Մեկ շաբաթ քննելով ընդդիմադիրների դիմումները՝ Սահմանադրական դատարանը մերժեց դրանք և ուժի մեջ թողեց հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:
Ըստ ԿԸՀ որոշման՝ նոր խորհրդարան են անցնում Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» և Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» ընդդիմադիր դաշինքները:
Որոշման արձագանքները
Որոշման հրապարակումից հետո դատաքննությանը որպես երրորդ կողմ ներգրավված Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն «Ազատությանը» կարճ գնահատական տվեց Բարձր դատարանի այս որոշման վերաբերյալ, ասաց՝ «Արդարադատություն տեղի ունեցավ»:
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները վիճարկում էին յոթ ուժեր, այդ թվում՝ խորհրդարան անցած «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքներն ու մի քանի տասնյակ ձայնով դուրս մնացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Այս ուժերը մի քանի օր տևած դատաքննության ժամանակ պնդեցին՝ Բարձր դատարանը պետք է անվավեր ճանաչի ընտրությունները, քանի որ, ըստ նրանց, ընտրական ամբողջ գործընթացում արձանագրվել են խախտումներ՝ վարչական ռեսուրսից մինչև ընտրակաշառք:
Մեծահարուստ գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը որոշումը որակեց խնդրահարուց, ընդգծեց՝ Սահմանադրական դատարանն ուներ պատմական հնարավորություն անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները:
«Առնվազն ԲՀԿ-ն պետք է ստանար մանդատներ: Միշտ կա քաղաքական կոմպոնենտ: Բայց, սա այն դեպքն էր, որ բոլորը տեսան, ցավոք սրտի, Սահմանադրական դատարանը մասնակից եղավ կամ առնվազն չկանգնեցրեց ձայնագողությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Օրբելյանը:
Նա նշեց, որ սովորաբար Բարձր դատարանի որոշումներն իրավաքաղաքական բնույթ ունեն, բայց այս դեպքում, Օրբելյանի գնահատմամբ, դատարանը մասնակից դարձավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արարքին՝ «գողանալով ԲՀԿ-ի ձայները»: Օրբելյանի խոսքով.- «Ցավոք, մենք չունեցանք այն, ինչ կարող էինք ունենալ: Սահմանադրական դատարանը կարող էր վերահաստատել այդ խախտումները, որը շատ հստակ, միանշանակ ցույց էր տրվել դատական գործի շրջանակում և դրանով իսկ բարձրացներ վստահությունը դատական համակարգի: Ժամանակը կանցնի, կպարզվի՝ ինչ հանգամանքներ են ազդել նմանատիպ որոշում կայացնելու վրա»:
Փաստաբան Օրբելյանը նկատի ունի երկու տեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումը, որի հետևանքով ԲՀԿ-ն ձայներ կորցրեց ու չհաղթահարելով անցողիկ 4 տոկոսի շեմը՝ դուրս մնաց խորհրդարանից: Սրա արդյունքում՝ իշխող ուժը լրացուցիչ չորս մանդատով ստացավ խորհրդարանի 3/5-ը, ինչը անհրաժեշտ է մի շարք կարևոր օրենքներ ընդունելու, առանցքային պաշտոնյաների նշանակելու համար:
ԲՀԿ ներկայացուցիչը վստահ է՝ եթե Սահմանադրությամբ խորհրդարանի ձևավորման համար առնվազն երեք ուժի առկայության պահանջ չլիներ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը շատ տեղամասերի արդյունքներ անվավեր կճանաչեր ու նաև Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքին կզրկեր խորհրդարան մտնելու հնարավորությունից:
Բարձր դատարանում ԿԸՀ նախագահը խնդրել էր մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել քվեարկության արդունքները հաստատող որոշումը: Վահագն Հովակիմյանը հայտարարել էր, որ արձանագրված խախտումները չեն ազդել արդյունքի վրա: Նա անդրադարձել էր ԲՀԿ դիմումում տեղ գտած երկու ընտրատեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու իր որոշմանը: Պատճառաբանել էր, թե ինչու անվավեր ճանաչելուց հետ վերաքվեարկություն չնշանակեց՝ դա կաներ, եթե հանձնաժողովը այդ խախտումները գնահատեր որպես ընդհանուր ընտրությունների արդյունքների վրա ազդող գործոն:
ԿԸՀ նախագահը պնդել էր նաև՝ նախնական արդյունքների հրապարակման ժամանակ ԲՀԿ-ն չէր հաղթահարել 4 տոկոսի շեմը: Որոշման հրապարակումից հետո Վահագն Հովակիմյանն «Ազատությանն» ասաց, որ առաջիկա օրերին հանդես կգա մամուլի ասուլիսով և այսօր չցանցավ պատասխանել հարցերի:
ՍԴ-ի որոշումից հետո միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարեց.- «Սահմանադրության օրվան ընդառաջ արձանագրվեց, որ Հայաստանում կա Սահամանադրություն, կա Սահմանադրական դատարան, բայց չկա սահմանադրականություն, չկա սահմանադրական արդարադատություն: Սահմանադրական արդարադատության համար առաջնայինն, իհարկե, Սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության խնդիրն էր, որը, ցավոք, չհաղթահարվեց: Սահմանադրական դատարանը հենց ինքը հրաժարվեց իր իսկ կազմի լեգիտիմության խնդիրը հաղթահարել»:
Վարդևանյանը նկատի ունի դատավոր Սեդա Սաֆարյանին: Ընդդիմադիրները քննության հենց սկզբից էին պնդել, որ Սաֆարյանը կողմնակալ է, բացասական վերաբերմունք ունի դիմումատու «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Փաստաբան Վարդևանյանը պնդեց՝ Բարձր դատարանը կարող էր գոնե անվավեր ճանաչել քվերակությունն ու ինքը սահմաներ մանդատների բաշխման կարգը:
«Երբ անվավեր են ճանաչվում ընտրական տեղամասի արդյուքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ, որն էական ազդեցություն է ունենում ընտրությա ընդհանուր ելքի վրա, պետք է լիներ վերաքվեարկություն, բայց դա չեղավ: Այն, որ այդ ամենը շտկելու հնարավորություն ուներ Սահմանադրական դատարանը, և ես հակված եմ կարծելու, որ ԿԸՀ անդամներն էլ էին ցանկանում, որ այդպես լիներ, որ հետագայում այդ հարցադրումներն իրենց չներկայացվի»,- ասում է Վարդևանյանը:
Դատարանում երրորդ կողմ ճանաչված «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որ համակարծիք էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ, իր եզրափակիչ ելույթում ընդգծել էր՝ դիմումատուները չեն ներկայացրել ապացույցներ, որ խախտումներն իրականում տեղի են ունեցել կամ այն չափով են տեղի ունեցել, որ ազդել են ընտրական արդյունքի վրա։
«Քաղաքացիական պայմանագիրը», որ ողջ քարոզարշավի ընթացքում ու դրանից հետո պնդում էր, թե ընդդիմադիրները ընտրակաշառքով են անցել խորհրդարան, ընտրությունների արդյուքները չէր վիճարկել: