Մատչելիության հղումներ

ՄԻՊ ներկայացուցիչներն այցել են Դավիթ Մինասյանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` տեսակցելու Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Դավիթ Մինասյանի հետ, ինչպես նաև ուսումնասիրել նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը։ Բարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի հետ՝ այդ թվում` բժշկական հսկողության պատշաճ կազմակերպումն ապահովելու համար։

Հատուկ ուշադրության կենտրոնում, ըստ ՄԻՊ հաղորդագրության, եղել են անձի կրթության իրավունքի ապահովման հետ կապված հարցերը:

«Պաշտպանը կարևորում է յուրաքանչյուր ազատությունից զրկված անձի կյանքի և առողջության իրավունքի ապահովումը՝ ընդգծելով, որ պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ երաշխավորելու նրանց անվտանգությունն ու պատշաճ բժշկական օգնությունը, ինչպես նաև կրթության և այլ հիմնարար իրավունքների լիարժեք իրացումը», - ասված է հաղորդագրությունում։

ՄԻՊ-ը վերահաստատում է դիրքորոշումն առ այն, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները՝ հաշվի առնելով և այն, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:

Պաշտպանի ներկայացուցիչները «Արմավիր» ՔԿՀ-ում տեսակցել են նաև այլ անձանց:

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կիրակի ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանը նախօրեին երկու ամսով կալանավորվեց:

Փաստաբանները հայտնել էին, որ Դավիթը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն՝ չբացահայտված ալերգիա ունի:

Քննչականը մեղադրանք է առաջադրել Սուրբ Աննայում վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպից հետո երեք ձերբակալվածներին: 18-ամյա Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը՝ Միքայելը՝ աջակցելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում:

Կիրակի օրվա կադրերում երևում է, թե ինչպես են հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցում վարչապետի անվտանգության աշխատողները դեպի ելք ճանապարհ բացում, երբ եղբայրներից մեկը բողոքում է իրեն իր տեղից հեռացնելու համար, ինչից հետո ձեռքը մեկնում է վարչապետի ուղղությամբ: Կադրերում երևում է նաև, թե ինչպես է Դավիթը անվտանգության աշխատակցի հարվածից վայր ընկնում ու հետո ոտքի կանգնում:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG