Նախագահ Ռեջեփ Էրդողանի փոխարեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Հայաստան կգա Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Թեև այս ձևաչափով հանդիպումների մեկնարկից՝ 2022-ից ի վեր երկրները դրան մասնակցում են առաջնորդների մակարդակով, Անկարան Երևան կգործուղի 59-ամյա փոխնախագահ Ջևդեթ Յըլմազին: Թե ինչու է Անկարան մերժել նախագահի մակարդակով մասնակցության հրավերը՝ թուրքական աղբյուրները չեն մանրամասնում։
«Հանդիպմանը կքննարկվեն ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման, կապերի ընդլայնման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված ավելի սերտ համագործակցության ուղղված քայլերը: Օրակարգում են նաև տարածաշրջանում վերջին զարգացումները և գլոբալ խնդիրները»,- փոխանցում է թուրքական գործակալությունը:
Յըլմազը կլինի թուրք ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որ այցելում է Հայաստան 2008-ից՝ «ֆուտբոլային դիվանագիտությունից» հետո, երբ Երևան էր եկել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը։ Ամիսներ առաջ, խոսելով տարածաշրջանի մասին, նա կոչ էր արել Երևանին ու Բաքվին «օգտագործել ներկայիս բարենպաստ պայմանները՝ կայուն կարգավորման հասնելու համար»։
«Ղարաբաղն արդեն վերականգնվում է որպես Ադրբեջանի մաս։ Կատարվել են զգալի ներդրումներ և մեծ աշխատանք։ Սա կարևոր է բոլորիս համար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը զգալի կազդի ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ողջ տարածաշրջանի վրա, ինչպես նաև համաշխարհային մակարդակով», - ասել էր նա անցած ապրիլին։
Թեև պաշտոնական Երևանը հրավեր էր ուղարկել նաև Բաքու, Ադրբեջանի մասնակցության մասին պաշտոնապես դեռևս չի հաղորդվել: