստակեցրեց, թե երբ է իշխանությունը նախատեսում հրապարակել տեքստը:
Առավել խնդրահարույց է նախագիծը հանրաքվեի դնելու ճանապարհը: Հունիսի 7-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» չստացավ սահմանադրական մեծամասնություն, ինչն անհրաժեշտ է խորհրդարանում նոր Սահմանադրության նախագիծն ընդունելու ու այն համաժողովրդական հանրաքվեի դնելու համար:
Ու թեև տեքստը չի հրապարակվել, բայց կարծես արդեն հստակ է, որ նոր Մայր օրենքում չի լինի Անկախության հռչակագիրը: Վարչապետ Փաշինյանը մի կողմից շարունակ վստահեցնում է, որ Սահմանադրության փոփոխությունը Բաքվի պահանջով չէ ու ներքին օրակարգ է, քանի որ նախկինում ընդունված սահմանադրությունները լեգիտիմ չեն: Մյուս կողմից բազմիցս ասել է՝ կոնֆլիկտածին է համարում Անկախության հռչակագիրը, և այն չպետք է տեղ գտնի նոր Սահմանադրությունում:
19 հայ գերիները տուն կվերադառնա՞ն
Խաղաղության պայմանագիրը չլուծեց հայ գերիների հարցը: 2020 թվականի 44-օրյա պատերազմից ու 2023-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիայից հետո, որի ընթացքում տարածաշրջանը ամբողջովին հայաթափվեց, 19 հայ գերի շարունակում է պահվել ադրբեջանական բանտերում: Նրանց թվում են Արցախի նախկին ութ ղեկավարները՝ նախագահներից մինչև արտգործնախարար ու պետնախարար:
Այս տարեսկզբին 16 հայերը (մյուս 3-ի դատավճռիռներն ավելի վաղ էին եղել) դատապարտվեցին 20 տարուց մինչև ցմահ ազատազրկման՝ ռազմական ծանր հանցագործությունների մեղադրանքներով: Մարդու իրավունքների կոպիտ խախտումներով հայտնի Ադրբեջանում դատավարությունն անցավ փակ՝ միջազգային դիտորդների ու լրատվամիջոցների բացակայությամբ:
Բաքվից ոչ մի ազդակ չկա, որ հատկապես Ղարաբաղի նախկին ղեկավարները մի օր ազատ կարձակվեն: Հայաստանի իշխանությունը շարունակում է վստահեցնել, որ ամեն օր աշխատում է նրանց տուն վերադարձնելու ուղղությամբ: Մինչ այդ ընտանիքների հետ Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպվող հեռախոսազրույցներում Արցախի նախկին ղեկավարներից ոմանք՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը բարձրաձայնում են ադրբեջանական դատարանում իրենց իրավունքների կոպիտ խախտումների մասին:
Ադրբեջանցիների վերադարձն ու ղարաբաղյան շարժման փակված էջը
Հայաստանի գործող իշխանությունը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո հայտարարել է նաև ղարաբաղյան շարժման էջը փակելու մասին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև անհնար է համարում մոտ 120 հազար արցախցիների վերադարձը իրենց հայրենիք, որտեղ հայերը ապրել էին դարերով: Նա սա համարում է կոնֆլիկտի վերսկսման ուղիղ ճանապարհ:
Ադրբեջանական կողմում, մինչդեռ, չեն դադարում խոսել 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու մասին: Ավելին՝ պետության հովանավորությամբ վերադարձի թեմայով կոնֆերանսներ են կազմակերպվում ու թեման թեժ պահում:
Չավարտված սահմանազատում և օկուպացված հայկական տարածքներ
Հայաստանն ու Ադրբեջանը դեռ պետք է սահմանազատեն իրենց մոտ 1000 կիլոմետրանոց ընդհանուր սահմանը: Գործընթացը կանգ է առել 2024-ի գարնանը Տավուշում մոտ 12 կիլոմետր սահմանազատելուց հետո, որի ընթացքում հայկական կողմն Ադրբեջանին նաև չորս գյուղ վերադարձրեց:
Մասնակի սահմանազատումը Հայաստանում ուղեկցվեց Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանի առաջնորդությամբ բողոքի ցույցերով, տեղափոխվեց Երևան և աստիճանաբար մարեց, երբ 2024-ի ամռանը խորհրդարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունն ուժ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Բագրատ արքեպիսկոպոսն ու նրա 17 համախոհներն այժմ դատարանի առաջ են կանգնած ծանր՝ իշխանությունը յուրացնելու ու ահաբեկչության փորձի մեղադրանքներով:
Չլուծված է մնում 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական հարձակումների ընթացքում Հայաստանի տարածքների օկուպացիայի հարցը: Ադրբեջանը, որ հասցրեց այդ ներխուժումների ընթացքում ռազմավարական դիրք գրավել Հայաստանի նկատմամբ, հարևան պետության ինքնիշխան տարածքից հետ քաշվելու ոչ մի ազդակ չի հղել: Հայկական կողմը վստահեցնում է, թե այդ հարցը կլուծեն սահմանազատման ընթացքում: Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ ադրբեջանական օկուպացիայի տակ է մոտ 200 քառակուսի կիլոմետր հայկական տարածք՝ մի մասը դեռ առաջին ղարաբաղյան պատերազմից հետո:
«Թրամփի ուղին»՝ Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող միջանցքի մա՞ս
Անցած տարվա վաշինգտոնյան գագաթնաժողովի ամենամեծ ձեռքբերումներից մեկը համարվում է «Թրամփի ուղու» վերաբերյալ պայմանավորվածությունը: Այն Հայաստանի հարավային Սյունիքի մարզով ցամաքային կապ է ապահովելու Ադրբեջանի և իր էքսկլավ Նախիջևանի միջև: Պաշտոնական Երևանն էլ հայտարարում է, որ այս նախագծով Հայաստանը կապաշրջափակվի:
Կողմերը նախագիծը դիտարկում են նաև որպես Կենտրոնական Ասիան եվրոպական շուկաներին կապող Միջին միջանցքի առանցքային հանգույց: Բայց առայժմ հստակ չէ, թե Հայաստանում երբ կսկսվի ԱՄՆ նախագահի անունը կրող ենթակառուցվածքի շինարարությունը, որը ներառում է երկաթուղի, ճանապարհ, խողողովակաշարեր ու մալուխային գծեր:
Այսօրվա իր ուղերձում Հայաստանի վարչապետն առանց ստույգ ժամկետ նշելու դարձյալ վստահեցրել է, թե «առաջիկայում կսկսվի TRIPP-ի գործնական իրականացումն ու այն կդառնա տարածաշրջանային ու միջազգային մեծ իրադարձություն»։
Բաքուն, որ հաճախ «Թրամփի ուղու» փոխարեն գործածում է Երևանի համար անընդունելի «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, պարբերաբար հայտարարում է, թե իր կողմում ամեն ինչ գրեթե պատրաստ է շահագործմանը:
Երևանում, մինչդեռ, դեռ փաստաթղթային աշխատանքներ են ընթանում և՛ ներսում, և՛ ամերիկյան կողմի հետ:
TRIPP-ը հայ-ամերիկյան նախագիծ է: Երևանն ու Վաշինգտոնը պայմանավորվել են, որ TRIPP զարգացման համատեղ ձեռնարկությունում Միացյալ Նահանգների մասնաբաժինն առաջին 49 տարում 74, Հայաստանինը՝ 26 տոկոս կլինի: Եթե համագործակցությունը ևս 50 տարով երկարաձգեն, Հայաստանի բաժնեմասը կավելանա մինչև 49 տոկոս:
TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրն արդեն վավերացման փուլում է: Նախ Սահմանադրական դատարանը պետք է որոշի՝ արդյոք այն չի հակասում Հայաստանի սահմանադրությանը, ապա դրական եզրակացությունից հետո փաստաթուղթը կուղարկվի խորհրդարան՝ վավերացման: ՍԴ-ի որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 15-ին:
Ամերիկյան կողմն իր հերթին ստեղծել է Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամը, որն, ըստ պետդեպի, կառավարելու է 201 միլիոն դոլարանոց բյուջե, և լիազորված է տրամադրել վարկեր, դրամաշնորհներ, ներդրումներ անել Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում ու Կենտրոնական Ասիայում՝ մասնավոր հատվածի ռազմավարական զարգացման համար։
Հայաստանում TRIPP-ի թեման շարունակում է ներքաղաքական թեժ քննարկումների առանցքում մնալ՝ ճանապարհի նկատմամբ Երևանի իրավունքների համատեքստում:
Ադրբեջանի նախագահը շատ ուղիղ է պահանջել, որ ադրբեջանցիները Սյունիքով անցնելիս հայ սահմանապահի «երես չտեսնեն»:
Իսկ հայաստանցի պաշտոնյաները մինչ օրս հստակ չեն հայտարարել՝ TRIPP-ով անցնելիս ադրբեջանցիները հայ սահմանապահներին ու մաքսավորներին հանդիպելու են, թե՝ ոչ: Ըստ հայ-ամերիկյան պայմանավորվածությունների, հաճախորդների առերես սպասարկումը մասնավոր ընկերության աշխատակիցների միջոցով է լինելու: Ստուգման համար փաստաթղթերը նրանք են հավաքելու, տարանցման վճարները՝ նույնպես: Վերջնական որոշում կայացնողը, ըստ համաձայնագրի, հայաստանցի մաքսավորն ու սահմանապահն են, ունեն ստուգման ու զննման լիազորություններ, բայց ընտրված մոդելի համաձայն, նրանց գրասենյակային՝ բեք օֆիսի աշխատանքն է վերապահված:
Սյունիքով Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջևան տարանցումը, ըստ համաձայնությունների, անխոչընդոտ է լինելու՝ թվային գործիքների ներդրմամբ: Այս ամենի կողքին պաշտոնական Երևանն ու Վաշինգտոնը պարբերաբար շեշտում են՝ Հայաստանը պահպանելու է լիակատար իրավազորությունն իր ինքնիշխան տարածքում։
Անցած ամիսները՝ TRIPP-ի վերաբերյալ փաստաթղթերը համաձայնեցնելու փուլը, աչքի ընկան նաև ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այցերով: Նախ Հայաստան ժամանեց փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ապա պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որի կարճատև այցի ընթացքում էլ նախաստորագրվեց հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրը՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:
Օրերս էլ Երևանում էր ԱՄՆ նախագահի խաղաղության հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ավագ խորհդական Արյե Լայթսթոնունը, որը համարվում է TRIPP նախագծի ճարտարապետներից մեկը: «Սիվիլնեթի» հետ զրույցում ամերիկացի պաշտոնյան շատ ուղիղ ասաց՝ ոչինչ չի կարող կանխել նոր հակամարտությունը, բայց Վաշինգտոնում հավատում են, որ իրարից կախվածություն ունեցող ու իրար հետ առևտուր անող երկրների միջև կոնֆլիկտը քիչ հավանական է: Անդրադառնալով ճանապարհի վրա Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման մասին քննարկումներին՝ Լայթսթոունը պատկերավոր արտահայտվեց՝ «Հայաստանը տանտեր է, որը կարող է իր տարածքը վարձով տալ»: