Մատչելիության հղումներ

Մորն արգելված է տեսակցել որդուն. վարչապետի գործով կալանավորված 18-ամյա Դավիթի առողջական վիճակը մնում է մտահոգիչ

Նախ Արմավիրի, հետո Աբովյանի բանտում, ապա հիվանդանոցում հայտնված Դավիթ Մինասյանի մորն արգելված է տեսակցել որդուն: Այս օրերին մորը փոխարինում են փաստաբանները: Կալանքի տակ գտնվող 18-ամյա դպրոցականը վերակենդանացման բաժանմունքում երեք օր մնալուց հետո այսօր հիվանդասենյակ է տեղափոխվել: Բայց փաստաբան Վարդուհի Էլբակյանի տպավորությամբ՝ տղայի վիճակը նախորդ օրերի համեմատ ավելի է վատացել:

«Բացարձակ դրական դինամիկա չեմ տեսել։ Օրինակ՝ երեկ անընդհատ ասում էր, որ շատ ուժեղ գլխապտույտներ ունի, առաջին օրն ասում էր, որ գլխացավ ունի: Փորձել էին կանգնեցնել, չէին կարողացել, որովհետև գլուխը շատ էր պտտվում: Նույն վիճակն ասօր է եղել: Անգամ Լուսինեն [փաստաբանը- խմբ.] փորձել էր մի փոքր կերակրել, չէր էլ կերել, հրաժարվել էր, ասել էր՝ գլխացավը շատ ուժեղ է»,- պատմում է փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

Ծաղկազարդի պատարագին՝ Սուրբ Աննա եկեղեցում, վարչապետ Փաշինյանի նկատմամբ բռնության ու խուլիգանության մեղադրանքով կալանավորված պատանին մեկ շաբաթվա ընթացքում երեք անգամ ուշագնաց էր եղել: Երրորդ ուշաթափությունից հետո նրան հիվանդանոց տեղափոխեցին: Ավարտական դասարանի աշակերտն, ըստ փաստաբանների, լուրջ հիվանդություններ ունի, դրանցից մեկն էլ կալանքի հետ անհամատեղելի է, բայց դատավոր Մնացական Մարտիրոսյանը սա հաշվի չէր առել ու երկու ամսով կալանավորել տղային:

Դավիթի փաստաբանները դեռ անցած շաբաթ տղային կալանքից ազատելու խնդրանքով դիմել էին Գլխավոր դատախազին ու Մարդու իրավունքների պաշտպանին: Դատախազությունից դեռ պատասխան չկա, պաշտպանն էլ այսօր հայտարարեց, թե ինքը դատարանի սահմանած կալանքը փոխելու առաջարկ անելու իրավասություն չունի, բայց, հաշվի առնելով Դավիթի առողջական խնդիրներն ու կրթությունը շարունակելու իրավունքը, գրագրություն է վարել՝ նրա նկատմամբ այլ խափանման միջոց կիրառելու նպատալով:

Փաստաբանն Վարդուհի Էլբակյանը, այդուհանդերձ կարծում է, որ Անահիտ Մանասյանը նման լիազորություն ունի.

«Հենց ՄԻՊ-ը կարող է միջնորդությամբ հանդես գալ, որ խափանման միջոցը փոխվի։ ՄԻՊ-ը, կարծում եմ, որ պետք է ասելիք ունենա՝ առաջին հերթին Դավիթի մասով, բերման ենթարկելու, հետագայում կալանքի, ատելության խոսքի...ՄԻՊ-ը շատ ու շատ հարցերում ասելիք ուներ, բայց ոնց որ թե մենք գերագնահատում ենք ՄԻՊ-ի ասելիքը»,- նշում է փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

4000 ստորագրություն և բողոքի ակցիաներ. Դավիթի ընկերները պահանջում են ազատել նրան դատախազության առջև

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված մի ստորագրահավաք էլ համացանցում է սկսվել: Երեք օրվա ընթացքում 4000 օգտատեր է միացել դրան: Պաշտպանին օրերս դիմել էին նաև Դավիթի ընկերները, որոնք այսօր ևս համադասարանցուն ազատելու պահանջով ակցիա անցկացրեցին՝ այս անգամ Գլխավոր դատախազության առջև:

«Դե, եթե արձագանք լիներ, կրկին այստեղ չէինք հավաքվի, ըստ այդմ, այս նամակի բովանդակությունը շատ չի տարբերվում նաև նամակից, որը հանձնել ենք Մարդու իրավունքների պաշտպանին, բայց դե ոչ մի տեղից դեռ արձագանք չենք ստացել»,- ասաց Դավիթի դասընկերը։

Փաստաբանները Վերաքննիչ են բողոքարկել պատանուն կալանավորելու որոշումը: Դատական դեպարտամենտի փոխանցմամբ՝ վաղն այն կմակագրվի դատավորներին, դրանից հետո նիստ կնշանակվի:

Մինչ տղայի փաստաբաններն ու մայրը վստահեցնում են, որ տղան չի հարվածել վարչապետին, պարզապես անվտանգության աշխատակիցների հրմշտոցից վրդովված ձեռքն է մեկնել նրա ուղղությամբ, հակառակը նրան են հրմշտել ու հարվածել, Փաշինյանն արդարացրել էր իրեն պահպանողների գործելաոճը, որակել որպես բարձրաստիճան պաշտոնյայի անվտանգությունն ապահովող գործողություն: Տեսանյութերում երևում է, որ անվտանգության աշխատակիցը եկեղեցում հարվածում է Դավիթին, երբ վարչապետն արդեն պատանու մոտ չէր այլևս: Այդ հարվածից նա վայր է ընկնում:

Վարչապետ Փաշինյանը հայտարարել էր.- «Նենց ա հարվածել, որ նույնիսկ մարմնական վնասվածքներ չէր ստացել, կարող էր ցանկացած մարմնական վնասվածք ստանալ, բա իր ծառայության իմաստն էն ա, որ երբ կա հարձակում կամ հարձակման վտանգ, ինքը գործի»:

Անցած շաբաթավերջին աշխատանքից ազատվեց այս գործը քննող քննիչ Հակոբ Հակոբկոխյանը:

Քննիչ Հակոբկոխյանը եկեղեցու միջադեպից հետո մեղադրանք էր առաջադրել ոչ միայն Դավիթին, այլև նրա եղբորը, ինչպես նաև եկեղեցում այդ պահին գտնվող գործիչ Գևորգ Գևորգյանին: Եղբորը Դավիթին օժանդակելու մեջ են մեղադրում, Գևորգյանին՝ այս ամենը կազմակերպելու, նրանք գրավով ազատ են արձակվել: Քննիչի որոշմամբ՝ երկվորյակ եղբայրների բնակարանում խուզարկություն էր եղել:

Աշխատանքից ազատված քննիչը առաջին խուզարկությունից հետո ուղիղ ասել էր, որ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելուն առնչվող առարկաներ եղբայրների բնակարանից չեն հայտնաբերել, ինչից հետո էլ ազատվեց աշխատանքից: Քննչական կոմիտեն հայտարարեց, թե նա կարգ է խախտել, նախաքննական գաղտնիք է հրապարակել, իսկ քննչական գործողությունն առանց համազգեստի է անցկացրել:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG