Մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, զուգահեռ բողոքի ակցիա էր

Մարզահամերգային համալիրում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Մինչ այդ տեղի ունեցավ դիմավորման արարողությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթով ողջունում էր համալիր ժամանող շուրջ հինգ տասնյակ առաջնորդներին:

Երևանում են Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Չեխիայի, Նորվեգիայի, Լեհաստանի վարչապետերը, Եվրոպական միության ղեկավարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Առաջին անգամ այս ձևաչափով հավաքին որպես հյուր մասնակցում է Կանադայի վարչապետը: Եվրամիության առանցքային երկրներից միայն Գերմանիայի կանցլերը չի ժամանել գագաթնաժողովին՝ պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությամբ:

Չնայած հրավերին՝ Հայաստան չի եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Անկարան, ըստ էության, խախտելով գագաթնաժողովի ձևաչափը՝ առանց պատճառաբանության հավաքին գործուղել է փոխնախագահ Ջևդեթ Յըլմազին: 2008-ին նախագահ Գյուլի այցից հետո Յըլմազը Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ հարևան երկիր է եկել:

Մենք սերտորեն աշխատում ենք Բաքվի հետ՝ ամրապնդելու երկու երկրների միջև խաղաղությունը. Փաշինյան

Հույս ունեմ՝ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան 2028-ին, երբ

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այնտեղ անցկացվի, հայտարարել է Հայաստանի վարչապետը՝ գագաթնաժողովի բացման ելույթում։

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ առաջին անգամ է, որ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում, Հայաստանում, թեկուզ՝ տեսակապով։

«Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի ամրապնդենք և ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությունը»,- ասել է նա։

Փաշինյանը կարևորել է նաև Թուրքիայի փոխնախագահի մասնակցությունը, ընդգծելով, որ Ջևդեթ Յըլմազը երկրի առաջին փոխնախագահն է, որ այցելում է Հայաստան։

Ալիևը տեսակապով միացավ

Ադրբեջանի նախագահը, դիմելով եվրոպացի առաջնորդներին, կրկին քննադատեց Եվրախորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին՝ «հայամետ բանաձևերի» ու «սադրիչ քայլերի համար»։

Բաքվից տեսակապով միանալով Երևանում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, Ալիևը պնդեց, թե այդ կառույցները «թիրախավորում են Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ»։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից՝ 2021-ից մինչև 2026-ը, Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջինը՝ այս գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ»,-հայտարարել է Ալիևը, պնդելով, թե դրա փոխարեն եվրոպացի պատգամավորները պետք է անդրադառնան եվրոպական ընտանիքի «հիմնարար խնդիրներին՝ միգրացիա, իսլամաֆոբիա, մրցունակության բացակայություն»։

Կոշտան խոսեց հայ-ադրբեջանական հարաբերություններից

Պատմական որակելով Երևանում այսօր անցկացվող եվրոպացի առաջնորդների հավաքը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարեց, թե հայ - ադրբեջանական համաձայնությունների շնորհիվ բարելավվել են Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները: Նա նաև խիզախ որակեց Նիկոլ Փաշինյանի քայլերը, նշեց, որ Հայաստանը ավելի է մոտեցել Եվրոպային և դա «արժե տոնել»:

Մենք պետք է Պուտինին մղենք դեպի դիվանագիտություն. Զելենսկի

Առաջին անգամ Հայաստանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Իր ելույթում ասաց՝ «Մենք պետք է Պուտինին մղենք դեպի դիվանագիտություն: Այս ամռանը Պուտինը պիտի որոշի, թե ինչ է անելու՝ ավելի է ընդլայնելու պատերազմը, թե անցնելու է դիվանագիտությանը», - ասել է Վլադիմիր Զելենսկին՝ կոչ անելով եվրոպացի առաջնորդներին առաջ մղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը, որը ուղղված կլինի ռուսական նավթարդյունաբերության, ռազմարդյունաբերության ու բանկերի դեմ:

Խոսելով Մոսկվայում մայիսի 9-ին առանց ռազմական տեխնիկայի նախատեսված շքերթի մասին՝ Զելենսկին ասաց. - «Առաջին անգամ է, որ նրանք չեն կարողանա ռազմական տեխնիկայով անցկացնել շքերթը, որովհետև վախենում են, որ դրոնները կբզզան Կարմիր հրապարակի վերևում: Սա նշանակում է, որ նրանք հիմա ուժեղ չեն, այդ պատճառով մենք պետք է շարունակենք ճնշումը՝ պատժամիջոցների միջոցով»:

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հիմնադրվել է Ֆրանսիայի նախագահի առաջարկով հենց Ուկրաինա Ռուսաստան ներխուժումից հետո: Ռուս-ուկրաինական ճգնաժամը նախորդ գագաթնաժողովի հիմանական թեմաներից է եղել: Երևանում էլ նախագահ Զելենսկին արդեն մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացրել: Անցած շաբաթ նա Ադրբեջանում էր, որտեղ առաջարկել էր Բաքուն դիտարկել ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ, բայց Մոսկվան մերժել էր:

Գագաթնաժողովին կլինեն պանելային քննարկումներ Եվրոպայում հիբրիդային սպառնալիքների, ժողովրդավարության դիմակայունության, տնտեսական անվտանգության թեմաներով: Այս տարվա գագաթնաժողովի կարգախոսն է «Կերտելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում»: Վարչապետ Փաշինյանի հետ նիստը նախագահում է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան: Գագաթնաժողովի ավարտին նրանք ասուլիսով հանդես կգան: Միջոցառման հարթակն օգտագործելով այսօր մի շարք պաշտոնյաներ, այդ թվում Հայաստանի վարչապետը նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնեն:

Եվրոպայի առաջնորդներն այս ձևաչափով հավաքվում են տարեկան երկու անգամ, նախորդ գագաթնաժողովները հյուրընկալել են Չեխիան, Մոլդովան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Ալբանիան և Դանիան: Հայաստանից հետո արդեն աշնանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը կուղևորվի Իռլանդիա: Ադրբեջանը հեղինակավոր այս միջոցառումն ընդունելու է երկու տարուց՝ 2028-ի գարնանը:

Այսօրվա միջոցառումը լուսաբանում են մոտ 400 օտարերկրյա և 100 տեղացի լրագրողներ:

Գագաթնաժողովին զուգահեռ Մարզահամերգային համալիրի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում՝ Բաքվում պահվող գերիներին ազատ արձակելու պահանջով, ակցիայի մասնակիցները նաև Եվրոպայի առաջնորդների ուշադրությունն են հրավիրում արցախցիների իրավունքների վրա:

Վաղը եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Երևանում կանցկացվի Եվրամիություն-Հայաստան գագաթնաժողովը, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նաև պաշտոնական այց կկատարի Հայաստան: Երեքշաբթի երևանյան բանակցություններից հետո Մակրոնն ու Փաշինյանը կմեկնեն Գյումրի, որտեղ հայ-ֆրանսիական բացօթյա մեծ համերգ է նախատեսված:

Մայիսի 5-ից 6-ը կանցկացվի նաև արտգործնախարարության ամենամյա «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սթարմերը, Քարնին, Զելենսկին և մի շարք այլ երկրների առաջնորդներ Հայաստանում ենԻնչ փաստաթուղթ է ընդունվելու ԵՄ-Հայաստան հավաքի ավարտին. «Ազատությունը» ծանոթացել է համատեղ հայտարարությանը