Մատչելիության հղումներ

«Չի նստում, պառկած դիրքում ենք կերակրում»․ մինչ 18-ամյա Դավիթը հիվանդանոցում է, պատասխանատուները լռում են

Եկեղեցուց բանտ, ապա հիվանդանոց տեղափոխված 18-ամյա պատանու առողջական վիճակը մնում է մտահոգիչ:

«Ինքը չի նստում, մենք իրեն պառկած տեղը եթե կերակրում ենք, կամ մայրապետերը, կամ ես, Լուսինեն (փաստաբանը-խմբ.), էլի պառկած դիրքում ենք կերակրում», - ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

Սակայն գլխավոր դատախազն ու կրթության նախարարը դեռևս չեն արձագանքում փաստաբանների՝ կալանքը փոխելու հրատապ պահանջին։ Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Դավիթ Մինասյանը երկվորյակ եղբոր հետ դարձավ մեղադրյալ: Միքայելը ձերբակալությունից օրերս էր ազատ արձակվել գրավի դիմաց:

«Հրատապությունը դրանում է, դատախազությունն էլ ասում է՝ 30 օրվա ընթացքում կպատասխանենք», - նշեց փաստաբանը:

Ավագ դպրոցի աշակերտը մեղադրվում է խուլիգանության և վարչապետի նկատմամբ բռնության հոդվածներով, եղբայրը՝ օժանդակելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ կազմակերպելու համար:

Փաստաբանները մոր փոխարեն ամեն օր այցելում են արդեն վեց օր հիվանդանոցում առանց խնամակալի մնացած Դավիթին, կերակրում և հոգ տանում նրա մասին. կալանավորված տղային միայն նրանք կարող են տեսակցել։ Մանկուց առողջական լուրջ խնդիրներ ունեցող պատանին մինչև ձերբակալությունը մշտապես գտնվել է մոր հատուկ խնամքի տակ, որն էլ ապահովել է նրա սննդային ու դեղորայքային ռեժիմը։

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը շարունակում է պնդել՝ այս գործն ի սկզբանե ապօրինի է. «Իսկ որևէ մարմին այլ ապացույց հայտնաբերե՞լ է, մինչև այս պահը մեզ նման ապացույցներ հայտնի չեն: Մենք ընդհանրապես գտնում ենք, որ այս երեխեքի նկատմամբ նախաձեռնված վարույթն արդեն ապօրինի է։ Հետևաբար այդ ապօրինի վարույթի շրջանակներում ցանկացած անձի կողմից կատարված ցանկացած գործողություն արդեն ապօրինի է ու անհիմն է»։

Գործով արդեն երկրորդ քննիչն է հեռացվում պաշտոնից

Մինչ պատանին մնում է անազատության մեջ, այս գործով արդեն երկրորդ քննիչն է հեռացվում պաշտոնից: Այսօր հայտնի դարձավ, որ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների երրորդ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանը: Ավելի վաղ էլ նրա ենթական էր ազատվել գործից, այն բանից հետո, երբ տղաների բնակարանում խուզարկությունից հետո տեսախցիկների առջև ասել էր, թե խուլիգանության և վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքի հետ կապ ունեցող ապացույցներ չեն գտել տղաների բնակարանից:

Քննիչի վարքագիծը ոչ պատշաճ գնահատվեց, և նա ազատվեց աշխատանքից: Քննչական կոմիտեն հայտարարեց, թե Հակոբկոխյանը Դավիթ Մինասյանի տունը խուզարկելիս կարգ է խախտել, մասնավորապես թույլատրել է լրագրողների ներկայությունը, նախաքննական տվյալներ է հրապարակել և համազգեստով չի եղել: Գործից ազատված նրա անմիջական ղեկավարը ներկա չէր խուզարկությանը:

«Փաստացի քննիչը հրապարակել է մի տեղեկատվություն, որը հակասում է այդ վարկածին»

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ քննիչներին հեռացնելը կարող է կապ ունենալ նաև չբացահայտված ապացույցների հետ

«Հիմնականում նախնական վարկածը գնում էր խմբակային հանցագործության մասին, այսինքն՝ կազմակերպիչ և իրագործողներ, և փաստացի քննիչը հրապարակել է մի տեղեկատվություն, որը հակասում է այդ վարկածին, ուստի հնարավոր է՝ այդ հիմքով էլ նրան փորձել են հեռացնել քննությունից և նաև աշխատանքից», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

12-րդ դասարանի աշակերտը մեղադրյալ դարձավ Ծաղկազարդի պատարագին վարչապետի՝ Սուրբ Աննա եկեղեցի չհայտարարված այցից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները, ճանապարհ բացելով, հրմշտում մարդկանց, այդ թվում՝ երկվորյակ եղբայրներին։ Հրմշտոցի դեմ բողոքած և վարչապետի ուղղությամբ ձեռքը բարձրացրած Դավիթին անվտանգության աշխատողը բռունցքով հարվածել էր, ինչից պատանին վայր էր ընկել։ Ու եթե եղբայրները ժամերի ընթացքում մեղադրյալ դարձան, անվտանգության աշխատողի հարվածի դրվագը մնում է չքննված:

«Դե եթե համարենք, որ հեռավորությունը բավարար չէր, որպեսզի անձը կարողանար հարվածը հասցնել, կամ ինչ-որ մի այլ գործողություն կատարեր, կամ ինչ-որ մի բռնություն գործադրեր իշխանական անձի նկատմամբ, ուստի այստեղ հստակորեն դիտարկվում է այն վարկածը, որ բռնությունն անհամաչափ է, բայց դա քննչական մարմինների գործառույթն է, և կարծում եմ, որ անհրաժեշտ է, որպեսզի այդ քննությունն իրականացվի», - շեշտեց Զարուհի Հովհաննիսյանը:

Ինչո՞ւ իրավապահները ազատ չեն արձակում պատանուն

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով՝ իրավապահները կարող են մարդասիրություն դրսևորել ու ազատ արձակել դպրոցականին, որ նաև հնարավորություն ունենա ավարտել դպրոցը: Իսկ դատարանը կարող է ամբողջական քննությամբ պարզել եղելությունը, նաև անվտանգության աշխատողի հարվածը քննել:

«Երբ խոսում եմ դատարանի մասին, նկատի չունեմ Մնացական Մարտիրոսյանին, բայց մեր դատարանները Մնացական Մարտիրոսյան են, այդ պատճառով էլ սպասում են երևի թե ցուցումների», - ասաց նա:

Իրավապաշտպանը նկատի ունի աշակերտին երկու ամսով կալանավորած դատավորին, որը, ըստ փաստաբանների, անգամ հաշվի չառավ, որ մանկուց լուրջ հիվանդություններ ունեցող տղայի երկու հիվանդություններն անհամատեղելի են բանտային պայմանների հետ:

Ինչո՞ւ իրավապահները ազատ չեն արձակում պատանուն. ըստ իրավապաշտպանի՝ սպասում են ցուցումի ամենավերևից. «Ինչ ցուցում կլինի, և ինչ պետք է անեն, ամենավերին օղակներից պետք է լինեն ցուցումներ»:

Լուռ է նաև կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը: Դավիթի մայրը 5 օր առաջ նաև նրան է դիմել. Գայանե Մինասյանը խնդրել է որպես երաշխավոր հանդես գալ որդու ազատության համար, ընդգծել, որ դատավորը նրան կալանավորելիս հաշվի չի առել առողջական խնդիրները, հիշեցրել, որ հենց ինքը՝ նախարարն էր 2023 թվականին Դավիթին գերազանցության վկայական շնորհել: Ժաննա Անդրեասյանը երեկ ասել էր, թե դեռ քննարկում են, իսկ խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցը նախարարին կանխել էր իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ այն որակելով «օրակարգից շեղված»։

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG