Մատչելիության հղումներ

Ինչ է ամրագրվում TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին նախաստորագրված համաձայնագրով

Հունվարին նախատեսվում էր, նախաստորագրված հայ-ամերիկյան փաստաթղթով ամրագրվեց՝ «Թրամփի ուղու» սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման ծառայությունների մատուցման համար Հայաստանը կօգտվի մասնավոր օպերատորների ծառայություններից:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը չհերքեց՝ ճանապարհով անցնող-դարձողի առերես սպասարկումը, այսինքն՝ շփումը, կարող է և երրորդ երկրի օպերատորի պատվիրակվել: Ստուգման համար փաստաթղթերը նրանք են հավաքելու, տարանցման վճարները՝ նույնպես:

«Ազատության» հարցին՝ ֆրոնթ օֆիսի գործառույթը կարո՞ղ է երրորդ երկրի պատվիրակվել, կա՞ պայմանավորվածություն, Միրզոյանը պատասխանեց. «Որևէ պայմանավորվածություն չկա»:

Շրջանակային համաձայնագրում նաև բեք օֆիս մոդելի մասին է խոսվում, որն, այսպես կոչված, չերևացող կամ գրասենյակային աշխատանք է:

Հայաստանը, ըստ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածության, պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորությունն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ: Ունի սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք, բայց միևնույն ժամանակ խոստացել է անցնել անվտանգային ու մաքսային հսկողութան ժամանակակից այնպիսի ընթացակարգերի, որ օպտիմալացնի դրանք: Կօգտագործվեն նաև թվային գործիքներ՝ TRIPP-ի կապը տարածաշրջանային տարանցիկ ցանցերի հետ դյուրացնելու համար։ Հունվարին TRIPP-ի գործնական կիրառության հայ-ամերիկյան փաստաթղթում թվային գործիքների մասին խոսվում է անխոչընդոտ կապը դյուրացնելու համատեքստում:

Մինչև Միացյալ Նահանգների միջնորդությամբ անցած տարվա հայ-ադրբեջանական ապաշրջափակման պայմանավորվածությունները, Ալիևը Հայաստանով Ադրբեջանից դեպի Նախիջևան անխոչընդոտ անցում էր պահանջում այնպես, որ Ադրբեջանի քաղաքացիները հայ սահմանապահների կամ որևէ մեկի երեսը չտեսնեն։

TRIPP-ն ընդդիմությունը՝ Ադրբեջանի պահանջած միջանցք, իշխանությունը՝ Հայաստանի համար աննախադեպ հնարավորությունների ճամփա է համարում:

«Միանշանակ շահեկան է Հայաստանի Հանրապետության համար և աննախադեպ հնարավորություններ է բացելու մեր երկրի համար», - նշել է Միրզոյանը:

Հնդկաստանից ԱՄՆ ճանապարհին Երևանում կարճատև այց կատարած պետքարտուղար Մարկո Ռուբիոն TRIPP-ը երեկ պատմական նախագիծ համարեց. «Այս համաձայնությունը ամենախոշոր քայլերից է այս պատմական ուղին իրականություն դարձնելու ուղղությամբ»:

Ընդդիմությունը քննադատեց ոչ միայն ընտրություններից առաջ Ռուբիոյի այցը, այլ շարունակեց խոսել TRIPP-ի վտանգներից:

«Չեմ հասկանում, թե ինչու են այս աստիճանի ներխուժում ներքաղաքական տարածք, սա լավ բանի մասին չի խոսում, - ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և նշեց, - ենթադրում եմ, որ Ռուսաստանին կամ Իրանին ցավեցնելու ինչ-որ քայլեր են ձեռնարկվում, և մենք գործիք ենք դառնում նաև այս պրոցեսի համար, որը Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում»:

Փաշինյանի կաբինետում, մինչդեռ, հայ-ամերիկյան TRIPP-ը Իրանի ու Ռուսաստանի համար միմիայն նոր հնարավորությունների պատուհան են համարում:

«Նախիջևանից մենք ենք կապվելու երկաթուղով Իրանի երկաթուղային ցանցի հետ, մեր միջոցով նաև Իրանն է կարողանալու դուրս գալ, օրինակ, Սև ծով: Այնպես որ այստեղ Իրանը հետաքրքրություններ ունի, հարցեր կային, փարատվեցին ու կփարատվեն, պետք է հնարավորությունների, հետաքրքրությունների մասին խոսել: Նույնը նաև ՌԴ-ի մասով կարող եմ ասել, մեծ հաշվով Ռուսաստանի Դաշնության համար են նաև հնարավորություններ ստեղծվում», - ընդգծել է Արարատ Միրզոյանը:

TRIPP-ի համաձայնագրի ստորագրումը արտգործնախարար Արարատ Միրզոյանը շաբաթների հարց է համարում: 49 տարի հայ - ամերիկյան ձեռնարկության 74 տոկոսը կպատկանի ԱՄՆ-ին, 26-ը՝ Հայաստանին:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG