Մատչելիության հղումներ

18-ամյա Դավիթ Մինասյանի վերաքննիչ բողոքը կքննի դատավոր Ադրինե Ղուկասյանը

Անցած շաբաթ երկու ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի վերաքննիչ բողոքի քննությունը մակագրվել է դատավոր Ադրինե Ղուկասյանին: Դատական դեպարտամենտից այլ մանրամասներ չեն փոխանցում, դեռ հայտնի չէ դատական նիստի օրը:

Ծաղկազարդի պատարագին՝ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում, վարչապետ Փաշինյանի նկատմամբ բռնության ու խուլիգանության մեղադրանքով կալանավորված պատանին մեկ շաբաթվա ընթացքում երեք անգամ ուշագնաց էր եղել: Երրորդ ուշաթափությունից հետո նրան հիվանդանոց տեղափոխեցին: Ավարտական դասարանի աշակերտն, ըստ փաստաբանների, լուրջ հիվանդություններ ունի, դրանցից մեկն էլ կալանքի հետ անհամատեղելի է, բայց դատավոր Մնացական Մարտիրոսյանը սա հաշվի չէր առել ու երկու ամսով կալանավորել տղային:

Դավիթի փաստաբանները դեռ անցած շաբաթ տղային կալանքից ազատելու խնդրանքով դիմել էին նաև գլխավոր դատախազին ու Մարդու իրավունքների պաշտպանին: Դատախազությունից դեռ պատասխան չկա, պաշտպանն էլ երեկ հայտարարեց, թե ինքը դատարանի սահմանած կալանքը փոխելու առաջարկ անելու իրավասություն չունի, բայց, հաշվի առնելով Դավիթի առողջական խնդիրներն ու կրթությունը շարունակելու իրավունքը, գրագրություն է վարել՝ նրա նկատմամբ այլ խափանման միջոց կիրառելու նպատակով:

Սուրբ Աննայում երկվորյակ եղբոր հետ պատարագի մասնակցող Դավիթ Մինասյանն այդպես էլ տուն չհասավ: Ծաղկազարդի պատարագի կեսից եկեղեցի էր մտել վարչապետ Փաշինյանը: Անարգել, անվտանգության աշխատողների՝ ճանապարհ բացելու շնորհիվ հասել էր խորանի մոտ, մի քանի րոպե կանգնել և որոշել նորից ճեղքելով լեփ-լեցուն եկեղեցին դուրս գալ: Տեսանյութում երևում է, թե ինչպես են սկզբում անվտանգության աշխատակիցները, մարդկանց հրելով, փորձում ճանապարհ բացել վարչապետի համար՝ հրմշտելով նաև երկվորյակ եղբայրներին։

Դավիթը բողոքել էր իրեն տեղից հեռացնելու դեմ և ձեռքը բարձրացրել վարչապետի ուղղությամբ։ Եղբայրների մոտից վարչապետի՝ դեպի մուտքի դուռ շարժվելուց հետո անվտանգության աշխատողը բռունցքով հարվածել էր Դավիթին, ու նա ընկել էր: Իրավապահները պատանու վարքագիծը որակել են հանցագործություն՝ խուլիգանություն ու բռնություն պաշտոնյայի նկատմամբ, բայց չեն քննում անվտանգության աշխատողի հարվածի դրվագը:

Վարչապետն արդարացրել էր իր անվտանգությունը պահպանող ծառայողին տղային հարվածելն ու պնդել՝ նման իրավիճակներում նա կարող է զենք գործադրել, իսկ եթե չկատարի իր պարտավորությունները, կարող է հայտնվել բանտում: Փաշինյանն անգամ հեռավոր անցյալ էր գնացել, հիշեցրել երկրորդ նախագահ Քոչարյանի օրոք նրա անվտանգության աշխատողի արարքը, երբ մահացել էր Պողոս Պողոսյանը:


XS
SM
MD
LG