Մատչելիության հղումներ

Ակցիա դատախազության մոտ՝ Դավիթ Մինասյանին ազատելու պահանջով

Մի խումբ քաղաքացիներ Գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա են անում՝ պահանջելով ազատ արձակել 18-ամյա Դավիթ Մինասյանին:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հանդիպում պահանջող քաղաքացիները ստորագրահավաք կազմակերպեցին Դավիթ Մինասյանին ազատ արձակելու պահանջով։ Մոտ 150 քաղաքացի ստորագրեց Մինասյանին ազատելու պահանջով նամակի տակ, որն ուղարկեցին Աննա Վարդապետյանին:

Նրանք, սակայն, տեղեկացան, որ դատախազը մերժել է ներքև իջնել։ Հավաքի կազմակերպիչ Աննա Հովհաննիսյանն ասաց, որ այդ դեպքում կփորձեն իրենք վերև բարձրանալ:

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ արդեն վեց օր հիվանդանոցում գտնվող պատանու վիճակը մտահոգիչ է, գլխապտույտների ու գլխացավերի պատճառով չի կարողանում նստել, պառկած է։

Նա հայտնեց, որ ստացել են հետազոտությունների պատասխանները, դրանք հրապարակել չեն կարող, սակայն շարունակում են պնդել՝ մանկուց լուրջ հիվանդություններ ունեցող տղան անհապաղ պետք է ազատ արձակվի։ Փաստաբանը նաև փոխանցեց, որ վերաքննիչ դատարանը կալանքից ազատելու իրենց միջնորդությունը գրավոր է քննելու:

Լրագրողներն այսօր Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանից հետաքրքրվեցին, թե արդյոք համաձա՞յն է, որ Մինասյանի կալանքն անհամատեղելի է նրա առողջական խնդիրների հետ: Պաշտպանն ուղիղ չպատասխանեց. «Հարցի՝ կալանքի հետ կապված որոշումը նախ դատարանն է կայացնում, ես չեմ կարող ասել, որ հիվանդությունը միանշանակ համատեղելի կամ անհամատեղելի է, բայց կարող եմ հատուկ շեշտադրել, որ հաշվի առնելով անձի հետ կապված առողջական վիճակի առնչությամբ առկա փաստաթղթերը, կրթության իրավունքի հետ կապված հարցերը և այլն, ես ինքս ևս առաջարկել եմ քննարկել այլընտրանքային խափանման միջոցի քննարկումը»:

Ծաղկազարդի պատարագին՝ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում, վարչապետ Փաշինյանի նկատմամբ բռնության ու խուլիգանության մեղադրանքով կալանավորված պատանին մեկ շաբաթվա ընթացքում երեք անգամ ուշագնաց էր եղել: Երրորդ ուշաթափությունից հետո նրան հիվանդանոց տեղափոխեցին: Ավարտական դասարանի աշակերտը, ըստ փաստաբանների, լուրջ հիվանդություններ ունի, դրանցից մեկն էլ կալանքի հետ անհամատեղելի է, բայց դատավոր Մնացական Մարտիրոսյանը սա հաշվի չէր առել ու երկու ամսով կալանավորել տղային:



XS
SM
MD
LG