Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ չի քննվում Փաշինյանի անվտանգության աշխատողի հարվածը. դատախազությունը դեմ է 18-ամյա պատանուն ազատելուն

Ակցիա Գլխավոր դատախազության շենքի մոտ, Երևան, ապրիլի 9, 2026թ.
Ակցիա Գլխավոր դատախազության շենքի մոտ, Երևան, ապրիլի 9, 2026թ.

Գլխավոր դատախազությունը մերժել է մոտ երկու շաբաթ անազատության մեջ գտնվող 18-ամյա պատանուն ազատ արձակել կալանքից:

Դավիթ Մինասյանի փաստաբաններն անցած շաբաթ էին դիմել գլխավոր դատախազին, Աննա Վարդապետյանին խնդրել էին կիրառել իր բացառիկ լիազորությունն ու վերացնել կալանքը: Վարդապետյանը, սակայն, այդ դիմումն ուղարկել էր Կենտրոնի դատախազություն, որտեղ էլ մերժել են ազատ արձակել լուրջ հիվանդություններ ունեցող ու արդեն մեկ շաբաթ հիվանդանոցում պառկած տղային:

«Չի ունեցել գանգուղեղային տրավմա և դա ստացել է թիկնապահի հարվածից, դա առավել քան ակնհայտ է», - ասում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

Դատախազությունը ոչ միայն մերժել է ազատ արձակման միջնորդությունը, այլև պնդում է, թե ազատության մեջ պատանին կարող է թաքնվել կամ նոր հանցանք գործել, և այս հարցով դիմել է վերաքննիչ: Փաստաբաններն իրենց հերթին ակնկալում են, որ իրավապահները պատասխանատվության կկանչեն վարչապետի անվտանգության աշխատակցին։

Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի կադրերից երևում է, որ անվտանգության աշխատողը բռունցքով հարվածել է տղային այն ժամանակ, երբ վարչապետն արդեն հեռացել էր տարածքից։ Փաստաբան Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ բժշկական հետազոտությունները հաստատել են, որ հենց այդ հարվածի հետևանքով Դավիթը ստացել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում և աչքի վնասվածք։

«Ի՞նչն էր կանխում անվտանգության աշխատակիցը, ինքը հեռացել էր, ինքն արդեն այդտեղ չէր: Դավիթ Մինասյանը որևէ գործողություն չի կատարում, Դավիթ Մինասյանը կանգնած է եղել, երբ անվտանգության աշխատակիցը հարված է հասցրել», - նշում է Մարտիրոսյանը:

Փաստաբանները դեռ անցած շաբաթ են տեսագրությունն ուղարկել Քննչական: Իրավապահները, սակայն, չեն հայտնում՝ արդյո՞ք քննում են անվտանգության աշխատողի դրվագը, թե՞ միայն երկվորյակ եղբայրներին ու հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանին են մեղադրում Սուրբ Աննա եկեղեցում օրենք խախտելու համար:

«Երկու տեսագրություն կա՝ մի դեպքում ինչ-որ ձեռքի շարժում, մյուս դեպքում՝ փաստ՝ հարված բռունցքով: Մի դեպքում հարված չէ, չկա կպնել, մյուս դեպքում հարվածից անձն ընկնում է, այնքան ուժգին է», - նշում է Լուսինե Մարտիրոսյանը:

Ծաղկազարդի պատարագի մասնակից երկվորյակ եղբայրները ձերբակալվեցին վարչապետի չհայտարարված այցից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են նրա անվտանգության աշխատակիցները ճանապարհ բացելիս հրմշտում մարդկանց, այդ թվում՝ եղբայրներին։ Դավիթը վրդովվում է հրմշտոցից ու ձեռքը բարձրացնում վարչապետի ուղղությամբ: Այս արարքը Քննչականը որակել է որպես խուլիգանություն ու վարչապետի նկատմամբ բռնություն:

Վարչապետ Փաշինյանը, իր հերթին, շարունակել էր իրավապահների վարկածն ու շտապել քննադատել մեղադրյալ եղբայրներին, արդարացրել իր անվտանգությունը պահպանող տղամարդուն. «Երբ պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է ուժ գործադրել, կարող է հարվածել, Աստված չանի, սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել: Երբ այդ աշխատանքը չանի, այդ պետական պահպանության ծառայողի դեմ է քրեական գործ հարուցվելու, ինքը կարա հայտնվի բանտում իր ծառայողական պարտականությունները չկատարելու համար»:

Վարչապետը, միաժամանակ, պնդել էր, թե իր անվտանգության աշխատողի գործադրած բռունցքի հարվածից տղան վնասվածք չի ստացել. «Կարող էր ցանկացած մարմնական վնասվածք ստանալ, բա իր ծառայության իմաստն այն է, որ երբ որ կա հարձակում կամ հարձակման վտանգ, ինքը գործի»:

Արդյո՞ք սա իրավապահներին ուղղորդող արտահայտություն չէ, որ այդպես էլ անվտանգության աշխատողը չի պատժվի, Լուսինե Մարտիրոսյանն ասում է. «Դա իմ մտավախությունն է, որը չեմ ուզում՝ դառնա իրականություն»:

Մեկ շաբաթ հիվանդանոցում ոստիկանների հսկողությամբ պահվող ավագ դպրոցի աշակերտի վիճակը շարունակում է մտահոգել փաստաբաններին, որոնք Դավիթի միակ այցելուներն են: Քանի որ տղան կալանքի տակ է, արգելված է մյուսների տեսակցությունները, և մանկուց մոր խնամքի տակ գտնվող ու հատուկ սննդային ու դեղորայքային ռեժիմով ապրող տղան մնացել է առանց խնամակալի:

Ուղեղի ցնցումից ու գանգուղեղային տրավմայից հետո սկսված ու չավարտվող գլխապտույտներն ու գլխացավերը չեն մեղմվում, անհանգստանում են փաստաբանները, որոնք հույս ունեն, որ վերաքննիչ դատարանը կանսա իրենց խնդրանքին ու ազատ կարձակի տղային: Դեռ պարզ չէ, թե վերաքննիչը երբ կավարտի գրավոր քննությունը:

Առնչվող թեմաներ

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG