Մատչելիության հղումներ

«Այդ վճիռը վաղուց կայացված է». Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից

Բաքվի Վերաքննիչ դատարանը մերժել է 15 հայ գերիների բողոքն ու ուժի մեջ թողել առաջին ատյանի որոշումը, որով նրանք մեղադրվում են ծանր ռազմական հանցագործությունների համար ու դատապարտվել են 20 տարուց մինչև ցմահ ազատազրկման: Հայերից Դավիթ Իշխանյանն է այսօր ընտանիքի միջոցով ձայնային հաղորդագրություն հրապարակել, որտեղ ասում է. «Բոլորիս համար էլ պարզ է, որ այդ վճիռը վաղուց կայացված է և դատավարական կոլեգիան չի, որ կայացնում է այդ վճիռը»։

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահը, որին Ադրբեջանը դատապարտել է ցմահ ազատազրկման, նորից խոսում է իրենց ոտնահարված իրավունքների մասին: Նշում է, որ ադրբեջանական դատարանում նույնիսկ ելույթը թույլ չեն տվել ավարտել:

«Դատախազության ներկայացուցիչները, նաև դատավորը անհիմն կերպով միջամտում էին, ընդհատում էին որոշներին, այդ թվում՝ նաև ինձ, չթողեցին ամբողաջական իմ խոսքը ներկայացնել։ Բայց, այդուհանդերձ, խնդիր չէ, մենք բոլորս հասկանում ենք, որ սա քաղաքական դատավորություն է»,- ձայանագրությունում պատմում է Դավիթ Իշխանյանը։

Նիստերը շարունակվում են փակ՝ առանց անկախ լրատվամիջոցների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների:

«Լրատվությունն ինչպես միշտ ներկայացվում է միակողմանի, մանիպուլացված, իրականությանը ոչ համապատասխան»,- շեշտում է Իշխանյանը։

Հայ գերիները մոտ մեկ տարի է՝ կատարյալ մեկուսացման պայմաններում են՝ Բաքվում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գրասենյակի փակումից հետ: Ընտանիքների հետ միակ կապը հեռախոսազանգն է, այն էլ՝ Ադրբեջանի իշխանությունների հսկողությամբ։

Բաքվի բանտում պահվող Դավիթ Իշխանյանի ուղարկած ձայանագրությունում ասվում է.- «Պայքարի մի դաշտ է, որտեղ գործում է ուժի օրենքը, այսինքն՝ օրենքի ուժ չկա. «մենք ենք որոշողը», այս սկզբունքով են առաջնորդվում դատավորները և դատավարական կոլեգիան։ Պաշտպանական կողմն այդպես էլ չստացավ ո՛չ մեղադրական ակտը, ո՛չ մեղադրական եզրակացությունը, ո՛չ էլ առաջին ատյանի դատավճիռը»։

Առաջիկա շաբաթներին բոլոր հայ գերիների գործերով կդիմենք ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան

Մինչ այս պահը դատավճիռն ու մեղադրական եզրակացությունը չեն տվել պաշտպանական կողմին: Դավիթ Իշխանյանը ամիսներ շարունակ պահանջում է, որ այն փոխանցեն նաև իր ընտանիքին, որ կարողանան դիմել միջազգային ատյաններ: Դիմել էր նաև Հայաստանի Մարդու իրավուքների պաշտպանին, որ միջնորդի, բայց Անահիտ Մանասյանն արձագանքել էր, թե Ադրբեջանում այդպիսի լիազորություն չունի:

Միջազգային ատյաններում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանին էլ չեն փոխանցում դատավճիռը, իրավապաշտպանի խոսքով.- «Չի տրամադրվում այն փաստաբաններին, որոնք կարող են արդյունավետ դա բողոքարկել՝ ներպետական կամ միջազգային ատյաններում։ Սա արդեն իսկ խոչընդոտ է իրավունքի իրականացմանը, և սա հանգեցնում է անհատական գանգատ ներկայացնելու իրավունքի խախտման»։

Մինչ այս պահը հաջողվել է ստանալ միայն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավճիռն ու այդ գործով արդեն գանգատ կա ՄԻԵԴ-ում: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը, որ երբևէ զինվորական պաշտոն չի զբաղեցրել ու չորս ամիս պաշտոնավարեց Արցախում, ադրբեջանական դատարանում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել:

«Այս պահին վկայակոչում ենք միջպետական գանգատը ներկայացնելուց հետո տեղ գտած խախտումները, որտեղ կենտրոնական է դատարանների ներգրավվածությամբ քաղաքական պատվերով հետապնդումը, որը պատժիչ նպատակ է ունեցել և ոտնահարել է արդար դատաքննության բոլոր ստանդարտները»,- նշում է իրավապաշտպանը։

Անկախ այն բանից՝ միջազգային փաստաբանին կտան դատավճիռն ու մեղադրական եզրակցությունը, առաջիկա շաբաթներին բոլորի գործերով գանգատներ կներկայացվեն Եվրադատարան, ասաց Սիրանուշ Սահակյանը.- «Դատավճիռը մեզ, ընտանիքին, ինձ՝ որպես միջազգային փաստաբան չտրամադրելու պարագայում, բոլոր դեպքերում մենք կարողանալու ենք բողոքարկել այն տարբերությամբ, որ հավելելու ենք փաստաթղթին ծանոթանալու անհնարինության հարցը, որը կապված է բողոք ներկայացնելու իրավունքի հետ»։

Արցախի նախկին պաշտոնայներին ու մյուս գերեվարված հայերին առաջադրված մեղադրանքները անհիմն են, գործերը շինծու, քաղաքական պատվերով են հետապնդվում, ոտնահարվել է նրանց արդար դատաքննության իրավունքը, ընդհուպ նրանց տարրական իրավունքները, շեշտում է Սիրանուշ Սահակյանը: Այս բոլորը մանրամասն ներկայացվելու է Մարդու իրավունքների եվրոպական ատյանում:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG