Մատչելիության հղումներ

400 միլիոն դոլար բյուջեով TRIPP հիմնադրամ՝ բիզնեսմեն Կոնստանտին Սոկոլովի ղեկավարությամբ

Հայաստանում է «TRIPP+ առևտրային հիմնադրամի» ղեկավար Կոնստանտին Սոկոլովը:

Ավելի քան 400 միլիոն դոլար բյուջե ունեցող ամերիկյան հիմնադրամի ղեկավարի պաշտոնում սա ամերիկացի պաշտոնյայի առաջին այցն է Երևան: Կոնստանտին Սոկոլովին, ինչպես նաև ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին այսօր Երևանում ընդունել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ դրանից առաջ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Ե՛վ կառավարությունը, և՛ Արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացնում են, որ կողմերը քննարկել են TRIPP նախագծի կյանքի կոչմանը վերաբերող հարցեր:

Վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, զրուցակիցները «վստահություն են հայտնել, որ տեխնիկական հարցերի լուծման արդյունքում առաջիկայում էլ ավելի տեսանելի կլինեն այդ ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը»։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը կողմերն ընդգծել են երկուստեք շահագրգռվածությունը՝ ծրագիրը սեղմ ժամկետներում իրականացնելու համար:

TRIPP ծրագրից բացի, ԱՄՆ-ը բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կարևորությանը: Քննարկվել են նաև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված հնարավոր քայլերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Միացյալ Նահանգների և, մասնավորապես, նախագահ Դոնալդ Թրամփի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում՝ շեշտելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո տարածաշրջանում ձևավորվել է կայուն և դրական մթնոլորտ։

Կոնստանտին Սոկոլովը հետաքրքրված է ոչ միայն Հայաստանի կապի ոլորտով, այլև հանքերով

Ի տարբերություն, ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականի, «TRIPP+ առևտրային հիմնադրամի» ղեկավարը Կոնստանտին Սոկոլովը մեկ անգամ արդեն հասցրել է լինել Հայաստանում՝ իբրև ներդրող ու անգամ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

ԽՍՀՄ-ում ծնված, ապա Չիկագո տեղափոխված ամերիկացի ներդրողը, որ արևմտյան մամուլում առավել հայտնի իբրև նախագահ Թրամփի աջակից և Հանրապետական կուսակցության շռայլ դոնոր, վերջին անգամ Հայաստանում էր 2024-ին՝ որպես «ՄՏՍ-Արմենիա»-ի բաժնետեր:

Հայաստանի ամենամեծ կապի օպերատորի բաժնետոմսերի ձեռքբերումից հետո, «ՄՏՍ-Արմենիա»-ի բաժնետերերը որոշեցին իրենց բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերել պետությանը, թե ինչի՞ դիմաց, այդպես էլ անհասկանալի մնաց:

Ամեն դեպքում, կառավարությունը դա բացատրել էր «Վիվա-Արմենիա»-ի՝ Հայաստանի համար ռազմավարական նշանակությամբ, նաև հանգամանքով, որ ընկերությունն ունի ամենամեծ բաժանորդային բազան։

Նվերն ընդունելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 -ին, կառավարության նիստում անգամ շնորհակալություն էր հայտնել ընկերության բաժնետերերին:

«Վիվա-Արմենիա»-ն, որի բաժնետերերից են չինացի գործարար Ժե Ժանգն ու Կոնստանտին Սոկոլովը, վերջերս ձեռք բերեց մեկ այլ օպերատորի՝ ռուսական «Ռոստելեկոմ»-ի 100 տոկոս բաժնետոմսերը։

Սոկոլովի բիզնես հետաքրքրությունները, սակայն, հայաստանյան կապի ոլորտով չավարտվեցին, նրա ղեկավարած ամերիկյան «Դայնեմիք ֆրոնտիեր հոլդինգս» ընկերությունը վերջերս գնեց նաև Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը: Թեղուտի հանքավայրը երկրորդն է Հայաստանում պղնձի ու մոլիբդենի պաշարներով. գնահատված պաշարները հասնում են 450 մլն տոննա հանքաքարի։

ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP հիմնադրամի բյուջեն

Ի դեպ, «TRIPP+ առևտրային հիմնադրամի» ղեկավար Սոկոլովի Երևան ժամանելուց շաբաթներ առաջ ԱՄՆ կառավարությունը կրկնապատկել է հիմնադրամի բյուջեն՝ 201 միլիոն դոլարից հասցնելով 402 միլիոնի:

Ըստ ամերիկյան կառավարության կայքէջի՝ տրամադրված դրամաշնորհի օգտագործման վայր նշված է Հայաստանը, իսկ գումարը պետք է իրացվի առաջիկա տասը տարում՝ մինչև 2036 թվականի դեկտեմբերը:

Արդյո՞ք TRIPP նախագիծը ամերիկյան կողմը ծրագրում է իրականացնել հենց այս 400 միլիոնի շրջանականերում, թե այլ ներդրումներ էլ են ներգրավելու, Հայաստանը ի՞նչ մասնակցություն է ունենալու այս ծրագրում, ե՞րբ կմեկնարկեն բուն շինարարական աշխատանքները, առայժմ հայտնի չէ:

TRIPP համաձայնագիրն ուղարկվել է Սահմանադրական դատարան

Այսօր «Ազատություն»-ը տեղեկացավ, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հունիսի 4-ին ստորագրված TRIPP համաձայնագիրն արդեն ուղարկվել է Սահմանադրական դատարան: Բարձր դատարանը փաստաթղթի համապատասխանությունը Սահմանադրությանը կքննի սեպտեմբերին 15-ին:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Դատաքննությունն անցկացվելու է գրավոր ընթացակարգով։

Եթե ՍԴ-ն միջազգային համաձայնագրի դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչի, այն արդեն կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման:




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG