Մատչելիության հղումներ

Առանց խնամակալ՝ ոստիկանական հսկողությամբ հիվանդասենյակում. Դավիթ Մինասյանը կալանքի հարցը վերաքննիչում է

Դավիթ Մինասյանին տեղափոխում են հիվանդանոց, ապրիլի 3,2026թ.
Դավիթ Մինասյանին տեղափոխում են հիվանդանոց, ապրիլի 3,2026թ.

Վարչապետի նկատմամբ բռնության մեղադրանքով անցած շաբաթ երկու ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի Վերաքննիչ բողոքի քննությունը մակագրվել է դատավոր Ադրինե Ղուկասյանին: Դատական դեպարտամենտից այլ մանրամասներ չեն փոխանցում, դեռ հայտնի չէ դատական նիստի օրը՝ «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

«Մեր միակ ակնկալիքը, որ դատարանը գոնե հաշվի առնելով այս բացառիկ իրավիճակը, շտապ կարգով քննարկի բողոքը»,- ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Փաստաբանները պնդում են, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող Դավիթ Մինասյանը չպետք է կալանավորվեր բանտային պայմանների հետ անհամատեղելի երկու հիվանդության պատճառով:

Անցած ուրբաթ բանտից վերակենդանացման բաժանմունք, երեկ էլ հիվանդասենյակ տեղափոխված դպրոցականի փաստաբանները մի խնդրանք ունեն՝ գոնե տնային կալանք տալ 4 տարեկանից լուրջ հիվանդություններ ունեցող և միշտ մոր խնամքի տակ գտնվող տղային:

«Մենք խնդրում ենք այլընտրանքայինների ամենախիստը, որը ինքը հավասարազոր և հավասարեցված է կալանքին, բայց անգամ դրան չեն գնում։ Մենք խոսում ենք միջին ծանրության հանցագործության մասին, մենք խոսում ենք 18 տարեկանի մասին, մենք խոսում ենք վատառողջի մասին, մենք խոսում ենք բարձր առաջադիմության դպրոցական տղայի մասին»,- շեշտում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Փաստաբանը նկատում է՝ ոստիկաններով շրջապատված հիվանդասենյակում տղան խնամակալ չունի, միայն իրենք՝ փաստաբաններն իրավունք ունեն տեսակցելու և այդ ժամանակ էլ կերակրում, խնամում են նրան: Փաստաբան Վարդուհի Էլբակյանը, որ երկար տարիներ ճանաչում է եղբայրներին, նկատում է՝ մանկուց առողջական խնդիրներ ունեցող երկվորյակ եղբայրները միշտ գտնվել են մոր հատուկ խնամքի տակ, իսկ հիմա Դավիթը զրկված է դրանից:

«Այո, Դավիթը նորմալ հաճախել է դպրոց։ Բայց պատկերացրեք, որ դա նույնպես սահմանափակ է եղել, եթե ես համեմատեմ մնացած մյուս երեխաների հետ։ Դավիթի դուրսը, Դավիթի բակը, Դավիթի շփումը, Դավիթի սնունդը, ամեն ինչը եղել է շատ- շատ սահմանափակ, միշտ Գայանեի [Դավիթի մայրը-խմբ.] հսկողության տակ։ Դուք բոլորդ գիտեք, մենք բարձրաձայնել ենք, որ Դավիթն այնպիսի ալերգիաներ ունի, հիմա երեխա են կարող է գնան մի տեղ, փորձեն ամենահասարակ քաղցրավենիքն ուտել։ Երեխաները՝ Դավիթն էլ, Միքայելն էլ, զրկված են էդ քաղցրավենիքն ուտելու հնարավորությունից»,- ասում է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Փաստաբանները սպասում են գլխավոր դատախազի որոշմանը, որը կարող է փոխել տղայի կալանքը, բայց դատախազությունից դեռ պատասխան չունեն:

Խոսելով Դավիթի առողջական վիճակից, փաստաբանն ասում է. «Թույլ է, անկողնային վիճակով պառկած է, ցավեր ուներ երեկ, եթե համեմատական կարգով ասենք, երեկ շատ վատ է եղել»։

12-րդ դասարանում սովորող և ամեն կիրակի եկեղեցի հաճախող Դավիթը մեղադրյալ դարձավ վարչապետի՝ Սուրբ Աննա եկեղեցի չհայտարարված այցից հետո:

Ծաղկազարդի պատարագի կեսից եկեղեցի էր մտել վարչապետ Փաշինյանը: Անարգել, անվտանգության աշխատողների՝ ճանապարհ բացելու շնորհիվ հասել էր խորանի մոտ, մի քանի րոպե կանգնել և որոշել, նորից ճեղքելով լեփ-լեցուն եկեղեցին, դուրս գալ: Տեսանյութում երևում է, թե ինչպես են սկզբում անվտանգության աշխատակիցները մարդկանց հրելով փորձում ճանապարհ բացել վարչապետի համար՝ հրմշտելով նաև երկվորյակ եղբայրներին։

Դավիթը բողոքել էր իրեն տեղից հեռացնելու դեմ և ձեռքը բարձրացրել վարչապետի ուղղությամբ։ Եղբայրների մոտից վարչապետի՝ դեպի մուտքի դուռ շարժվելուց հետո անվտանգության աշխատողը բռունցքով հարվածել էր Դավիթին, ու նա ընկել էր: Իրավապահները Դավիթին մեղադրում են խուլիգանության ու պաշտոնյայի նկատմամբ բռնության, եղբորը՝ աջակցելու, իսկ պատանիներից քիչ այն կողմ պատարագի մասնակցած հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանին՝ կազմակերպելու համար: Իրավապահները, սակայն, չեն քննում անվտանգության աշխատողի հարվածի դրվագը:

Վարչապետ Փաշինյանն ավելի ուշ հայտարարել էր. «Երբ որևէ մեկը գործողություն է անում, ինքը բեյջ չունի, որ ինքը 18 տարեկան է կամ առողջական խնդիրներ ունի, այլ կարգի խնդիրներ ունի, և ծառայությունը պետք է իրականացնի իր գործառույթները»։

Մինչ եղբայրներն ու հասարակական գործիչը հերքում են, թե հանցագործություն են արել, այն էլ՝ նախապես կազմակերպել են այն, վարչապետն օրերս, ըստ էության, քննադատեց պատանիների արարքը, ավելին՝ արդարացրեց Դավիթին բռունցքով հարվածած իր անվտանգության աշխատողին:

«Երբ պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը պարող է ուժ գործադրել, կարող է հարվածել, Աստված չանի, սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել: Երբ այդ աշխատանքը չանի, այդ պետական պահպանության ծառայողի դեմ է քրեական գործ հարցուվելու, ինքը կարա հայտնվի բանտում, իր ծառայողական պարտականությունները չկատարելու համար»,- ասել էր վարչապետը։

Մարդու իրավունքների պաշտպանն, իր հերթին, Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի վերաբերյալ երկու հայտարարություն է տարածել: Խոսել էր ատելության խոսքի տարածման վտանգի, կալանքի անթույլատրելիության, կարծիք հայտնելու ազատության, համաչափ ուժի կիրառման մասին, բայց վարչապետի անվտանգության աշխատողի արարքը չէր դատապարտել: Անահիտ Մանասյանը երեկ հայտարարեց, թե իրավունք չունի միջամտել դատարանի որոշմանն ու կալանքը փոփոխելու առաջարկ անել, բայց և հաջորդ նախադասության մեջ շեշտեց, թե ապրիլի 3-ից իր հանձնարարությամբ գրագրություն է վարվել՝ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հնարավորության հարցը քննարկելու նպատակով: Թե ինչ գրագրության մասին է խոսքը, պաշտպանը չէր մանրամասնել:

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն ասում է. «Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը մենք տենց էլ չհասկացանք՝ ինչի մասին։ Այս ընթացքում, ինչպես գիտեք, մենք բարձրաձայնել ենք, որ անընդհատ դիմել ենք Մարդու իրավունքների պաշտպանին, հետո այս հայտարարությունը, ես չեմ կարող դա մեկնաբանել»։

Դավիթի մայրը 5 օր առաջ նաև կրթության նախարարին է դիմել. Գայանե Մինասյանը խնդրել է որպես երաշխավոր հանդես գալ որդու ազատության համար, ընդգծել, որ դատավորը նրան կալանավորելիս հաշվի չի առել առողջական խնդիրները, հիշեցրել, որ հենց ինքը՝ նախարարն էր 2023 թվականին Դավիթին գերազանցության վկայական շնորհել: Ժաննա Անդրեասյանի ղեկավարած կառույցը դեռ որոշում չունի։

Մինչդեռ, հիվանդանոցում առանց մայրական խնամքի գտնվող Դավիթի ազատության հարցը հրատապ է, հայտարարում են փաստաբանները: Տղայի ազատությունը պահանջող ֆեյսբուքյան նախաձեռնությանը մի քանի օրում մի քանի հազար մարդ է միացել, իսկ գլխավոր դատախազին երեկ նման դիմում հանձնած Դավիթի ընկերներն ու բազմաթիվ քաղաքացիներ առաջիկայում պատրաստվում են կրկին հավաքվել դատախազության մոտ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել տղային:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG