Հայաստանն ու Թուրքիան ստորագրել են Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը, հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան գրառմանը կից հրապարակելով նաև տեսանյութ:
Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում այսօր հանդիպել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հետ:
«Մտքերի արդյունավետ փոխանակում ունեցա Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հետ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: Անդրադարձանք Հայաստանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին», - X-ում գրել է Նիկոլ Փաշինյանը:
«Ողջունեցինք Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին արձանագրության ստորագրումը», - նաև փոխանցում է Հայաստանի վարչապետը:
Անիի կամրջի համատեղ վերանորոգման մասին համաձայնություն երկու երկրների միջև ձեռք էր բերվել ավելի քան երեք տարի առաջ, մոտ մեկ տարի անց էլ Հայաստանի արտգործնախարարը հայտնել էր, որ Երևանն ու Անկարան այդ մասով կոնկրետ արձանագրություններ են փոխանակում:
Սա Անկարայի և Երևանի միջև ստորագրված առաջին փաստաթուղթն է 2009-ի հայ-թուրքական արձանագրություններից հետո, որոնք Թուրքիան այդպես էլ չվավերացրեց։
Կարգավորման այս գործընթացը սկսել է 2021-ից՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Երկու երկրները կագավորումն առաջ տանելու համար հատուկ բանագնացներ են նշանակել։ Առայժմ, սակայն, նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու վերաբերյալ, կյանքի չեն կոչվել։