Մատչելիության հղումներ

Բանտից՝ վերակենդանացման բաժանմունք. 18-ամյա Դավիթի վիճակը վատացել է, քննիչն ազատվել է պաշտոնից

Ձերբակալության 6 օրվա ընթացքում երրորդ անգամ ուշագնաց լինելուց հետո Դավիթ Մինասյանը պատգարակի վրա տեղափոխվեց հիվանդանոց: Անցած կիրակի Սուրբ Աննայում պատարագից հետո նա դարձավ մեղադրյալ: 18-ամյա տղային այսօր բանտից տեղափոխեցին «Նաիրի» ԲԿ՝ վերակենդանցման բաժանմունք: Հետազոտություններ է անցնում:

«Աղիները վիրահատված են, ալերգիա ունի՝ շնչահեղձությամբ,
գլխուղեղի անոթների խնդիր ունի, կապտում է, գիտակցության կորուստ է ունենում», - ասում է մայրը՝ Գայանե Մինասյանը:

Բանտում երկրորդ գիշերն անցկացրած պատանին այսօր դարձյալ ուշագնաց է եղել. առավոտյան նրան «Արմավիրի» բանտից տեղափոխել էին «Աբովյանի» բանտ, որտեղ դպրոցահասակներն են պահվում, որ դասերից հետ չմնա: Բայց տղան վատացել էր, շտապ օգնություն էին կանչել, տարել Աբովյանի հիվանդանոց: Մայրն ասում է՝ քանի որ լուրջ առողջական խնդիրներ ունեցող տղայի բժշկական փաստաթղթերը «Նաիրի» բժշկական կենտրոնում են, որոշվեց նրան տեղափոխել այդտեղ:


Չնայած ձերբակալությունից հետո արդեն երրորդ ուշագնացությանը, Առողջապահության նախարարությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին՝ քրեակատարողական բժշկության կենտրոնի մասնագետների հսկողության տակ գտնվելու ժամանակ տղայի տվյալները նորմալ են եղել:

«Իրեն սա կարելի է, սա չի կարելի, սիստեման, ալերգիա ունի, միայն ֆիզլուծույթ է, իրեն այնտեղ ուզում էին մագնեզիում անել, ես բժիշկ եմ՝ ասացի չէ, խնդրում եմ՝ մի արեք: Տարբերական բժշկական բաներ կան, երեխաներս վիրահատված են», - նշում է մայրը:

Կիրակի Սուրբ Աննա եկեղեցի երկվորյակ եղբոր հետ պատարագի մասնակցող Դավիթ Մինասյանն այդպես էլ տուն չհասավ: Ծաղկազարդի պատարագի կեսից եկեղեցի էր մտել վարչապետ Փաշինյանը: Անարգել, անվտանգության աշխատողների՝ ճանապարհ բացելու շնորհիվ հասել էր խորանի մոտ, մի քանի րոպե կանգնել և որոշել նորից ճեղքելով լեփ-լեցուն եկեղեցին դուրս գալ: Տեսանյութում երևում է, թե ինչպես են սկզբում անվտանգության աշխատակիցները, մարդկանց հրելով, փորձում ճանապարհ բացել վարչապետի համար՝ հրմշտելով նաև երկվորյակ եղբայրներին։

Դավիթը բողոքել էր իրեն տեղից հեռացնելու դեմ և ձեռքը մեկնել վարչապետի ուղղությամբ։ Եղբայրների մոտից վարչապետի՝ դեպի մուտքի դուռ շարժվելուց հետո անվտանգության աշխատողը բռունցքով հարվածել էր Դավիթին, ու նա ընկել էր: Իրավապահները պատանու վարքագիծը որակել են հանցագործություն՝ խուլիագանություն ու բռնություն պաշտոնյայի նկատմամբ, բայց չեն քննում անվտանգության աշխատողի հարվածի դրվագը:

«Գնահատում եմ որպես սադիզմ»


Փաստաբան Վարդուհի Էլբակյանն արդեն քանի օր է՝ պնդում է՝ պատանու հիվանդություններից մեկը հենց կառավարությունն է սահմանել անհամատեղելի բանտային պայմանների հետ, և նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Մինչդեռ նրանց նամակները իրավապահներին դեռևս անպատասխան են: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գլխավոր դատախազից, արդարադատության նախարարից պահանջում է անհապաղ ազատ արձակել տղային:

«Գնահատում եմ որպես սադիզմ Հայաստանի իշխանությունների կողմից, մասնավորապես արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի կողմից հատկապես, որ այդ տղային այսպիսի տառապանքներ են պատճառում։

Իրավապաշտպանը հիշեցնում է բանտային մահերն ու նկատում՝ նույնիսկ սպանության մեջ մեղադրվողին չպետք է պահեն կալանքի տակ, եթե ունի այնպիսի հիվանդություն, որով պարզապես արգելվում է պահել անազատության մեջ. «Ի՞նչ է արել այս տղան, դու գնացել ես, խանգարել ես պատարագը, հինգ րոպեով պատարագի մտնում, դուրս ե՞ն գալիս՝ ճեղքելով հոծ բազմությանը, պատճառելով անհարմարություններ: Եվ ի՞ն էր նա երեկ բացատրում, որ ինքը այն պահպանյալն է, որի համար պետք է թիկնազորը կյանքեր զոհի»:

Վարչապետը երեկ արդարացրել էր իր անվտանգությունը պահպանող ծառայողին տղային հարվածելն ու պնդել՝ նման իրավիճակներում նա կարող է զենք գործադրել, իսկ եթե չկատարի իր պարտավորոթյունները, կարող է հայտնվել բանտում: Փաշինյանն անգամ հեռավոր անցյալ էր գնացել, հիշեցրել երկրորդ նախագահ Քոչարյանի օրոք նրա անվտանգության աշխատողի արարքը, երբ մահացել էր Պողոս Պողոսյանը:

«Կուկուն, որ որոշել էր, ասվել էր՝ «բարև, Ռո՛բ», ու անցել էր մարդը, հետո տարել էին, զուգարանում սպանել էին, տարբերություն չե՞ք տեսնում», - ասել էր Փաշինյանը:

Ժաննա Ալեքսանյանը հարցնում է. «Դրանո՞վ ես տարբերվում, այսինքն՝ տարբերությունը սպանություն և ոչ սպանություն, որ պետք է ծափահարենք, որ չեն սպանել այդ տղային»:

Դավիթի ընկերներն արդեն երրորդ օրն է՝ նրա ազատ արձակման պահանջով ակցիաներ են անցկացնում՝ առաջին օրը Գլխավոր դատախազության շենքի մոտ էին, երեկ՝ ՄԱԿ-ի, այսօր էլ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի: Անահիտ Մանասյանը երեկ իր մտահոգություններն էր հայտնել կալանքի հարցով, բայց և ընդգծել՝ դեռ ուսումնասիրում են փաստաթղթերը:

«Ուղղակի պահանջում ենք այսպես ասած՝ անձի և առողջական իրավունքի պաշտպանություն, ուղղակի պահանջում ենք նաև, որ իր արարքի համար նա ստանա համահունչ պատասխան», - ասում են ընկերները:

Գործով քննիչն ազատվել է

Ի դեպ, քիչ առաջ հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատվել է Դավիթի գործը քննող քննիչը:

Քննչական կոմիտեն հայտարարել է, որ Հակոբ Հակոբկոխյանը Դավիթ Մինասյանի տունը խուզարկելիս կարգ է խախտել, մասնավորապես թույլատրել է լրագրողների ներկայությունը, նախաքննական տվյալներ է հրապարակել և համազգեստով չի եղել: Քննիչը հրավիրվել է բացատրություն տալու համար, որից հետո դիմում է ներկայացրել պաշտոնից ազատվելու մասին:

Գայանե Մինասյանը դիմել է ԿԳՄՍ նախարարին

Իսկ Դավիթի մայրը դիմել է կրթության նախարար Ժաննա Անդրեասյանին, խնդրել որպես երաշխավոր հանդես գալ որդու ազատության համար, ընդգծել, որ դատավորը նրան կալամավորելիս հաշվի չի առել առողջական խնդիրները, հիշեցրել, որ հենց ինքը՝ նախարարն էր 2023 թվականին Դավիթին գերազանցության վկայական շնորհել: Նախարարությունը դիմումը քննարկում է:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG