Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առաջարկել է քննարկել 18-ամյա Դավիթ Մինասյանի համար այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը: Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողներին՝ առանց հստակեցնելու, թե ում է արել այդ առաջարկը:
Հարցին, թե արդյոք այդ առաջարկով գլխավոր դատախազին է դիմել, նա չմանրամասնեց:
«Հարցի՝ կալանքի հետ կապված որոշումը նախ դատարանն է կայացնում, ես չեմ կարող ասել, որ հիվանդությունը միանշանակ համատեղելի կամ անհամատեղելի է, բայց կարող եմ հատուկ շեշտադրել, որ հաշվի առնելով անձի հետ կապված առողջական վիճակի առնչությամբ առկա փաստաթղթերը, կրթության իրավունքի հետ կապված հարցերը և այլն, ես ինքս ևս առաջարկել եմ քննարկել այլընտրանքային խափանման միջոցի քննարկումը», - ասաց նա:
Մարդու իրավունքների պաշտպանն ավելի վաղ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի վերաբերյալ երկու հայտարարություն է տարածել: Խոսել էր ատելության խոսքի տարածման վտանգի, կալանքի անթույլատրելիության, կարծիք հայտնելու ազատության, համաչափ ուժի կիրառման մասին, բայց վարչապետի անվտանգության աշխատողի արարքը՝ Մինասյանին հարվածելու չէր դատապարտել: Անահիտ Մանասյանը շեշտել էր, թե ապրիլի 3-ից իր հանձնարարությամբ գրագրություն է վարվել՝ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հնարավորության հարցը քննարկելու նպատակով: Թե ինչ գրագրության մասին է խոսքը, պաշտպանն այդ ժամանակ էլ չէր մանրամասնել:
Ծաղկազարդի պատարագին՝ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում, վարչապետ Փաշինյանի նկատմամբ բռնության ու խուլիգանության մեղադրանքով կալանավորված պատանին մեկ շաբաթվա ընթացքում երեք անգամ ուշագնաց էր եղել: Երրորդ ուշաթափությունից հետո նրան հիվանդանոց տեղափոխեցին: Ավարտական դասարանի աշակերտն, ըստ փաստաբանների, լուրջ հիվանդություններ ունի, դրանցից մեկն էլ կալանքի հետ անհամատեղելի է, բայց դատավոր Մնացական Մարտիրոսյանը սա հաշվի չէր առել ու երկու ամսով կալանավորել տղային: